«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2010-05-11 | #86, 2010-05-12 | #87, 2010-05-13


ՊԵ՞ՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ «ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքական «Թուդեյ,զ Զաման» օրաթերթի մայիսի 2-ի համարում վերոնշյալ խորագրի ներքո ծավալուն հոդված է ստորագրել զինվորական ատյանի նախկին դատավոր, այժմ թոշակառու, դոկտ. Ումիտ Քարդաշը : Հոդվածը բաժանված է հինգ մասի: Առաջինում հեղինակը ներկայացնում է «Ցեղասպանություն» բառեզրը որպես «ոճրագործությունների ոճրագործությունը» եւ տալիս է լեհական հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի ՙ բառեզրը հորինելու հանգամանքները, նշելով, որ Մ. Նահանգներ փախչելուց հետո (Լեհաստանի 1939 թվի նվաճումից հետո) նա նշանակվել է խորհրդական նյուրնբերգյան դատավարության ժամանակ եւ այդ ժամանակ էլ իմացել համակենտրոնացման ճամբարներում իր ծնողների մահվան մասին: Լեմկինը մահացել է 1959 թվականին 59 տարեկանում, եւ նրա գերեզմանի վրա մարդիկ դրոշմել են «Ցեղասպանության կոնվենցիայի հայրը» մակագրությունը:

Հոդվածի երկրորդ մասը վերնագրված է «1843-1908-ի ժամանակաշրջան», որտեղ նկարագրվում է նախ Բեդիրհան Բեյի ղեկավարությամբ Աշիտայի (Հոլուդ, Հաքքարի սանջաքին կցված) ժողովուրդներին (մեծ մասամբ հայեր եւ նեստորականներ) բնաջնջելու, ապազինելու եւ Զաբ գետում խեղդամահ անելու գործողությունները 19-րդ դարի 80-ականների կեսերին, իսկ այնուհետեւ համիդիեների գոյառումը սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի օրոք եւ նրանց հրահանգված վայրագությունները «անհավատների» նկատմամբ:

«1908-1914-ի ժամանակաշրջան» խորագրով երրորդ բաժնում հեղինակը խոսում է երիտթուրքերի հայտարարած «հավասարություն, ազատություն եւ եղբայրություն» կարգախոսներին արեւմտյան երկրների եւ նաեւ տեղացի հայերի ընձեռած հավատի ու պաշտպանության մասին: Ավելանում են մարդասիրական օժանդակությունները, դպրոցներ են բացվում, սակայն 1909-ի ապրիլի 14-ին Ադանայում ծայր է առնում կոտորածների նոր ալիքը: Ապա երեք տարվա հարաբերական անդորրից եւ Բալկանյան առաջին պատերազմում պարտվելուց հետո թուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը տապալում է կառավարությանը (Բաբ-ի-Ալիի շուրջկալումը) եւ սկսում իրականացնել ազգաբնակչությունը միատարր դարձնելու ծրագիրը: Դրան օժանդակում են բանտերից ազատ արձակված գողավազակներից Թալեաթ փաշայի կազմած «Թեշքիլաթ-ի-մահ-սուսա»ՙ հատուկ ջոկատները, որոնք դրվում են 3-րդ բանակի տրամադրության տակ:

Չորրորդՙ «1915-16 թվերի բռնի տեղահանությունները» մասում անդրադարձ կա պանիսլամական քաղաքականությանը գերմանական պաշտպանություն ցուցաբերելու աղետալի հետեւանքների մասին:

«Տեղահանությունը վերաբնակեցում չէր կարող համարվել, որովհետեւ վերջնակետը ապրելու պիտանի վայր չէր, եւ շատ քչերն էին տեղ հասնում: Շատերին տեղնուտեղն էին սպանում կամ էլ ճանապարհին, որն ստիպում էին նրանց անցնել ոտքով», գրում է Քարդաշը: Նա նաեւ մեջ է բերում բրիտանացի սոցիոլոգ Դեյվիդ Գաունտի խոսքերը, որ բռնի տեղահանության նպատակը որոշակի էթնիկական բնակչությանը որոշակի էթնիկական տեղանքից դուրս բերելն էր:

«Հայերի բարձր մշակույթն ու քաղաքակրթվածությունն էլ ավելի ընդգծեցին նրանց դեմ իրագործված վայրագությունների աստիճանը աշխարհի ժողովուրդների աչքերին: Թալեաթ փաշան հանգեց սխալ եզրակացությանՙ նշելով, «Հայկական հարց այլեւս գոյություն չունի», այս բառերով է չորրորդ մասը ավարտում հեղինակը եւ անցնում «Եզրակացություններ եւ առաջարկություններ» վերջինՙ հինգերորդ մասին, որը թարգմանաբար ներկայացնում եմ ամբողջությամբ»:

«Վերոնշյալ հաշվետվությունը չի կարող պատշաճ կերպով ներկայացնել, թե ինչ կատարվեց իրականում: Վայրագություններն ու կոտորածները ոչ միայն կանոնավորապես լուսաբանվել են եվրոպական եւ ամերիկյան թերթերում, այլեւ վկայակոչվել Բրիտանիայի, Ամերիկայի, նույնիսկ Գերմանիայի եւ Ավստրիայի (որոնք Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին) եւ օսմանյան զինվորական ատյանների պաշտոնական (դիվան-ի-հարբի) արձանագրություններում, փաստաթղթերում, ինչպես նաեւ դիվանագետների եւ միսիոներների նկարագրություններում:

Ոչ մի արդարացում, ոչ իսկ այն փաստը, որ որոշ հայկական խմբավորումներ ըմբոստացել եւ համագործակցել են օտար երկրների հետ, չի կարելի գտնել մարդկային այս ողբերգության համար: Կատարվածը նույնիսկ Ցեղասպանությանն առնչելն է մոլորեցնող, քանի որ այդ բառը սոսկ իրավական եւ տեխնիկական եզր է, իսկ նման եզրերը չեն կարող ընդգրկել այն, ինչ աննկարագրելի է: Վայրագրություններն ու կոտորածներն անհամատեղելի են մարդկային արժեքների հետ:

Որեւէ վարչակարգ, որ հիմնվում է իրականությունը թաքցնելու եւ ժխտելու սկզբունքների վրա, տվյալ պետությունն ու հասարակությունը դարձնում է հիվանդագին եւ անկումային: Թուրքիայի քաղաքագետները, մտավորականները (ակադեմիական աշխատողները), պատմաբանները, լրագրողներն ու կրոնավորները պարտավոր են հասարակությանը դեմ առ դեմ կանգնեցնել ճշմարտությանը: Մենք պատիվ ու հարգանք չենք կարող ձեռք բերել պաշտպանելով մեր նախնիներին, ովքեր պատասխանատու էին այս ողբերգությունների համար: Մարդկային եւ էթնիկական առումով սխալ է պաշտպանել գործողությունները Աբդուլ Համիդ Բ-ի, «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի գլխավոր անդամների եւ նրանց հետ համագործակցող խմբավորումների, հրոսակախմբերի եւ ավազակների: Թուրքիան պետք է աշխարհին հայտարարի, որ ընդունում է նշված վայրագություններն ու կոտորածները եւ այդ առնչությամբ ճշմարտության, արդարության եւ մարդկայնության բարձրագույն արժեքներին հավատարիմ մնալով դատապարտի մտածելակերպն ու գործողությունները բոլոր նրանց, ովքեր անցյալում գործել են այդ արարքները:

Դրանից հետո Թուրքիան պետք է հրավիրի Սփյուռքում ապրող բոլոր հայերին, դառնալու Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ: Նրանց վերադարձը դեպի իրենց աշխարհագրական վայրը, որտեղ նախքան բռնի տեղահանվելը եւ իրենց ունեցվածքն ու հիշողությունները թողնելը նրանց նախնիները ապրել են հազարավոր տարիներ, գուցե ծառայի մեղմելու նրանց վիշտը, որն այժմ բարկության է վերածվել: Հայաստանի հետ ընդհանուր սահմանը պետք է բացվի առանց որեւէ նախապայմանի:

Սա է այն, ինչ մեզ թելադրում է անել մեր խիղճը, մարդկայնությունը եւ առողջ դատողությունը: Հայերի վիշտը թեթեւացնելով եւ ձերբազատվելով իր բարդույթներից, երկյուղներից եւ մտահոգություններիցՙ Թուրքիան կդառնա ազատ ու անկախ»:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4