«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2010-08-20 | #150, 2010-08-21 | #151, 2010-08-24


«ԲԱՐԻ ՀՍԿԱՅԻ» ԱՐԽԻՎԸՙ ԲԱՆԿՐՈՖՏ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանի Բանկրոֆտ գրադարանը որպես նվեր ստացել է ամերիկյան գրականության դասականների շարքին դասվող ամերիկահայ գրող, դրամատուրգ Վիլյամ Սարոյանի բավական մեծ արխիվը, որի մեջ գտնվում են հարյուրավոր գրքեր, նկարներ, գծանկարներ եւ նամակներ: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 29-ի համարը: Այդ բոլոր նյութերը (1.200 հատոր գրքերը, ներառյալ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա», «Անունս Արամ է», «Մարդկային կատակերգություն» հատորների առաջին հրատարակությունների օրինակներըՙ իր մակագրությամբ, անձնական նամակները, նրան նվիրված Հենրի Միլլերի 80-էջանոց օրագիրը 1935-ին Նյու Յորք կատարած իր այցելության մասին եւ այլն), հավաքել, համակարգել եւ տարիներ շարունակ պահպանել է «Վիլյամ Սարոյանի միջազգային գրական ժառանգություն» հաստատության հիմնադիր, Սան Ֆրանցիսկոյի 15-րդ պողոտայում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի տնօրենուհի Ժակլին Ղազարյանը, որը մայիսի 21-ին հանդիսավոր պայմաններում 48 արկղ հանձնել է գրադարանին:

«Վստահ եմ, հորեղբայրս ինքն էլ պիտի ցանկանար, որ իր գրադարանի նյութերը հանձնվեին Բերքլիի համալսարանին, որն ինտելեկտուալ զարգացման եւ ուսումնասիրություններ կատարելու անսահման հնարավորությունների հրաշալի վայր է», նշել է Ժակլինը, որը 1950-ականներին հաղորդակցության եւ դեկորատիվ արվեստի գծով գիտական աստիճաններ է ստացել այդ նույն համալսարանից:

«Տիկին Ղազարյանի նվիրատվությունն ամենամեծ եւ ամենահամակողմանի լրացումն է սարոյանական մեր ֆոնդի, որ մենք երբեւէ ստացել ենք եւ դրա համար մեծապես շնորհակալ ենք Ժակլինին», ասել է Բանկրոֆտի փոխտնօրեն Պիտեր Հանֆը:

Սարոյանական նյութերի առաջին մեծ նվիրատվությունը գրադարանին եղել է 1980-ի հոկտեմբերինՙ նախքան 1981 թվին 72 տարեկանում հանճարեղ գրողի մահը: «Սարոյան հիմնադրամը» նյութապես միշտ աջակցել է պահպանելու նրա ժառանգությունը:

Ավելացնենք, որ Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանում գործում է նաեւ Հայկական ուսումնասիրությունների (պատմություն, մշակույթ, լեզու) ծրագիրը, որի կայքի հասցեն է http://iseees.berkeley.edu/asp:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4