«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2010-07-29 | #142, 2010-07-30 | #143, 2010-07-31


ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՓԱՐԻԶՈՒՄ

Փարիզի միաժամանակ երկու պատկերասրահներում հուլիսին անցկացվել է Կոստանդնուպոլսի եւ շրջակայքի 19-րդ դարի լուսանկարների ցուցահանդես: Խոսքը Դեկորատիվ արվեստի թանգարանի գրադարանի եւ Նիսիմ դը Կամոնդո թանգարանի մասին է: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ լուսանկարները տրամադրել էր Պատկերագրական հիմնադրամը:

Գրադարանում կազմակերպված ցուցահանդեսի լուսանկարները 1891-1940 թթ. մեկենաս Ժյուլ Մակլեի ձեռքբերումներն են կամ նվիրատվություններ: Հեղինակները թուրքահպատակ կամ արեւմուտքցի լուսանկարիչներ են: Առաջին լուսանկարներն արված են 1853-ին, բայց գերակշռում են դարավերջի եւ 20-րդ դարի սկզբի լուսանկարները:

1850-ին Կոստանդնուպոլսում լուսանկարչական առաջին ստուդիան բացել է հույն թուրքահպատակ Բազիլ Կարգոպուլոն, հայտնի դառնալով մայրաքաղաքի, Բոսֆորի եւ Ոսկեղջյուրի համապատկերներով: 1853-ին քաղաքում ստուդիա է բացել բրիտանացի փորագրիչ Ջեյմս Ռոբերտսոնը: Կարգոպուլոյի մրցակիցները եղել են ծագումով հայ Աբդուլլահ եղբայրները (Գեւորգ, Վիգեն եւ Հովսեփ), որոնք սուլթաններ Աբդուլազիզի եւ Աբդուլհամիդ 2-րդի պաշտոնական լուսանկարիչներն էին: Սիրիացի քրիստոնյա Պասկալ Սեբահը 1857-ին հաստատվել է Պերա թաղամասում, միջազգային ճանաչում է գտել «Թուրքիայի ազգային տարազներ» հրատարակությամբ: 1870-ից Պերայում է աշխատել նաեւ շվեդ Գիյոմ Բերգրենը: Ժամանակակից հայտնի լուսանկարիչներից է ծագումով հայ Արա Գյուլերը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4