«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2010-07-14 | #131, 2010-07-15 | #132, 2010-07-16


CNN-Ը ՍԽԱԼՎՈՒՄ Է ՖԱԴԼԱԼԼԱՀԻ ՀԱՐՑՈՒՄ

Մերձավոր Արեւելքում անգլիական «Ինդիփենդենտ» թերթի սեփական թղթակից Ռոբերտ Ֆիսքը քննադատել է CNN հեռուստաընկերությանը, որ վերջինս աշխատանքից ազատել է Մերձավոր Արեւելքում 20 տարի աշխատող իր խմբագիրներից Օքտավիա Նասրին : Նասրը գովասանական խոսքեր էր շռայլել Բեյրութում հուլիսի 6-ին իր մահկանացուն կնքած այաթոլլահ Սայեդ Մոհամմեդ Հուսեյին Ֆադլալլահի հասցեին եւ նրան կոչել «Հզբոլլահի հսկաներից մեկը», ավելացնելովՙ «ես մեծապես հարգում եմ նրան»:

Ֆիսքը գրում է, որ Ֆադլալլհը «իրոք հսկա էր, բայց նա «Հզբոլլահի» մարդը չէր: Նա իրավաբանական խոր գիտելիքների տեր անձնավորություն էր, որն ատում էր պատվի համար գործված ոճրագործություններն ու անզիջում պայքարում կանանց իրավունքների օգտին: Քննադատաբար էր վերաբերվում Իրանի կրոնամոլ կառավարությանը: Մենքՙ լրագրողներս, նրան «Հզբոլլահի» հոգեւոր ուսուցիչն» էինք անվանել, բայց դա այնքան էլ իրականությանը չէր համապատասխանում: Նա պաշտպանում էր Լիբանանի դիմադրությունն ընդդեմ Իսրայելի 1982 թվի ներխուժման եւ դեմ էր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը»:

Ամերիկացիները Ֆադլալլահին են համարում այն անձնավորությունը, ով օրհնել էր Բեյրութում ամերիկյան ծովային բազայի վրա 1983-ին հարձակում կատարած մահապարտին: 241 հոգի մահացել էր: «Ֆադլալլահի հետ իմ բոլոր հանդիպումների ընթացքում նա ժխտել էր նման արարքը, եւ ես նրան հավատում եմ: Մահապարտները կարիք չունեն օրհնված լինելու: Նրանք հավատացած են, որ կատարում են Աստծո կամքը», գրում է Ֆիսքը եւ ավելացնում, որ 1985-ին սաուդական փողերով Վաշինգտոնը մահափորձ կամակերպեց Ֆադլալլահի դեմ, բայց ձախողվեց: Նրա փոխարեն սպանվեցին 80 անմեղ քաղաքացիներ: «Այս մասին, անշուշտ, CNN-ի ավագ փոխնախագահ Պարիսա Խոսրավին, որը Օքտավիա Նասրի հեռանալու մասին հաղորդեց, ոչինչ չի ասել եւ չի ասում այժմ:

Ինձ քիչ են հետաքրքրում Խոսրավիի նմանները, որոնց պատճառով CNN-ը օրեցօր կորցնում է իր արժանապատվությունը: Նույնը չեմ կարող ասել Ֆադլալլահի հասցեին, որի լրջախոհ եւ խորիմաստ քարոզներն ու խորհուրդները հոգեկան մեծ բավարարվածություն էին պարգեւում բոլորին: Եվ դրա վառ ապացույցն այն էր, որ հարյուրհազարավորները ներկա գտնվեցին նրա թաղմանը Բեյրութում», եզրակացնում է Ֆիսքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4