«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2010-07-22 | #137, 2010-07-23 | #138, 2010-07-24


ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹԳԻԾԸ

«Ազգում» հրատարակելու հույսով Բեռլինից Ռազմիկ Գալուստանդյանը ուղարկել է գերմանացի լրագրող (Քյոլնից) Ալբրեխտ Քիզերի ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածըՙ հեղինակի համաձայնությամբ:

Երկու համաշխարհային պատերազմներ «տեսած» 2500 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը վերջապես ավարտվեց: 38 տարի պահանջվեց, որպեսզի Քոնիայի մեկնարկման կետը միանար վերջնակետին Բաղդադում: Հսկայական մի նախաձեռնություն էր դա, որն Իրաքի մայրաքաղաքը հասավ 1940-ին: Հարյուր ութ տարի առաջՙ 1902-ի հունվարի 16-ին էր, որ առաջին անգամ այդ մասին ակնարկվել էր, եւ «Դոյչե բանկը» նախաձեռնություն էր կնքել Օսմանյան կայսրության հետ:

Տասնիններորդ դարի վերջին մի երկաթգիծ, որը Բեռլինը միացնում էր Կոստանդնուպոլսի հետ, արդեն իսկ շահագործման հանձնվել էր: 1898-ին երկարացվել էր մինչեւ Քոնիաՙ մի քանի հարյուր մղոն դեպի հարավարեւելք, բայց նոր դարամուտի հետ կարիք էր զգացվում ավելի հեռուն գնալու: Ազդեցությունների եւ շահերի ոլորտում հակամարտությունը սրվում էր Գերմանիայի եւ Բրիտանիայի միջեւ: Գերմանիան շահագրգռված էր համագործակցելու Օսմանյան կայսրության հետ, որպեսզի նրա միջոցով հասներ Պարսից ծոց եւ դրանով բարելավեր ոչ միայն տնտեսական խնդիրները, այլեւ ձեռք բերեր ռազմավարական-զինվորական գերիշխանություն Մերձավոր Արեւելքում:

Գերմանական կայսրության ցանկությունն էր, որ «Դոյչե բանկը» հոգար հսկայական այս ծրագրի ֆինանսավորումը, բայց բանկըՙ շահութաբեր չգտնելով, մերժել էր: Գերմանիայի կայզերն ու կառավարությունը հարկադրված էին եղել պարտադրել բանկինՙ սկսել ծրագիրը: Իրենց հերթին, օսմանյան եւ այնուհետեւ թուրքական կառավարությունները երաշխավորել էին, որ անկախ գնացքների տեղաշարժից, բանկը կայուն եկամուտ կունենա: Նրանք նաեւ խոստացել էին ապահովել կառույցը աշխատուժով: Աշխատանքի դիմաց միայն հաց ու ջուր էին տալիս, իսկ ով չէր դիմանում եւ մահանում էր, թաղում էին հենց գնացքուղու մոտակայքում:

Ծրագրի ծավալը մեծ էր, բանվորների նոր խմբաքանակների կարիքը մեծանում էր: Բայց դա խնդիր չէր, քանի որ օսմանյան կառավարությունը որոշել էր 1914-ին հայերին տեղահանել Անատոլիայի եւ Արեւմտյան Հայաստանի իրենց տներից: Նրանց մեղադրում էին ռուսների հետ համագործակցելու մեջ: Այսպիսով, 1914-ի հոկտեմբերին կառավարությունը սկսեց 16-60 տարեկան բոլոր հայերին պարտադիր զինվորական աշխատանքի զորակոչել: Աշխատանքն ավարտելուց հետո նրանց տեղնուտեղը սպանում էին:

Տեղահանումը չէր նշանակում նոր բնակավայր հասնել, այլ, ինչպես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան էր նշել, «գնալ դեպի չգոյություն»: Հայերն աշխատեցին այդ կառույցի վրա, մինչեւ Թալեաթն ազդարարեց 1916-ին, որ զանգվածային տեղահանություններն ավարտված են: Հայերի վերջին մնացորդներն սպանված էին այդ ցեղասպանության ժամանակ: Նրանք Բաղդադի երկաթգծի սեւագործ բանվորներն էին:

Մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության գործում (1914-1916 թվերին), երկաթուղին ծառայել էր ոչ միայն նրանց կյանքը մաշեցնելու, այլեւ ավանդական բնակավայրերից դեպի սիրիական անապատները տեղափոխելու նպատակին: Դա վերջին փուլն էրՙ սկսած 1915-ի հոկտեմբերից, երբ հայերին, որոնք քայլելուց հոգնած ու հուսահատված էին, սկսեցին վաճառել գնացքի տոմսեր:

Բայց գնացքներում էլ հանգիստ պայմաններ չկային: «Կույրերի քրիստոնեական առաքելության» հիմնադիր եւ Փոքր Ասիայում միսիոներ Էռնստ Քրիստոֆելն իր գրառումներում նշել է հետեւյալը. «Բաղդադի երկաթգիծը վագոններ էր տրամադրում այծերի եւ ոչխարների փոխադրման համար: Նրանց արանքներում բեռնում էին տարագիրներին: Ոտքի կանգնելը հնարավոր չէր, որովհետեւ վագոնները լեփ-լեցուն էին: Տղամարդիկ, կանայք, երեխաներ, հիվանդ թե առողջ, բոլորը խառնված էին միմյանց: Հիվանդները մահանում էին, հղի կանայքՙ ծննդաբերում»:

Էռնստ Քրիստոֆելն ահաբեկված էրՙ ականատեսը լինելով այդ սարսափին: Գերմանացի փոխգնդապետ Բյոտրիխըՙ ոչ: Որպես գնացքների տեղաշարժի բաժնի վարիչՙ նա էր տեղահանվածներին տեղավորում գնացքներում, որպեսզի մեկնեն կառուցելու Բաղդադի երկաթուղին: Նրան եւ Բեռլինում իր զինվորական գերադասներին եւ քաղաքական առաջնորդներին հայերի զանգվածային սպանդը այնքան էլ չէր հետաքրքրում: Նրանց համար կարեւորը Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմական դաշինքն էր, եւ Բաղդադի երկաթգծի կառուցումը այդ դաշինքի բաղկացուցիչ մասն էր:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4