«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2010-06-09 | #106, 2010-06-10 | #107, 2010-06-11


ԼՈՆԴՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ըստ Ռաջիփ Զարաքոլուիՙ խմբագրությանս հասցեագրած հաղորդագրության, հունիսի 8-ին Վեստմինստերիՙ բրիտանական խորհրդարանի «Գրիմոնդ դահլիճում» տեղի է ունեցել «Վերանայելով Թուրքիայի նկատմամբ մեր քաղաքականությունը» թեմայի քննարկում, որին մասնակցել են Սաիտ Ջեւեթօղլուն (ցեղասպանագետ Թուրքիայից, որը կազմակերպել էր Անկարայում ապրիլքսանչորսյան կոնֆերանսը), Դեզմոնդ Ֆերնանդեսը (ցեղասպանության, հոգեբանական պատերազմների եւ խորքային քաղաքականության վերաբերյալ գործերի հեղինակ) եւ Էյլիան Ուիլյամսը: Ջեւեթօղլուն խոսել է «ժխտողականության ակունքները» թեմայով: Ֆերնանդեսը անդրադարձել է «Մեր օրերում մարդու իրավունքների խախտումները եւ դատավարությունները Թուրքիայում» նյութին, իսկ Ուիլյամսը քննարկել է «Արեւմտյան Հայաստանը վերակառուցելու թուրքական նոր քաղաքականության հնարավորությունները» թեզը:

Ընդհանուր առմամբ քննարկումը անցել է «Ժխտողականության մեր քաղաքականությունը արդյոք նպաստե՞լ է մարդու իրավունքների առավել ոտնահարմանը» ենթավերնագրի շրջանակներում: Միջոցառմանը, որի հովանավորն էր Լանելլիից (Ուելս) պատգամավոր Նիա Գրիֆիթը, կայացել է նաեւ Դեզմոնդ Ֆերնանդեսի Ստոկհոլմում հրատարակված «Արդիականացումը եւ քրդերի ու «այլոց» ցեղասպանությունը Թուրքիայում: 1915-ին նախորդած եւ հետեւած պատմական ժամանակաշրջանը» գրքի շնորհանդեսը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4