«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ ԵՐԹՈՒՂԻ. ՏՈՄՍԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԱՃԱՌՔ ՆՈՒՅՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

«Հարավկովկասյան երկաթուղուց», ավելի ճիշտՙ Երեւան-Բաթում երթուղու սպասարկումից մեր հայրենակիցների դժգոհություները չեն նվազում: Խմբագրություն այցելած մեր քաղաքացիները, որոնք իրենց հանգիստն էին անցկացրել Աջարիայում, պատմեցին Վրաստանում այս երթուղու գնացքում տեղի ունեցածի մասին:

Որ Երեւանում աննկարագրելի հերթեր են այս երթուղու տոմսեր ձեռք բերելու համար, բայց մեկնող գնացքներում դատարկ տեղեր են մնում, մոտ մեկ ամիս առաջ պարզել էր տրանսպորտի եւ կապի նախարարությունը, իսկ նախարար Մանուկ Վարդանյանը խստորեն պահանջել էր վերացնել այդ իրավիճակը:

Ըստ մեր զրուցակիցների, իրենց մեկնելու պահին Երեւան-Բաթում գնացքում դատարկ տեղեր չկային, բայց իրենք տոմսեր ձեռք էին բերել խորհրդային ժամանակներին բնորոշ «ծանոթի միջոցով»: Մեկնելիս գնացքում խնդիրներ չեն ծագել, բայց ահա վերադառնալիս, Բաթումին հաջորդած մյուս կայարաններում առաջացել է մեկ այլ խնդիրՙ գնացքի տոմսեր ձեռք բերած մեր հայրենակիցները տեսել են, որ իրենց տեղերն արդեն զբաղեցված են: Նման վիճակում հայտնվածների թիվն ավելացել է եւ հասել ծայրակետին Թբիլիսիում: Մարդիկ, ընտանիքներով, երեխաների հետ, ուղեբեռներով բարձրանալով գնացք եւ տեսնելով իրենց տեղերը զբաղեցրածՙ սկսել են դժգոհել, աղմուկ, իրարանցում է առաջացել: Չնայած գնացքի ուղեկցորդների խոստումներինՙ անպայման տեղավորել նրանց, դժգոհություները չեն նվազել: Կուպեի համար տոմս ձեռք բերած մարդիկ, բնականաբար, չեն ցանկացել երթեւեկել պլացքարտով: Ինչպե՞ս է ստեղծվել նման իրավիճակը հայկական երկաթուղում, ինչո՞ւ է ստեղծվել, մարդկանց չէր հետաքրքրում: Նրանք իրենց օրինական պահանջն էին ներկայացրել:

Մեր կողմից ավելացնենք, որ բնավ էլ զարմանալի եւ անսպասելի չէ նման իրավիճակների առկայությունը «Հարավկովկասյան երկաթուղում»: Մի ընկերությունում, որի գործունեությունը խորհրդային տարիներից ի վեր չի փոխվել եւ անգամ ավելի է վատթարացել, որն անգամ տոմսերի վաճառքի գրառումը կատարում է առանց համակարգչի, մատյաններում գրառելով, ի՞նչ պայմաններ ապահովելու եւ առավել եւս բարձրակարգ սպասարկման մասին կարող է խոսք լինել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4