«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2010-05-08 | #85, 2010-05-11 | #86, 2010-05-12


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

200-ամյա հայ պարբերական մամուլի արժանավայել նշումը Կահիրեումՙ 1994-ին

Որպես Կահիրեում (Եգիպտոս) հրատարակվող ՀԲԸՄ-ի «Տեղեկատու» պարբերականի 2009-2010 միացյալ 53-54 թվերի հավելված խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի «Ինչպէ՞ս տօնուեցաւ Հայ պարբերական մամուլի 200-ամեակը Գահիրէի մէջ» 24 էջանոց գրքույկը, որտեղ խիստ հետաքրքրական տեղեկություններ կան ընդհանրապես հայ եւ մասնավորապես սփյուռքահայ մամուլի պատմության համար կարեւոր այդ միջոցառման վերաբերյալ:

  «Ազգ» օրաթերթի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի համարից տեղեկանալով, որ նախորդ օրը հայ անդրանիկ պարբերականիՙ «Ազդարարի» առաջին համարի լույս ընծայման 215-րդ ամյակի առթիվ հատուկ հանդիսություն է տեղի ունեցել Երեւանի պետհամալսարանի Չարենցի անվան դահլիճում, պարոն Թերզյանը գովելի մտահղացում է ունեցել անդրադառնալու հայ պարբերական մամուլի 200-ամյակի առթիվ Կահիրեում 1994-ին կազմակերպված ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին, հաշվի առնելով, որ տեղի հայ մամուլը այդ ժամանակ շատ սեղմ տողերով է ներկայացրել հիշյալ կարեւոր իրադարձությունը:

Միջոցառման նախաձեռնողը եղել է եգիպտահայ մտավորական, ուսուցիչ եւ մատենագետ Տիգրան Գեւորգյանը, ով դեռեւս 1991-ի աշնանը մտահղացել է այդ գաղափարը եւ առաջարկել ՀԲԸՄ-ի տեղական մասնաճյուղին, որ «Հայ ազգային հիմնադրամի» («Արեւ» օրաթերթ) եւ «Յուսաբեր մշակութային ընկերակցության» («Յուսաբեր» օրաթերթ) միասնական ջանքերով կազմակերպվի սույն ձեռնարկը: Հետագայում այդ մարմիններին միացել են նաեւ «Հայկական ընթերցասրահը» («Ջահակիր» շաբաթաթերթ) եւ «Հայ մշակույթի բարեկամների մարմինը», որ համայնքի բոլոր հատվածները ներկայացնող կազմակերպություն է: Ձեռնարկի պատասխանատու անդամներ են նշանակվել դոկտ. Սուրեն Պայրամյանը (որ հեղինակն է «Հայ մամուլը Եգիպտոսի մէջ» 2005 թվի արժեքավոր աշխատության) եւ Տիգրան Գեւորգյանը: Կազմակերպիչ հանձնախմբի մյուս անդամներն են եղել Օննիկ Կարիպյանը, Պերճ Թերզյանը, Մարտիկ Պալայանը եւ Արաքսի Տյովլեթյանը:

Ցուցահանդեսի առթիվ պատրաստվել է աշխարհի հսկայական քարտեզը, որի վրա նշվել են այն բոլոր քաղաքները, որտեղ հայերեն թերթեր են լույս տեսել: Պայրամյանի պատրաստած քարտեզից պարզվել է, որ աշխարհի 264 քաղաքներում հայերեն թերթ է հրատարակվել (անկախ այն քանակից, թե յուրաքանչյուր քաղաքում քանի թերթ է լույս տեսել), ընդ որում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներումՙ 59 քաղաք, Եվրոպայումՙ 61 քաղաք, Աֆրիկայումՙ 4 քաղաք, ԱՊՀ-ումՙ 72 քաղաք, Ասիայումՙ 66 քաղաք եւ Օվկիանիայի տարածքումՙ 2 քաղաք:

Հաշվի առնելով, որ 1992-ի մարտին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատվել, ցուցահանդեսը նեղ ազգային ծիրից դուրս բերելու եւ հայ մամուլի պատմությունը օտար լայն շրջանակներին եւս ներկայացնելոեւ մտահոգությամբ, որոշվել է բացման արարողությանը հրավիրել այդ ժամանակ Եգիպտոսում ՀՀ նորանշանակ դեսպան Էդվարդ Նալբանդյանին: Ապա նկատի առնելով, որ «Ազդարարի» անդրանիկ համարը 1794-ին լույս էր տեսել Մադրասում, պատշաճ է համարվել նաեւ հրավիրել Եգիպտոսում Հնդկաստանի դեսպան տիկին Արունդհադի Կոշին:

Ցուցահանդեսը տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 3-ին Եգիպտոսի մշակույթի նախարարության հովանու ներքո գործող «Էլ Հանագեր» արվեստի կենտրոնում (Գեզիրեում գտնվող օպերայի տարածքում, տնօրենուհի դոկտ. պրոֆ. Հոդա Ուասֆի): Ըստ ՀՀ դեսպանության տեղեկությունների եւ ցուցահանդեսի ոսկեմատյանում գրանցված արձանագրություններիՙ այցելուների թվում են եղել Ռուսաստանի, Շվեյցարիայի, Դանիայի, Ղազախստանի, Հունգարիայի, Խորվաթիայի, Հարավսլավիայի, Անգոլայի, Վիետնամի, Մալիի եւ Եթովպիայի դեսպանները, Ուկրաինայի, Հարավային Աֆրիկայի եւ Բուլղարիայի հավատարմատարները, Սիրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շրի Լանկայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի եւ Ինդոնեզիայի դեսպանների ներկայացուցիչները, Եգիպտոսի արտգործնախարարության եւ այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ օտարերկրյա լրատվական գործակալությունների թղթակիցներ:

«Ցուցահանդեսը կարելի է գնահատել որպէս նպատակին հասած ձեռնարկ մը... Եգիպտահայ գաղութին նման փոքրաթիւ գաղութ մը կրցաւ սփիւռքի շատ մը ստուարաթիւ գաղութներուն օրինակ հանդիսանալ, հաւաքական ուժերով իրագործելով նման բարձրորակ... ցուցահանդէս մը, ուրՙ շնորհիւ ՀՀ-ի Եգիպտոսի դեսպանատան զօրավիգին... կարելի կը դառնար հայ մշակոյթի կենսունակ եւ մշտադալար մէկ բնագաւառը պատուաբեր կերպով ծանօթացնել օտարներուն», գրում է Պերճ Թերզյանը գրքույքի վերջում:

Իրոք գովելի աշխատանք են կատարել եգիպտահայ գաղութի մեր հայրենակիցներըՙ նախաձեռնելով եւ իրականացնելով նման մի ձեռնարկ: Եվ շնորհակալություն Պերճ Թերզյանին, որ հետաքրքրական մանրամասներով պատմության համար գրել է այդ մասին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4