«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2010-06-11 | #108, 2010-06-12 | #109, 2010-06-15


ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ

«Լոնգ Այլենդում (Նյու Յորք) ծնված եւ մեծացած Քրիս Գասպարյանը ինժեներ-մեխանիկի մասնագիտություն ստանալիս Փենսիլվանիայի Լիհայ համալսարանում հաճախել է նաեւ նկարչության դասընթացների, որոնք շրջադարձային են դարձել երիտասարդի համար», գրում է Թալին Բաբայանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում: Բայց նա Հայաստան պետք է այցելեր, որպեսզի լիուլի հասկանար, թե արվեստի նկատմամբ ինչպիսի կրքոտությամբ է համակված հոգին:

«Այդպիսի զգացում երբեք չէի ունեցել: Հրաշագործ ուսուցիչսՙ Սամվել Բաղդասարյանը կարողացավ նախասիրություններս երեւան հանել: Զարմացած էի իմ հաջողություններով», նշել է Քրիսը հոդվածագրին խոստովանելով, որ հայ լինելու զգացումը միշտ «խոսում» էր իր մեջ, չնայած հայերենով չէր կարողանում արտահայտել իր մտքերը:

2008-ի ապրիլին իր կարիերայում ինչ-որ պակասող մի օղակ լրացնելու մտադրությամբ նա չորս ամիս բացակայելու թույլտվություն է վերցնում աշխատավայրից եւ գալիս Հայաստանՙ կամավորական աշխատանքներ կատարելու: Գալիս է եւ չորս ամսվա փոխարեն մնում Հայաստանում մոտ մեկ տարի: Լողավազաններ կառուցող «Սքուաթիքս Արմենիա» ընկերությանը օգնելու կամավորական աշխատանքներին զուգահեռ սկսում է հաճախել Հայաստանի բաց համալսարան եւ գեղագիտության ազգային կենտրոնի գեղարվեստի բաժինը, որտեղ էլ հանդիպում է ստուդիա-քոլեջի տնօրեն Սամվել Բաղդասարյանին: Անմիջական փոխըմբռնումը ակնթարթային է լինումՙ հակառակ լեզվական խոչընդոտներին. Սամվելը լավ անգլերեն չէր խոսում, իսկ Քրիսըՙ հայերեն:

Ուսուցչի հսկողության տակ Քրիսը զբաղվում է քանդակագործությամբ եւ բոլորովին նոր աշխարհ բացում իր առջեւ: Արդեն չորրորդՙ «Համարյա ազատ» խորագրով քանդակով նա կարողացավ մետաղալարերով պատրաստված մարդուն դուրս բերել ամբողջովին զոդված շրջափակումից: Շարունակելով մարդու ազատագրական մղումների թեման, նա հետագայում պատրաստեց «Ճեղքել-անցնել» խորագրով քանդակը, որտեղ խճճված մետաղալարերի միջից դուրս գալ է փորձում տղամարդը: Այս մեկը անցյալ տարի Նյու Յորքում ցուցադրվել է Հայ ուսանողների ասոցիացիայի արվեստագետների տարեկան ցուցահանդեսի ժամանակ:

Մ. Նահանգներ վերադառնալուց հետո նա աշխատանքի է անցել որպես Նյու Յորքի քաղաքաշինության ծրագրի մենեջեր, բայց շարունակում է քանդակներ պատրաստել, համայնքային աշխատանքներին աջակցել եւ խմբական ցուցահանդեսների մասնակցել: Դրանցից վերջինը ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Ռոդ Այլենդում կազմակերպված էր, որին իրենց ավելի քան 100 աշխատանքներով մասնակցեցին 47 երիտասարդ արվեստագետներ: Դրանից առաջ նա մասնակցել էր նաեւ արվեստագետների «Հանուն Գազայի վերակերտմանը» խորագրով համերաշխության շարժմանը:

Նա երազում է վերադառնալ Հայաստան. «Այնտեղ ես ոչ միայն նոր աշխարհ, այլեւ նոր ինքնություն բացահայտեցի», ասում է նա:

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4