«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2010-06-29 | #120, 2010-06-30 | #121, 2010-07-01


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված դատապարտելի միջադեպի կապակցությամբ մամուլում վերջին օրերին հաճախակի է դարձել ճշգրիտ հասցեատերերին ուղղված ճշգրիտ բառերի պահանջը: Ճիշտ է, անգլիական «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի թղթակից, նշանավոր լրագրող Ռոբերտ Ֆիսքի հունիսի 21-ի հոդվածը դրան չէ, որ արձագանքում է, բայց ընդհանուր առմամբ խոսում է դիվանագիտական ասպարեզում լուրջ մտահոգություն առաջացնող բառերի «ընտրության» կամ, ավելի ճիշտ, բառերի «թելադրվածության» մասին:


Իր հոդվածում Ֆիսքը գտնում է, որ լրագրողները, հատկապես սկսնակ կամ պատմությանն անտեղյակ լրագրողները քաղաքական առաջնորդների «գերին» են դարձել:

«Իշխանություն եւ զանգվածային լրատվություն» ասվածը քաղաքական ղեկավարների եւ լրագրողների միջեւ գոյություն ունեցող սովորական հարաբերությունների խնդիր չէ, այլ արեւմտյան չափանիշներովՙ բառերի ընտրության, լեզվաբանական, իմաստաբանական խնդիր է: Որոշակի բառեզրեր օգտագործելու եւ լրագրողների միջոցով պատմությունը աղավաղելու խնդիր է», գրում է նա: «Այդ պատճառով էլ շատ հաճախ լրագրողների գրած նախադասությունները շատ նման են առաջնորդների, ղեկավարների արտահայտություններին, թերթերի խմբագրականներն էլՙ քաղաքական ելույթների»:

«Լրագրությունը վերածվել է լեզվաբանական ռազմադաշտի», ավելացնում է Ֆիսքը եւ տեսակետ հայտնում, որ «խժդժություններ», «խառնաշփոթ իրավիճակ», «բռնությունների սրում», «գաղութաբնակներ» եւ նման բառեր օգտագործելով լրագրողները «վտանգավոր խաղ են խաղում»:

Առաջին հերթին նա «ահաբեկչություն» բառն է օրինակ բերում: Ամենուրեք հնչում են (հատկապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Իրաքի, Աֆղանստանի եւ Իրանի վերաբերյալ հաղորդումներում եւ տեղեկատվություններում) «իսլամական ահաբեկչություն», «Համասի» ահաբեկչություն», «Հզբոլլահի» ահաբեկչություն», «պաղեստինյան ահաբեկչություն», «իրանական ահաբեկչություն», «թալիբների ահաբեկչություն», «ջիհադի ահաբեկչություն» եւ այլն, եւ այլն: «Թվում է, թե այդ բառին սիրահարված ենք, կամ այդ բառը մեզ գայթակղել է, հարձակվել մեզ վրա, պարտադրել իրեն: Դա «պրայմ-թայմի» ամենափնտրված «երգն» է դարձել, հեռուստատեսային «սիմֆոնիաների» նախերգանքը, թերթերի հոդվածների գլխավոր վերնագիրը», գրում է Ֆիսքը:

Եվ դա գալիս է, թելադրվում է վերեւից, Սպիտակ տանից եւ արեւմտյան մյուս հզոր պետություններից: Դա նրանց բառապաշարն է:

«Ահա արդեն երկու տասնամյակից ավելի Մ. Նահանգների, Մեծ Բրիտանիայի, նաեւ Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդները «խաղաղության գործընթաց» բառեզրն են օգտագործումՙ բնորոշելու համար անհույս, անհամապատասխան եւ անպատվաբեր պայմանագիրը, որով Մ. Նահանգներին եւ Իսրայելին հանձնվեց տնօրինությունը այն մի կտոր հողատարածքի, որը տրվելու է իր իսկական տիրոջըՙ պաղեստինցիներին»: Սպիտակ տունն էր, որ Օսլոյում կնքեց այդ անհեթեթ եւ կասկածելի պայմանագիրը, թույլ տալով, որ բանակցությունները սահմանների, փախստականների եւ այլ հարցերով այնքան ձգձգվեն, որ այլեւս հնարավոր չլինի բանակցել դրանց շուրջը», գրում է նա եւ հիշեցնում Սպիտակ տան առաջ նախագահ Քլինթոնի մեջբերումը Ղուրանից եւ Արաֆաթի արտասանած երիցս «շնորհակալ եմ, պարոն նախագահ» բառերը: «Այդ ամենը մենք այն ժամանակ անվանեցինք «պատմական պահ», գրում է նա եւ անմիջապես հարց տալիս. «Այդպե՞ս էր իրականում»: «Արաֆաթն այդ պահն անվանեց «քաջերի խաղաղություն», բայց մեզանից ոչ ոք չհիշատակեց, որ այդ բառեզրը առաջինը զորավար դը Գոլն էր օգտագործել Ալժիրյան պատերազմի ավարտին: Այդ ժամանակ Ֆրանսիան կորցրեց պատերազմը: Նույնը կատարվում է այժմ «հոգով ու սրտով» արտահայտության հետ, որ մենք հաճախ օգտագործում ենք Աֆղանստանում պատերազմը շահելու արշավի առնչությամբ, մոռանալով, որ այդ նույն արտահայտությունը օգտագործել էինք տասնամյակներ առաջՙ Վիետնամի պատերազմի օրերին, որը մենք, այսինքնՙ Արեւմուտքը, վերջին հաշվով կորցրեցինք: Նույն բառի օգտագործումը արդյոք չի՞ նշանակում, որ մենք Աֆղանստանում էլ ենք տանուլ տալու», հարց է տալիս Ֆիսքը:

«Խաղաղության գործընթացը» նա նմանեցնում է գծից դուրս եկած գնացքի, որն ամեն անգամ փորձում են դարձյալ գծի վրա դնել: Բայց տեսնելով, որ դա միշտ ձախողվում է, «քաղաքական գործիչների քառյակը Թոնի Բլերի առաջնորդությամբ հնարեց «ճանապարհային քարտեզ» բառեզրը», գրում է Ֆիսքը եւ ակնարկում, որ դա էլ չի գործում ըստ երեւույթին, որովհետեւ «ականատես ենք լինում նախկին «խաղաղության գործընթաց» արտահայտության օգտագործմանը մեր մամուլի էջերում»:

Ըստ Ֆիսքի, քաղաքական առաջնորդների եւ լրագրողների միջեւ հակամարտություններ չեն լինում սովորաբար, որովհետեւ վերջիններս (կամ նրանց միջիցՙ խելոքները) չեն ցանկանում կորցնել իրենց աշխատանքը:

«Լրագրողները միշտ «ընդօրինակում են» քաղաքական գործիչների բառապաշարը: «Զավթելը» դառնում է «վիճահարույց», «անջատողական պատը»ՙ «անվտանգության արգելագիծ», արաբական տարածքների «գաղութացման» գործողություններըՙ «հարեւան բնակավայրեր» եւ այլն:

«Նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը չէ՞ր, որ գրավյալ Պաղեստինը «վիճելի տարածք» անվանեց», հիշեցնում է Ֆիսքը եւ շարունակում, գրելով, որ դրանից հետո էլ առաջ եկավ այսպես կոչված «մրցակցող (այսինքնՙ հավասարազոր) պատմություններ կամ վարկածներ» արտահայտությունը, որը շատ հարմար էր արեւմտյան տերությունների համար, որոնք չէին ցանկանում խորանալ արդարություն-անարդարություն հասկացությունների, ճնշող-ճնշվող ժողովուրդների պատմական ճշմարտությունների մեջ: Ֆիսքը դա նմանեցնում է ֆուտբոլի խաղի, որտեղ երկու կողմերը մրցում են միմյանց հետՙ հասնելու հաղթանակի (բայց ոչ անպայման արդարության), եւ հիշում անցյալ ապրիլին Տորոնտոյում (Կանադա) Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված իր դասախոսությունը:

«Ելույթիցս առաջ CTV կանադական հեռուստաընկերությունը, որը նաեւ Տորոնտոյի «Գլոբ» եւ «Մեյլ» թերթերն է տնօրինում, հարցազրույց էր կազմակերպել ինձ հետ: Հենց սկզբից զգացի, որ հարցազրույցը վարող լրագրողուհին անհանգիստ էր: Կանադայում գոյություն ունի ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հզոր համայնք, եւ «Գլոբն» ու «Մեյլը» անընդհատ «խիստ վիճելի» արտահայտությունն են կպցնում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության մասին գրելիս: Լրագրուհին դրանց անդրադառնալիս օգտագործեց «մահացու կոտորածներ» (deadly massacres) արտահայտությունը: Նկատեցի, որ ստուդիայի պատերին փակցված սպանված հայերի սարսափելի լուսանկարների առկայության պայմաններում միայն «կոտորածներ» բառը նրան չէր բավարարել, եւ նա տեղնուտեղը «մահացու» ածականն էր ավելացրել, փորձելով դուրս գալ շփոթ իրավիճակից: Բայց ընկել էր անհեթեթ նույնաբանության գիրկը, որովհետեւ եթե ջարդերն ու կոտորածները կարող են լինել «մահացու», ուրեմն դրանք կարող են լինել նաեւ «ոչ մահացու», այսինքնՙ այնպիսին, որոնցից մարդիկՙ տվյալ դեպքում զոհերը, կարող են կենդանի մնալ եւ հանգիստ հեռանալ դեպքի վայրից», գրում է Ֆիսքը եւ ավելացնում, որ նման անհեթեթությունների մենք ականատես ենք լինում ամեն օր:

Որպես օրինակ, այս անգամ նա նշում է «օտար մարտնչողներ» արտահայտությունը, որ արեւմտյան մամուլում հաճախ օգտագործում ենՙ նկատի ունենալով, անշուշտ, թալիբներին իբր օգնության հասած արաբ ամենատարբեր խմբավորումներին:

«Բարձրաստիճան գեներալները նրանց այդպես անվանեցին, եւ լրագրողներն էլ անմիջապես կրկնեցին, առանց մտածելու, որ «օտար մարտնչող» նշանակում է «ներխուժող», «զավթող», իսկ փաստն այն է, որ 150 հազարի հասնող «օտար մարտնչողները» Աֆղանստանում կրում են ամերիկյան, բրիտանական եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների համազգեստները: Որեւէ մեկը երբեւէ գրե՞լ է, թե իրականում մենք ենք այդ օտար մարտնչողները», նետում է անգլիացի լրագրողը եւ բառերից անցնում պատմական խեղաթյուրումներին:

«Մեր առաջնորդները սիրում են պատմությունը եւ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերից մեջբերումներ անելը: 2003-ին Ջորջ Բուշ կրտսերը դիմեց իր «մեղմաբարո» գործընկերոջըՙ բրիտանացի Բլերին, որ աջակցի իրեն Սադդամի («Տիգրիսի Հիտլերը» հորջորջված) դեմ պատերազմում: Բլերը, որ այնքան էլ հակված չէր, համաձայնեցՙ հայտարարելով, որ Ամերիկան Բրիտանիայի վաղեմի դաշնակիցն է: Բուշն ու Բլերը լրագրողներին հիշեցրին, որ Մ. Նահանգները թիկունք էր կանգնել Բրիտանիային 1940-ին, երբ վերջինս օգնության կարիք ուներ», գրում է Ֆիսքը եւ անմիջապես արձանագրում. «Սա ճիշտ չէր անշուշտ: Բրիտանիայի վաղեմի դաշնակիցը ոչ թե Մ. Նահանգներն էր, այլ Պորտուգալիան, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ֆաշիստական չեզոք պետություն էր, եւ որը Հիտլերի մահվան առիթով կիսով չափ իջեցրել էր իր ազգային դրոշը: Ամերիկան թիկունք չէր կանգնել նույնիսկ, երբ Հիտլերը սպառնացել էր նվաճել Անգլիան: Այդ ժամանակ Ամերիկան չեզոքության շահութաբեր ժամանակներն էր վայելում եւ պատերազմում Բրիտանիային չմիացավՙ մինչեւ Ճապոնիան 1941-ի դեկտեմբերին հարձակվեց Փիռլ Հարբորի վրա: Պատմական սխալ համեմատություն թույլ էր տրվել նաեւ 1956-ին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Իդենը Եգիպտոսի նախագահ Նասերին կոչել էր «Նեղոսի Մուսոլինի»: Կոպիտ սխալ, քանի որ Նասերը արաբների կողմից սիրված առաջնորդ էր, մինչդեռ Մուսոլինինՙ ոչ», գրում է Ֆիսքը եւ եզրակացնում.

«Ոչ ոք այդ ժամանակ չփորձեց ուղղել այդ սխալ զուգահեռը: Լրագրողներին նախագահներն ու վարչապետներն են առաջնորդում: Եվ դա է վտանգավորը, որը նաեւ մեզ տարանջատում է մեր ընթերցողներից: Վերջիններս հիմար չեն եւ շատ դեպքերում լրագրողներից ավելի լավ են հասկանում իրադարձությունները: Նրանք նաեւ ավելի լավ են իմանում պատմությունը: Եվ դա չէ՞ արդյոք պատճառներից մեկը, որ ընթերցողներից ոմանք առավել վստահում են ինտերնետին, քան թերթերի լրագրողներին: Արեւմտյան թղթակիցները սոսկ կրկնում են այն, ինչ կառավարական ղեկավարներն են թելադրում: Լրատվամիջոցների մեր գործընկերներից շատերը կկորցնեն իրենց աշխատանքը, եթե երբեւէ փորձեն ընդառաջ չգնալ «հրամցված» տեղեկություններին»:

Մեր կողմից ավելացնենք միայն, որ ինտերնետում էլ շատ խոտան կա, եւ մանավանդ երիտասարդ կամ նորեկ լրագրողները չափազանց զգույշ պետք է լինենՙ այնտեղից քաղելու համար միայն ստույգ տեղեկատվություն:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4