«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2010-08-24 | #152, 2010-08-25 | #153, 2010-08-26


ՔԱՐՏԱՇ ՕՆՆԻԿԻ ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Գլենդեյլի (Լոս Անջելես) Իսթ Բրոդուեյ, 415 հասցեում գտնվող «Ապրիլ» գրախանութում վերջերս տեղի է ունեցել Քարտաշ Օննիկի վերջինՙ «Ազատագրում ազատությունից» (Liberation from Freedom) գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Նյու Յորքի Հադսոն Վելլի շրջանի բնակիչ Քարտաշ Օննիկը ճանաչված քանդակագործ է, խաղալիքներ պատրաստող, գրքերի հեղինակ եւ քաղաքական գործիչ: 1960-ականների վերջերին սահմանափակելով իր գործունեությունը զանգվածային հաղորդակցությունների զարգացման ասպարեզում, նա թողնում է կորպորատիվ աշխարհը եւ Ափսթեյթ Նյու Յորք տեղափոխվելով, իրեն նվիրում քանդակագործությանը, ուսուցչությանը եւ քաղաքական տարբեր հակամարտությունների շուրջ մարդկանց իրազեկությունը բարձրացնելու գործին: Նրան է պատկանում «Գազայի շրջանի վերածննդի ծրագիրը», որի շրջանակներում, ի պատասխան իսրայելական նվաճողական քաղաքականության եւ վայրագություններին, նա աշխարհի տարբեր անկյուններից 50 արվեստագետների (նկարիչներ, քանդակագործներ) համագործակցությամբ արտասովոր մի ներկայացում է «բեմականացրել»ՙ իրենց պատրաստած մարմնաքանդակները հանդիսավոր պայմաններում այրելով:

«Մեր ձեռքերով ստեղծածը ոչնչացնելը խորհրդանշում է այն կորուստն ու ցավը, որ Գազայի բնակիչներն են զգացելՙ տեսնելով իրենց արարումների կործանումը», գրում է նա իր գրքում, որի վերջաբանում խոստովանում է, որ «սա իմ վերջին ջանքն է եւ ես ձեռքերս լվանում եմ բոլոր տեսակի «իզմերից», բոլոր հավատամքի համակարգերից, սուրբ գրքերից, մանիֆեստներից եւ քարոզչական մեխանիզմներից, որոնք համայնքային ատելություն, ցեղային գերադասություն եւ կայսերական ամբարտավանություն են տարածում»:

Գրքի արժեւորման գնահատականներում նշվում է, որ դա մասամբ ինքնակենսագրական, մասամբ էլՙ փիլիսոփայական տրակտատի ձեւով է գրվածՙ կրքոտ, հուզական, գունեղ եւ հիմնականում մտերմիկ ոճով:

«Համոզված եմ, որ գիրքը արձագանք է գտնելու բոլոր նրանց շրջանում, ովքեր դեռեւս կասկածում են, որ մեր, այսպես կոչված, ղեկավարների ամենօրյա հրամցրած «անասնակերը» ամբողջովին բաղկացած է ստերից, որոնք նպատակ ունեն հարատեւ վախի, անհանդուրժողության եւ կեղծ անվտանգության մեջ պահելու մարդկանց», նշել է Քարտաշ Օննիկը շնորհանդեսի ժամանակ, ավելացնելով. «Ամենից շատ ցանկանում եմ, որ մարդիկ սթափվեն, զարթնեն սպառողի, շռայլողի պարտադրված թմբիրից եւ աշխարհի ու բնության դեմ գնալու մտածելակերպից թեւակոխեն դրանց ընձեռած հնարավորություններին ընդառաջ գնալու մտածելակերպը: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք բաց լինել բոլորի առաջ եւ մեր մեջ ուժ կգտնենք լուծելու մեր մոլորակի գլխավոր խնդիրները»:

Անցած ավելի քան քառասուն տարիների գործունեությունը ամփոփելով, նա հպարտությամբ մատնանշել է իր վրա անջնջելի տպավորություն թողած այնպիսի «լուսավորիչների» անունները, ինչպիսիք են Կրիշնամուրտին, Թորոն, Բրանկուսին, Ռաուլ Հեյգը եւ Մքլուհանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4