«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2010-06-08 | #105, 2010-06-09 | #106, 2010-06-10


ՌԵՍՏՈՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ ԿՐԿԻՆ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Խոսրովի անտառ» պետական արգելավայրում կրկին մեկնարկել են ռեստորանաշինությունն ու ծառահատումները: Տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց եւ ոչ արգելավայր: Բառերը գուցե ընթերցողի համար որեւէ նշանակություն չունենան, սակայն իրավաբանական առումով արգելավայրի պարագայում թուլատրվում է կատարել կառուցապատում: Որպեսզի հնարավոր լինի Երեւանից, Ծաղկաձորից, Դիլիջանից հետո բետոնապատել «Խոսրովի անտառ» արգելոցը, անհրաժեշտ էր ազատվել խանգարող հանգամանքներից:

2007 թ. մայիսին կառավարությունը որոշում կայացրեց արգելոցի տարածքում ստեղծել «Գիլան» արգելավայրը (118 հա): Երեք ամիս անց կառավարությունը հաստատեց արգելավայրի պահպանության կանոնադրությունը, ըստ որի թույլատրվում էր զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը: Երկու ամիս անց էլ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարեցին լրացում, որով «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել վարձակալության: Շատ չանցած «Գիլան» արգելավայրի տարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքը տրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որը գրանցվել էր 2007 թ. սեպտեմբերին: ՍՊԸ-ի ընտրությունը պատահական չէր: Ընկերության հիմնադիրներն են Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզռուկովը: Խաչատրյանը բնակվում է Մոսկվայում եւ, ըստ «Հետք» թերթի, սերտ հարաբերություններ ունի Հայաստանի կառավարական շրջանակների հետ: Խաչատրյանի որդու քավորն էլ, դարձյալ նույն թերթի տվյալներով, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որն այն ժամանակ, որպես փոխվարչապետ, վերոշյալ որոշումների տակ դրել էր իր ստորագրությունը:

Որոշ ժամանակ անց արգելավայրում սկսվեցին կառուցապատման աշխատանքներն ու մեծ ծավալով շինարարություն, սակայն բարձրացած աղմուկի հետեւանքով շինարարությունը երկար ժամանակով դադարեցվել էր:

«Ահազանգ ստացա, որ «Գիլանի» արգելավայրում կրկին ծառահատումներ են եղել, եւ լայն թափով շինարարություն է ընթանում: Գնացինք եւ տեսանք, որ երկհարկանի ռեստորանատիպ շինարարություն են կառուցում, հիմք են գցել լիճ կառուցելու համար, որտեղ պետք է իշխան ձուկ բազմացնեն», «Ազգի» զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը :

«Գիլանի» արգելավայրում` Բայբորդ գյուղում գտնվող 5-րդ դարի բազիլիկ ոճով կիսավեր եկեղեցուց հարյուր մետր հեռավորության վրա էլ մտադրվել են կառուցել մատաղի համար նախատեսված շինություն:

«Որոշ ժամանակ առաջ նկարահանել էինք, որ արգելոցում որս է իրականացվել, այժմ նրանք խանգարող հանգամանք չեն ունենա, ու պետք չէ զարմանալ, եթե նորակառույց ռեստորանի ճաշացանկում 5 զրոյով վերջացող կլորիկ գումարով պատվիրեն արջի խորոված: Գիլանի ագելավայրը գտնվում է Խոսրովի անտառի սրտում: Այնտեղ եղել է ծառահատում, ականատեսներն ասում են, որ կտրել են առատ բերք տվող հսկայական ընկուզենին, եւ այս ամենն անելու համար նրանց ձեռքը ոչ ոք չի բռնում», նկատեց Սուխուդյանը:

Պարզվեց, որ բնապահպանության նախարարությունում խնդրին տեղյակ չէին: «Ձեր ահազանգից հետո նախարարի հրամանով աշխատակիցները կգնան «Խոսրովի անտառ»ՙ տեղում խնդրին ծանոթանալու համար», ասացին նախարարության լրատվության բաժնից:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղից էլ մի երիտասարդ ինքնավստահ տոնով ասաց, որ խնդրին տեղյակ չեն, ընդհանրապես չգիտեին, որ այդտեղ սրճարան է կառուցվում: Զարմանալին այն է, որ խոշոր գրանտներ ստացող կազմակերպության աշխատակիցը չգիտեր, որ «Գիլանի» արգելավայրը գտնվում էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Եթե նման կազմակերպության ներկայացուցիչների մակարդակն այդպիսին է, զարմանալի չէ, որ երկիրը բետոնապատվում է: Ցավալին այն է, որ խնդիրները միշտ նույն մարդիկ են բարձրաձայնում: Իհարկե, հաճելի է, որ երկրում վերջապես տեսանելի են քաղաքացիական հասարակության սաղմերը, սակայն ցավալի է, որ նրանք այդքան քիչ են ու օգնող չունեն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4