«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնելու 2012 թվականին, երբ հերթական անգամ անցկացնի խորհրդարանական ընտրություններ: Անցյալ ընտրությունների ժամանակ կոալիցիոն կառավարություն կազմվեց, որը պատշաճ ներդաշնակությամբ կարողացավ որոշ ժամանակ ղեկավարել երկիրը, որովհետեւ կոալիցիան կազմող խմբավորումների շահերը համընկնում էին: Սակայն աստիճանաբար ճեղքվածներ առաջացան, եւ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայիցՙ դառնալով մասամբ անվանական ընդդիմություն, բայց իրականում շահագործելով ընծայված հնարավորությունները:

Իշխանության մյուս երեք կուսակցությունները որոշ ժամանակ միասնաբար աշխատեցին, սակայն անհամաձայնությունն ու անհամերաշխությունը վարակեցին նաեւ նրանց հարաբերությունները:

Թողնելով կոալիցիանՙ ՀՅԴ-ն այդուհանդերձ չմիացավ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ին, որն իսկական ընդդիմությունն է:

Ներկայումս Դաշնակցության ղեկավարները երազում են իրենց բարերար Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասի, քանի որ նա էր, որ իր իշխանության ընթացքում բանտից ազատեց ՀՅԴ առաջնորդներին եւ գործելու, ինչպես նաեւ որոշակի քաղաքական ուժ դառնալու հնարավորություն ընձեռեց նրանց: Այժմ Դաշնակցությունը հավատացած է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օժանդակությամբ կկարողանա իշխանության վերադարձնել նրան: Նման սցենարը փորձ է արվում իրականացնելու Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ծագած որոշ տարաձայնությունների ֆոնի վրա:

Սփյուռքում գործող կուսակցություններին Հայաստանում կասկածանքով են նայում: Խորհրդային ժամանակների ՀՅԴ-ի առասպելը այդպես էլ առասպել մնաց: Հայաստանի ժողովուրդը մերժեց ընդունել նրան: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ներքին պառակտումների հետեւանքով փլուզված է, հավանաբար ներկա վարչակազմի ջանքերով: Պետք է խոստովանել, որ Սփյուռքի կուսակցություններն ունեն իրենց ներքին տարաձայնություններն ու թերությունները, եւ Հայաստանի իրարահաջորդ իշխանությունները կարողացել են վարպետորեն օգտագործել դրանքՙ թուլացնելու կամ իսպառ վերացնելու համար այս կամ այն կուսակցությանը: Տեր-Պետրոսյանն, օրինակ, կարողացավ քայքայել ՀՅԴ-ին, բայց կուսակցությունը նրա հաջորդի ուժեղ մարտավարության շնորհիվ վերապրեց: Տեր-Պետրոսյանի նենգ խաղերն առավել արդյունավետ էին Ռամկավար կուսակցության բաժանման գործում: ՌԱԿ-ը դեռեւս մեծ ջանքեր է գործադրում վերականգնելու իր ներքին միասնությունը: Որպես ներքին գործերի նախարար այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էլ անուղղակիորեն նպաստել է այդ պառակտմանը, բայց հետագայում ափսոսացել:

ՌԱԿ-ը պառակտվեց, եւ պարզվեց, որ որոշ արկածախնդիր խմբավորումներ մեղսակից էին Դաշնակցության մեքենայություններին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Այդ գործընթացում ՀՌԱԿ-ը ամբողջովին դուրս մղվեց քաղաքական կյանքից Հայաստանում, չկարողանալով վերջին յոթ տարիների ընթացքում մասնակցել որեւէ ընտրության:

Վերջապես անցյալ տարի Հայաստանի եւ Սփյուռքի ավանդական Ռամկավար ազատական կուսակցության առաջնորդները, միավորելով իրենց ջանքերը կարողացան վերակենդանացնել կուսակցությունըՙ հիմքը դնելով Հայաստանում Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությանը, որին միացան Սփյուռքի ՌԱԿ-ի բոլոր առողջ հատվածներըՙ կազմելով ՌԱԿ Համաշխարհային խորհուրդը:

Հուլիսի 17-ին Երեւանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Արմենական-ՌԱ կուսակցության երկրորդ համագումարը, որի առիթով կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հարցազրույց տվեց «Ազգ» օրաթերթինՙ ուրվագծելով ներքին վերակառուցման զարգացումները կուսակցության, որն արդեն իր մասնաճյուղերն ունի Հայաստանի բոլոր մարզերում, բացի Գորիս եւ Ղափան քաղաքներից, որոնցում շուտով նոր ակումբներ կստեղծվեն: Ավետիքյանը հանգամանալից վերլուծել է այդ հարցազրույցում Հայաստանի քաղաքական կյանքը եւ Արմենական-Ռամկավար կուսակցությանը վերապահում է կարեւոր դերակատարությունՙ որպես հաշտարար ուժի, երկրի ծայրահեղորեն բեւեռացված հասարակական մթնոլորտում: Քաղաքական անտագոնիզմի այդ մթնոլորտն այնքան է բացարձակ, որ ընդդիմությունն ու վարչակազմը հավասարապես շահագործում են հօգուտ իրենց քաղաքական նպատակների այնպիսի կարեւորագույն հիմնախնդիրներ, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտությունը, սոցիալական հարցերը եւ այլն: Ասում ենՙ երկրի հարստության 90 տոկոսը կենտրոնացած է 40 ընտանիքների ձեռքերում, մինչ ժողովրդի մնացած հատվածը տառապում է ծայրահեղ կարիքի մեջ: Արտագաղթը «արյունաքամ է անում» երկրի ժողովրդագրական կենսապատկերը:

Նման մթնոլորտում, երբ մարդիկ աշխատանք եւ տնտեսական բարելավման հնարավորություններ են փնտրում, ոչ մի գաղափարախոսություն չի կարող գրավել նրանց: Օլիգարխները իշխում են երկրին, եւ նրանցից շատերը խորհրդարան են մտել անձեռնմխելիություն, հետեւապես նաեւ առավել մեծ ազդեցություն ձեռք բերելու նպատակով:

Արմենական-ՌԱ կուսակցությունը ոչ մի օլիգարխի աջակցությունը չի վայելում, եւ դա քողարկված օրհնությունն է, եւ կամ չարիք է, որն իր մեջ բարիք է պարունակում, քանի որ այդ ձեւով կուսակցությունը կարող է առավել սկզբունքային քաղաքականություն վարելՙ ձգտելով արդարության եւ տնտեսական բարեփոխումներ ապահովել երկրին եւ ժողովրդին:

Մինչեւ օրս կուսակցության ղեկավարությունը հրատարակել է խորաթափանց վերլուծություններ երկրի տնտեսական եւ քաղաքական հարցերի շուրջը, քննադատելով ինչպես կառավարությանըՙ վարչակազմին, այնպես էլ ընդդիմությանը: Օրակարգի առաջնահերթ խնդիրն է ժողովրդի ծանր վիճակի բարելավումը, որը կուսակցությանն ստիպելու է հետամուտ լինելու երկրում հաստատելու իսկական արդարություն եւ կայունություն: Իսկական ժողովրդավարությունը հետեւելու է դրանց: Աղքատ մարդկանց կարելի է գնել եւ ազդեցության տակ վերցնել: Ով շատ է վճարում, նրան էլ հետեւում է ժողովուրդը, առանց հասկանալու, որ այդ անձնավորությունը (կամ անձնավորությունները) միշտ չէ, որ հօգուտ իրենՙ իր ժողովրդին է աշխատում:

Քանի որ օլիգարխներ չկան Արմենական-ՌԱԿ-ի շարքերում, բնական է, որ այդ կուսակցությունը ինքնուրույն չի կարող տեղեր զբաղեցնել խորհրդարանում, որը բոլոր դրական գործողությունների ամբիոնն է: Ներկայումս կուսակցությունը փորձում է դաշինքի մեջ մտնել որեւէ կոալիցիայի հետՙ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Արմենականները ուժեղ պաշտպանություն են վայելում աշխարհասփյուռ ՌԱԿ կառույցների կողմից: Իսկ սփյուռքյան ՌԱԿ-ը իր ուժն ու ոգեւորությունը, իր ներշնչանքն է վերցնում արմենականներից, որոնց արմատները գնում են հետՙ մինչեւ 1885 թվականը:

Մյուս կողմիցՙ արմենականները վայելել են եւ շարունակելու են վայելել սփյուռքյան ՌԱԿ կառույցների պաշտպանությունըՙ հասնելու համար իրենց նպատակներին ու դառնալու Հայաստանում քաղաքական մի այնպիսի ուժ, որի հետ հաշվի են նստելու:

Դետրոյթ, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4