«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2010-08-24 | #152, 2010-08-25 | #153, 2010-08-26


ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՀԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Ստորեւ հատվածաբար ներկայացնում ենք Լիդիա դը Պիլիսի «Վաշինգտոն սիթի փեյփր» օրաթերթում տպագրված հոդվածը, որն արտատպված է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 17-ի համարում:

Ծրագրի իրականացումը շատ դանդաղ է ընթանում: Մի քանի շաբաթ առաջ լուր ստացվեց, որ կազմակերպությունը չի վճարել սեփականության հարկերը: Հիմա այդ հարցը լուծված է, սակայն մի նախկին նվիրատուի կազմակերպության [*] դեմ բացած դատավարությունը դեռ ընթացքի մեջ է եւ խոչընդոտում է, որ թանգարանի բացման կոնկրետ օր նշանակվի: Թանգարանի գործադիր հանձնաժողովի նախագահ Վան Գրիգորյանը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ դատական նոր լսումներ կնշանակվեն եւ խնդիրն իր վերջնական լուծումը կստանա:

Մյուս կողմից, թանգարանի կահավորման ջանքերի «մաեստրոն»ՙ Ռուբեն Ադալյանը հետեւում է, թե գործերն ինչպես են առաջ գնում:

«Եթե սոսկ արվեստի հավաքածուի համար ցուցադրման հարմար վայր փնտրելու լինենք, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ», ասում է նա եւ հավելում. «Ինչեւէ, որոշ աշխատանքներ այդուհանդերձ կատարված են: Երիտասարդ աշխատողների մի խումբ արխիվային նյութերն ու փաստաթղթերն է դասակարգում, մի ուրիշ խումբ հայկական սփյուռքի ամենահեռավոր անկյուններից ձեռք բերված իրերը, գրքերն ու տեսաերիզներն է կարգի բերում եւ դասավորում համապատասխան դահլիճում: Այս երկրի ժողովուրդը մեզ օգնության ձեռք մեկնեց այս ծանր տարիներին, այնպես որ թանգարանի մուտքը ձրի է լինելու ի նշան մեր երախտագիտության»:

Ադալյանը պատմաբան է, տասնյակ տարիների ընթացքում նա բազմաթիվ հարցազրույցներ է անցկացրել վերապրողների հետ եւ օրեր շարունակ ցեղասպանական հարցերի շուրջ խորհրդակցելով բնականաբար չափազանց լուրջ է, հազվադեպ է ծիծաղում եւ խոսում է շատ հանգիստ ու ցածր ձայնով, հայացքն ուղղած ներքեւ:

Թանգարանը պատմելու է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը: Այցելուները շենքից ներս են մտնելու եւ հերթով բարձրանալու հարկերը մինչեւ հասնեն բարձրակետինՙ առանց պատուհանների, անհարթ, տեղ-տեղ ճեղքվածքներով պատված որմնաքանդակներով հարուստ, ակնածանք ներշնչող դահլիճը:

«Չես կարող հարթ պատն օգտագործել ցույց տալու համար, թե ինչպես քարուքանդ եղավ մի ամբողջ քաղաքակրթություն», նշում է Ադալյանը:

Բայց թանգարանն ունենալու է նաեւ «Միջոցներ ձեռք առնելու կենտրոն», որտեղ լուսաբանվելու են աշխարհի այլ վայրերում կատարված ցեղասպանությունները եւ խրախուսվելու են միջոցների առաջադրումը դրանց կանխելու ինչքան հնարավոր է շուտ: Խորհրդածությունների եւ հանգստի համար այցելուներին «սպասարկելու» է բացօթյա «Հիշատակի այգին»:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

(*) Ակնարկը վերաբերում է բարերար Ջերալդ Գաֆեսճյանին, որ սկզբում թանգարանին կարեւոր նվիրատվություն անելուց հետո հետզհետե նորանոր պայմաններ դրեց Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուների առաջ, որի հետեւանքով խզում եւ, ընդհուպ, դատական վեճ առաջացավ Գաֆեսճյանի կազմակերպության եւ համագումարի միջեւ: Խմբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4