«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2010-08-19 | #149, 2010-08-20 | #150, 2010-08-21


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԴԱՐՁԱՎ 4 ՏՈԿՈՍ

Հուլիսին զգալի նվազում է արձանագրվել հունիսի համեմատ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-հուլիս ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 4 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 1 տրիլիոն 586 մլրդ դրամ: Փաստորեն, աճի տեմպը նվազել է, քանի որ հունվար-մայիսի ամիսներին կազմել էր 8,8 տոկոս, իսկ հունվար-հունիսինՙ 6,7 տոկոս: Հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է զգալիՙ 19,2 տոկոս անկում, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է: Տնտեսական աճի տեմպի նվազումն ու հուլիս ամսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրված անկումը հիմնականում պայմանավորված են գյուղատնտեսության արտադրանքի եւ շինարարության ծավալների նվազմամբ:

Ըստ տնտեսության ճյուղերիՙ պատկերը հետեւյալն է: Արդյունաբերությունում հունվար-հուլիսին աճը կազմել է 11,4 տոկոս, եւ 4,5 տոկոս աճ է գրանցվել հուլիսին հունիսի նկատմամբ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հուլիսին աճել է 16 տոկոսով, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ աճը կազմել է 6,7 տոկոս: Տնտեսության ճյուղերից աճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են այս 2 ոլորտներում, ինչը որոշակի սփոփանք է ընդանուր աճի տեմպի նվազման տվյալների համեմատ:

Շինարարությունում տարվա առաջին 7 ամիսներին աճը կազմել է ընդամենը 0,1 տոկոս, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 15,8 տոկոս անկում: Գյուղատնտեսությունում անկումը կազմել է 23 տոկոս, թեեւ հուլիսին հունիսի նկատմամբ արձանանագրվել է 55,4 տոկոս աճ:

Ծառայությունների ոլորտում այս տարվա հունվար-հուլիսին արձանագրվել է 6,1 տոկոս աճ, իսկ հուլիսին հունիսի նկատմամբՙ 2,8 տոկոս աճ: Մանրածախ առեւտրում իրավիճակը մնացել է անփոփոխ, իսկ հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 10,7 տոկոս աճ:

Պետական միջին աշխատավարձերի աճի ցուցանիշը կազմել է 4,4 տոկոսՙ հասնելով 85,3 հազար դրամի, ոչ պետական հատվածում միջին աշխատավարձն ավելացել է 11 տոկոսով եւ կազմել 134 հազար դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա 7 ամիսներին ավելացել է 26,5 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 548 մլն դոլար: Արտահանումը կազմել է 512,7 մլն դոլարՙ արձանագրելով 43,3 տոկոս աճ, բայց հուլիսին հունիսի նկատմամբՙ 11,3 տոկոս անկում: Ներմուծումը կազմել է 2 մլրդ 36 մլն դոլար, աճելով 22,8 տոկոսով, իսկ հուլիսին հունիսին համեմատ մնալով անփոփոխ: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակել է խորանալՙ գերազանցելով 1,5 մլրդ դոլարը:

Գնաճը հուլիսին հունիսի նկատմամբ նվազել է 0,8 տոկոսով եւ հունվար-հուլիսին կազմել 7,4 տոկոս:

Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները թույլ էին տալիս ասել, որ մեր երկրի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, ապա հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրված անկումըՙ որ այն դեռեւս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ: Տնտեսության մեկ ճյուղում արձանագրվող անկումը նկատելի ազդեցություն է թողնում տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4