«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2010-08-26 | #154, 2010-08-27 | #155, 2010-08-28


ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԵՆ, ՔԱՆ ԹՎՈՒՄ ԵՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Իր փոթորկալից պատմության ընթացքում Հայաստանը միշտ էլ գտնվել է ժայռերի եւ ամրակուռ պատնեշների արանքում եւ բնականաբար ընտրել է չարյաց փոքրագույնը: Այդպես պատահեց նաեւ 19-րդ դարի սկզբներին, երբ Հայաստանը, կովկասյան այլ ժողովուրդների հետ, փոխեց իր կառավարիչներին: 1828 թվի Թուրքմենչայի պայմանագրով Երեւանի խանությունը պարտված պարսիկներից անցավ հաղթական ռուսների ձեռքը: Այս պատմական իրադարձությունը նշվում էր նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, որովհետեւ ատելով հանդերձ ցարերին, Սովետները փայփայում էին եւ փորձում պահպանել նրանց նվաճումները: Բայց հայերը ռուսական իշխանության համար ակտիվորեն պայքարել էին դրանից առաջ, հատկապես 17-րդ դարումՙ Ներսես Աշտարակեցու եւ Իսրայել Օրու նման ազգային ազատագրական շարժման գործիչների առաջնորդությամբ:

Կովկասի Ռուսական կայսրությանը միացումով քաղաքական մի մեծ երազանք էր իրականություն դառնում, չնայած որոշ ռուսական պետական գործիչներ պիտի նախընտրեին իրենց իշխանության տակ ունենալ Հայաստանն «առանց հայերի»: Միացումը ցնծության առիթ դարձավ, եւ մեր մեծանուն գրողներից Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» էպիկական վեպում գրեց. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»:

Հայերն աներկմտաբար ռուսամետ քաղաքականության կողմնակից են եղել, շատ անգամ հոժարակամ, բայց երբեմն նաեւ հակառակ իրենց կամքին: Սակայն հաճախ այդ հավատարմությունը նման է եղել միակողմանի երթեւեկության:

Այսօր պատմական նշանակության որոշ հանգամանքներ դարձյալ Հայաստանի վզին են փաթաթում ռուսամետ մի քաղաքականություն, որը կովկասյան համընդհանուր կոնտեքստում կարիք ունի առավել օբյեկտիվ վերլուծության, քան ավանդական մոտեցումները, որոնք մինչ օրս գերիշխել են գնահատելու համար այդ հարաբերությունների շոշափելի արդյունքները:

Պատմական նշանակության գլխավոր հենքն է կազմում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան օգոստոսի 19-22-ը, ընկերակցությամբ հեղինակավոր մի մեծ պատվիրակության, որի կազմում էին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ պաշտոնատար այլ բարձրաստիճան անձնավորություններ:

«Զվարթնոց» օդանավակայան հասնելուց հետո Ռուսաստանի նախագահի առաջին գործը եղավ Ծիծեռնակաբերդ բարձրանալը, որտեղ նա հատուկ արարողությամբ ծաղկեպսակ զետեղեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակին, ի տարբերություն Մ. Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, որը նախընտրեց իր այցը դեպի այդ վայրը որակել զուտ անձնական:

Երեկոն շատ պարզ էր, եւ Արարատ լեռան երկու վեհապանծ գագաթները հստակ երեւում էին երկնակամարումՙ արժանանալով Ռուսաստանի նախագահի հիացական արտահայտություններին: Նրա նախորդներից Նիկոլայ I կայսրը նույնքան բախտավոր չէր եղել, երբ 1837-ի հոկտեմբերին այցելել էր Երեւան: Ռուսաստանի ցարը երեք օր անընդհատ սպասել էր տեսնելու այդ «հպարտ լեռը», որն այդպես էլ ամբողջ ժամանակ մառախուղով եւ ամպերով է պատված եղել: Երրորդ օրվա վերջում ցարը հուսահատ մեկնել է Երեւանից, ասելով. «Եթե ցարը չկարողացավ տեսնել հպարտ լեռանը, ապա Արարատն էլ իր հերթին զրկվեց Ռուսաստանի կայսերը տեսնելու հնարավորությունից»:

Մեդվեդեւի այցելության գլխավոր նպատակը Գյումրիի ռուսական 2-րդ ռազմաբազայի ներկայությունը մինչեւ 2044 թ. երկարաձգելու արձանագրությունը ստորագրելն էր: Իր այցելության օրերին նա ներկա գտնվեց հանդիսավոր բացման արարողությանը «Պատվո բլուր» զինվորական գերեզմանի, ուր ամփոփված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմին մասնակցած ռուս սպաների մարմինները: Նա նաեւ ներկա գտնվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին յոթ խորհրդային հանրապետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Այցի շրջանակներում ստորագրվեց համաձայնագիր Ռուսաստանի կողմից Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Քննարկվեցին Հայաստան-Իրան երկաթգծի եւ խողովակաշարի, ինչպես նաեւ Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրերը: Այսպիսով, կարելի է նշել, որ Մեդվեդեւի այցելությունը առավել մեծ ազդեցություն է ունենալու իր հարեւանների հետ Հայաստանի հետագա տնտեսական հարաբերությունների վրա:

2008-ի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմից հետո Մոսկվան ամրապնդում է իր ռազմավարական դիրքերը տարածաշրջանում, եւ Հայաստանում գործող ռազմաբազան այդ քաղաքականության ընդամենը մեկ բաղկացուցիչ տարրն է: Մյուսները Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող ռուսական նոր ռազմաբազաներն են: Մոսկվան նաեւ նոր պայմանագիր է կնքել Ուկրաինայի հետ Սեւաստոպոլում տեղակայված նավատորմի վերաբերյալ եւ արդիականացրել իր կասպյան նավատորմը:

Այս բոլոր զարգացումները գալիս են խամրեցնելու Թուրքիայի պան-թուրանական ծրագրերը, որն էլ իր հերթին, հակառակ Ռուսաստանի, Եվրոմիության եւ Մ. Նահանգների ցանկության, կարող է խթանել Իրանի ռազմավարական դիրքի բարելավմանը տարածաշրջանում:

Ռուսաստանը նպատակ ունի ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի օրինակով խաղաղապաշտպան ուժերի մի կառույց ստեղծելՙ պահպանելու համար կայունությունը ՀԱՊ կազմակերպության յոթ երկրների տարածաշրջանում:

Ռուսաստանի վերադարձը դեպի իր «մերձակա արտասահմանը» պայմանավորված է Բուշ-Չեյնի քաղաքականությամբ, որը հարատեւ պատերազմներ եւ սադրանքներ էր նախատեսում հատկապես Ռուսաստանի հարավային մասերում: Նոր զարգացումների լույսի ներքո «Վաշինգտոն փոստը» կանխատեսում է տարածաշրջանում Մ. Նահանգների ազդեցության նվազեցում, ինչը լավ բան չի խոստանում Վրաստանի համար:

Մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյության ժամկետը երկարաձգելու համաձայնագիրըՙ Մոսկվայի քաղաքական եւ ռազմավարական ինստիտուտի վերլուծաբան Ալեքսանդր Խրամիչկինն ասաց, որ «ներկա համաձայնագրով Մոսկվան ի վիճակի է լինելու տարածաշրջանում պահպանելու իր հզոր ներկայությունը, մինչ Հայաստանը երաշխավորված է լինելու իր հարեւաններից, որոնք ղարաբաղյան հարցը ցանկանում են լուծել ուժի օգնությամբ»:

Նախագահական այցը եւ ստորագրված համաձայնագրերը թեժ վիճաբանությունների առիթ տվեցին Հայաստանի քաղաքական կուսակցություններում, ինչպես նաեւ պետական այլ կառույցներում:

Համաձայնագրերի կողմնակիցները պնդում են, որ Հայաստանն ունի երեք ռազմավարական գործընկերներՙ Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Եվրոմիությունը, բայց դրանցից մեկը միայն կարող է հասնել Հայաստանին կարիքի ժամանակ, եւ դա Ռուսաստանն է: Եվրոմիությունը ռազմական ուժեր չունի ե այդ պարտականությունը ՆԱՏՕ-ի ուսերին է բարդում, իսկ Մ. Նահանգներն էլ ցանկություն չունի միջամտելու, ինչպես պարզվեց ռուս-վրացական հակամարտության օրերին: Մյուս կողմից, Հայաստանն առավելություն է ստանում ձրի կամ էժան գնով ձեռք բերելու ռուսական արդիական զինամթերք պայմանագրի ամբողջ տեւողության ընթացքում: Կա նաեւ Հայաստանում տեղակայված ռազմական ուժերի հրամանատարության խնդիրը, որը սահմանադրությամբ վերապահված է Հայաստանի նախագահին որեւէ ագրեսիայի կամ պատերազմի վտանգի դեպքում: Հասկանալի է, որ 4-հազարանոց մի բանակը չի կարող որեւէ մեկին հետ պահել իր ագրեսիվ մտադրություններից, սակայն համաձայնագրերի պաշտպանները համոզված են, որ տեղում գտնվող արդի ռազմական տեխնիկան կարող է լուծել այդ հարցը:

Կան նաեւ հակառակը պնդողներ: Նրանցից մեկը քաղաքական մեկնաբան Ահարոն Ադիբեկյանն է, որը սարկազմով է վերաբերվում Ռուսաստանին վստահելու Հայաստանի քայլերին: Նա մեջբերում է Մ. Նահանգներիՙ կանանց վերապահված բանակային կոդեքսի 6-րդ պարբերությունը, որտեղ նշված է. «Երբ թշնամին նեղ է գցում ձեզ, մի դիմադրեք, մի լարվեք, պարզապես փորձեք գերագույն հաճույք ստանալ այդ ամենից»: Այս դեպքում էլ Հայաստանը չի կարող, ըստ նրա, մերժել Ռուսաստանի պահանջները եւ պարտավոր է «պարզապես չլարվել եւ փորձել գերագույն հաճույք ստանալ»:

Մյուս դիմադրողը Կարինե Դանիելյանն է, Հանրային խորհրդի անդամը, որը հիշեցնում է, որ «չնայած Ռուսաստանը մեզ միշտ թիկունք է կանգնած եղել, կրիտիկական ժամերին, այդուհանդերձ, մեզ լքել է եւ դավաճանել»: Որոշ ճշմարտություն կա այս խոսքերի մեջ:

Որոշ ընդդիմադիրներ էլ հավատացած են, որ ռազմաբազայի ներկայության ժամկետի երկարաձգումը վերջ է դնելու Հայաստանի մինչ այժմ որդեգրած «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությանը:

Ադրբեջանն ու Վրաստանը մտահոգված են, որ նոր նախաձեռնություններով խախտվում է Կովկասում ռազմական հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի: Ադրբեջանական լրատվությունը հատկապես չափազանց խստորեն է քննադատում այդ համաձայնագրերը ու Մոսկվային կոչ է անում հրաժարվել հայ-ադրբեջանական հակամարտությունում անկողմնակալ միջնորդ լինելու հավակնությունից:

Բաքվի վարչակազմին սիրաշահելու նպատակով Մոսկվան առաջարկում է Ադրբեջանին վաճառել C-300 հակահրթիռային համալիրներ: Հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատեց նման գործարքը, արդարացնելով, որ դրանք «պաշտպանական համալիրներ են»: Ստացվում է, որ Ղարաբաղի կամ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Բաքուն ռուսական զենքերով պաշտպանված է լինելու որեւէ հայկական հնարավոր հարձակումից: Զավեշտական մի իրավիճակ, որը հասկանալ կարելի է միայն հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի համընդհանուր ռազմավարական ծրագրերը, որոնցով նա փորձում է Կովկասում առանձին երկրների անվտանգությունն ապահովել:

Մեդվեդեւի մեկնումից հետո Հայաստանում որոշակի ոգեւորություն է նկատվում: Դա հիմնված է Ռուսաստանին վստահելու ավանդույթի վրա: Բայց ձեռագիրը հստակ է, եւ Հայաստանը պարտավոր է գերագույն օգուտ քաղել արդիական զենքերի այս հնարավորությունիցՙ չեզոքացնելու համար Ադրբեջանի նավթադոլարային միջոցներով կառուցված բանակի ձեռնարկումները եւ պետք եղած դեպքում (եթե հանկարծ Ռուսաստանը դրժի իր խոստումները) հույսը դնել միայն իր զինված ուժերի վրա:

Ռուսաստանը կարող է իր «անգործությունը» պատճառաբանելՙ ասելով, որ Ղարաբաղը չճանաչված քաղաքական մի միավոր է, ուստի չի մտնում երկկողմ համաձայնագրի դրույթների մեջ:

Անակնկալներն ամեն ժամի կարող են տեղի ունենալ: Հայաստանը չի կարող անգործության մատնվել որեւէ ագրեսիայի պարագայում: Այնպես որ եկեք վստահենք Ռուսաստանին, բայց առավել եւս վստահենք մեր սեփական ռեսուրսներին:

Դետրոյթ, ԱՄՆ, «Արմինյն միրոր սփեքթեյթր»-ից, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4