«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


ՆԵՈՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածն ստորագրել է «Ինտեր-Պրես-Սերվիս գործակալության» Մ. Նահանգների արտաքին քաղաքականության մեկնաբան-լրագրող Ջիմ Լոբին:


Մինչ Մ. Նահանգների հրեական կազմակերպված համայնքի աջթեւային ղեկավարները Իսրայելին են պաշտպանում ընդդեմ միջազգային մեղադրանքներիՙ մայիսի 31-ին «Ազատության նավատորմիղի» վրա կատարված հարձակումի կապակցությամբ, նեոպահպանողական «բազեների» մի ծանոթ խմբակ Թուրքիային է հարձակման թիրախ դարձրել:

Վրոդվված Իսրայելի հասցեին վարչապետ Էրդողանի հաճախակի հնչող պարսավանքներից եւ Բրազիլիայի հետ Իրանի հարցում նրա համագործակցությունից, որոշ նեոպահպանողականներ նույնիսկ պահանջում են, որ Մ. Նահանգները փորձի վտարել Անկարային ՆԱՏՕ-ի անդամակցությունիցՙ որպես պատիժ:

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան ձեռք է բերում հետախուզական տեղեկատվությունՙ կապված ահաբեկչությունների եւ Իրանի հետ», նշել է «Ազգային անվտանգության հարցերի հրեական ինստիտուտի» (ԱԱՀՀԻ) զեկույցը: ԱԱՀՀԻ-ն կարծրթեւային նեոպահպանողական խմբակցություն է, որը խթանում է Մ. Նահանգներ-Իսրայել զինվորական կապերը, եւ որը ամուր պատմական հարաբերություններ ունի Թուրքիայի զինվորականների հետ:

«Եթե Թուրքիան իր լավագույն բարեկամներ է համարում Իրանին, «Համասին», Սիրիային եւ Բրազիլիային (հետագայում նաեւ Վենեսուելային), ապա նրա ստացած տեղեկությունների անվտանգությունը չի կարող երաշխավորվել: Մ. Նահանգները լրջորեն պետք է մտածի Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին, որպես կազմակերպությունից (ՆԱՏՕ-ից) նրա հեռացման նախերգանք», առաջարկել է խմբակցությունը, որի խորհրդականների վարչության մեջ ներառված են 2003 թվի իրաքյան ներխուժման հայտնի կողմնակիցներ, այդ թվումՙ պաշտպանական քաղաքականության վարչության նախկին նախագահ Ռիչարդ Փերլը, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսին եւ ՄԱԿ-ում նախկին դեսպան Ջոն Բոլթոնը:

Նեոպահպանողականների պարբերականներից հատկապես «Ուոլ սթրիթ ջոռնըլը», «Ուիքլի ստանդարտը» եւ «Նեշընլ ռիվյուն» արդեն բավական ժամանակ քննադատական «կրակահերթի» են ենթարկում Թուրքիայի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը:

«Թուրքիան այժմ արմատական իսլամի գլոբալ համապատկերում գլխավոր գործող տարրն է դարձել», հայտարարել է «Ստանդարտի» Սթիվն Շվարցը, մինչ «Լիքուդիստ Միդլ-իսթ ֆորումի» տնօրեն Դենիել Փայփսը, համաձայնելով ՆԱՏՕ-ից Թուրքիային անդամազրկելու «ԱԱՀՀԻ»-ի կոչին, Վաշինգտոնից պահանջել է անմիջականորեն եւ գործնականորեն աջակցել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններին:

«Նեշընլ ռիվյու օնլայն» պարբերականը բառացիորեն ամեն օր հարձակում է գործում Թուրքիայի վրաՙ մեղադրելով նրան «հրեական պետության թշնամին լինելու համար»: Նրա հեղինակներից ճանաչված «բազե» Վիկտոր Դեյվիս Հանսոնը վերջերս IHH-ին (Իսլամիստական խմբավորմանը, որը հովանավորել էր «Մավի Մարմարայի» ուղեւորությունը) որակել է «ահաբեկչական մի կազմակերպություն, որը կապ ունի «Ալ Ղաիդայի» հետ», մինչ խմբագիր Ռոբերտ Պոլլոքը Էրդողանին եւ արտգործնախարար Դավութօղլուին անվանել է «դեմագոգներ, որոնք դուր են գալիս իրենց երկրի եւ Մերձավոր Արեւելքի ամենավատ տարրերին»:

Մի երրորդ անձնավորությունՙ Մայքլ Ռուբինը հրեական «Ֆորուորդ» շաբաթաթերթում Թուրքիային մեղադրել է «Իսրայելի թշնամիներին (այսինքնՙ Լիբանանի «Հզբոլլահին») գաղտնի զենք մատակարելու մեջ»:

Իրականում Թուրքիայի դեմ «տեղացած» այս հարձակումները խիստ զավեշտական են, քանի որ նեոպահպանողականները ոչ միայն նախկինում Թուրքիան առանձնացրել են որպես «ամենադեմոկրատականը մահմեդական աշխարհում», այլեւ նպաստել են, որ Թուրքիան դառնա Իսրայելի ռազմական դաշնակիցը (1980-ականների վերջից մինչեւ 1990-ականների կեսերը): Այդ ժամանակ Փերլը եւ մյուսները Իսրայելին քաջալերել են համագործակցելու Թուրքիայի եւ Հորդանանի հետՙ գահընկեց անելու համար Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին, որպեսզի Մերձավոր Արեւելքում մարտավարական հավասարությունը լինի մշտապես հօգուտ Իսրայելի: Բայց այդ ժամանակվա Թուրքիան գտնվում էր «զինվորական հզոր կառույցի հսկողության ներքո», որը երեք պետական հեղաշրջում էր իրականացրել 1960-80 թվերին: Այդ կառույցը հետագայում լրջորեն հուսախաբ արեց նեոպահպանողականներին, երբ մերժեց 2003-ի մարտին Իրաքի վրա հարձակվելու համար Թուրքիայի տարածքը օգտագործելու ԱՄՆ-ի պահանջը: Էրդողանը, որ վարչապետ էր դարձել այդ հարձակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ, սկզբնական շրջանում իր քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներով սիրաշահել էր նեոպահպանողականներին, բայց երբ նա փորձեց թուլացնել իր երկրի զինվորականների իշխանությունը, նրանք սկսեցին մտահոգվել, եւ երբ 2007-ին զինվորականությունը նրբորեն սկսեց սպառնալ Էրդողանին եւ նրա կուսակցությանը, որոշ նեո-ներ (Փերլը հատկապես) առաջարկեցին, որ Մ. Նահանգները չխանգարի այդ գործընթացին: Այդ օրվանից սկսած եւ մանավանդ Դավոսի ֆորումի դեպքից եւ Գազայի գործողությունների (2009) քննադատություններից հետո, նրանք երես են թեքել Անկարայից: Իսկ վերջին շրջանումՙ մարդասիրական նավատորմի պատահարը եւ Իրանի միջուկային ծրագրերին ակնհայտ պաշտպանություն ցուցաբերելու Էրդողանի ջանքերը նոր թափ են հաղորդել նրանց թշնամությանը:

«Իսլամիստական իշխանության արմատավորումով, Եվրոպայից դուրս մնալու զայրույթով եւ նեոօսմանյան գաղափարախոսությամբ գերպետություն դառնալու մոլուցքով տարված Թուրքիան բացահայտ թշնամի պետություն է դարձել ոչ միայն Իսրայելի, այլեւ Մ. Նահանգների նպատակների ու շահերի համար», գրում է Ջոն Հոփկինս համալսարանի պրոֆեսոր Էլիոտ Քոհենը:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4