«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2010-07-15 | #132, 2010-07-16 | #133, 2010-07-17


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՐՈՂ ՊԵՏՐՈՍ ՔԵԼՉԻԿԻ ՄԱՍԻՆ

«Մասաչուսեթսից Մինեսոտա: Ամերիկահայ ռահվիրա գրող Պետրոս Քելչիկ»: Այս թեմայով դոկտ. Լու Էն Մաթոսյանը դասախոսություն է կարդալու հուլիսի 22-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի կենտրոնում, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:

Հասարակական գործիչ, գրող եւ ձեռնարկատեր Պետրոս Առաքել Քելչիկը (1874-1959) եղել է Մեծ եղեռնի զոհ դարձած գրող եւ մանկավարժ Թլկատինցու (Հովհաննես Հարությունյան, 1860-1915) ուսանողը: Ամերիկահայ գրողների առաջին սերնդին է պատկանում, բայց նրա սուր «սքեթչները» ԱՄՆ հասած առաջին ներգաղթողների մասին միայն վերջերս են փրկվել մոռացությունից: 1890-ին Մ. Նահանգներ գաղթած նախկին խարբերդցին աշխատել է Վուստերի եւ Ֆիչբուրգի (Մասաչուսեթս) գործարաններում նախքան Բոստոն տեղափոխվելը, որտեղ նա դարձել է Հնչակյան կուսակցության հայտնի հռետոր: Ալիս Սթոուն Բլեքուելի հետ հեղինակել է «Հայկական բանաստեղծությունների անթոլոգիան» (1896-ին), հետո անցել է Չիկագո եւ զբաղվել հանրախանութում գորգերի վաճառքով: 1899-ին տեղափոխվել է Մինեսոտա: 1944-ին հրատարակել է իր կարճ պատմվածքների հավաքածուն «Ամերիկահայ պատկերներ» վերնագրով:

Դոկտ. Լու Էն Մաթոսյանը Մինեսոտայի Հայկական մշակութային կազմակերպության վարչության անդամ է եւ նախկին նախագահը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4