«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԱՀՈԴ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

Դեռ Խորհրդային Միության գոյության օրերից, սկսած 1960-ական թվականներից, Հայաստանի հարեւան երկրի մայրաքաղաք Բաքվում ենթադրյալ «ակադեմիական» հրատարակություններ լույս տեսան, որոնցում աղավաղվում էր ոչ միայն մեր, այլեւ ամբողջ տարածաշրջանի պատմությունը: Վերջին տարիներին այդ ստահոդ քարոզչությունը առավել մեծ թափ է ստացել, եւ հայկական կողմի անարձագանք թողնելը հնարավորություն է ընձեռում, որ դրանք շարունակվեն: Նման իրավիճակը հուշել է Ռուբեն Գալչյանին Լոնդոնում հրատարակել «Հորինված պատմություն: Ադրբեջան եւ Հայաստան: Կեղծիքներ եւ փաստեր» գրքի համացանցային տարբերակը, որտեղ հեղինակը փաստական աղբյուրների հիման վրա բացահայտում է ադրբեջանական ստերն այն մասին, թե հայերը ոչ թե բնիկ, այլ եկվորներ են տարածաշրջանում:

«Այն, ինչ մենք ունենք այսօր, «բաժանիր, որ տիրես» կոմունիստական քաղաքականության հետեւանքն է», գտնում է հեղինակը: «Խորհրդային Միության սկզբնական 12 հանրապետություններից միայն Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան ունեին հնագույն պատմություն», գրում է նա, ավելացնելով, որ Ադրբեջանը հնարովի երկիր է, որի անունն անգամ փոխառնված է հարեւան Իրանում գտնվող նույնանուն նահանգից: «Թյուրք-թաթարական ազգությամբ բնակեցված Կասպից ծովի արեւմտյան տարածքը պետք է կոչվեր «արեւելյան» եւ «հարավային» Անդրկովկաս», շարունակում է Գալչյանը, «բայց մուսաֆաթականները որոշեցին Ադրբեջան անվանել երկիրը»: Պարսկաստանի կառավարությունն ու Իրանի ադրբեջանցիները բողոքեցին, բայց իզուր: Նման բան վերջին տարիներին տեղի ունեցավ նաեւ նորաստեղծ Մակեդոնիայի հետ, որին, ի պատասխան Հունաստանի բողոքների, հետագայում ավելացրին «Ն(ախկին) Հ(արավսլավիա) Հ(անրապետություն) (FYR) սկզբնատառերը, որոնք սակայն ներկայումս հազվադեպ են օգտագործվում»:

Ներկա տարածքային վեճերը կոմունիստների հնարած խաղերի հետեւանք են, երբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը նրանք հանձնեցին Ադրբեջանին: Նման եզրակացությունը հեղինակը ապացուցում է բազմաթիվ պատմական փաստերով, քարտեզներով եւ պայմանագրերով:

Գրքի հրատարակման գաղափարը ծագել է վերջին շրջանում «Ալիեւ հիմնադրամի» հովանավորությամբ լույս տեսած ստահոդ գրքերի քանակի ավելացման պատճառով: «Այդ հիմնադրամը միլիոններ է ծախսում հակահայ քարոզչություն ծավալելու նպատակով եւ գունազարդ, բարձրորակ հրատարակությունները երբեմն ձրի բաժանում է աշխարհի համալսարաններին, գրադարաններին եւ քաղաքական հաստատություններին», գրում է Գալչյանը, ավելացնելով, որ ադրբեջանցիները նաեւ դասախոսություններով հանդես են գալիս տարբեր երկրների հասարակությունների առջեւ եւ տարածում իրենց տեսակետները: Նման օրինակ է բերում նաՙ նշելով, որ հունիսի 4-ին Հյուսիսային Կալիֆոռնիայի Ադրբեջանական մշակութային ընկերության նախաձեռնությամբ գիտաժողով է անցկացվել «Բաքուն որպես 20-րդ դարի կարեւորագույն կենտրոն: Նավթ, միգրացիա, բազմազանությունը եւ էթնիկականությունը Հարավային Կովկասում 1900-ականների սկզբում» թեմայով, որին հրավիրվել է բանախոսելու Ֆուլբրայթի կրթաթոշակին արժանացած, Վիսկոնսկին-Մեդիսոն եւ Կալիֆոռնիա-Դեյվիս համալսարանների պատվավոր գիտաժողով, Շուշիում ծնված դոկտ. Փարվին Ահանչին, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության եւ հնաբանության ինստիտուտից:

Գալչյանի կարծիքովՙ հայկական կողմն ավելի ակտիվ գործունեություն պարտավոր է ծավալել ինչպես գրքերի հրատարակման, այնպես էլ դասախոսությունների կազմակերպման ձեւով, ադրբեջանական քարոզչությունների առաջն առնելու համար, որոնք «կաթիլ առ կաթիլ ծակում են ժայռը»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4