«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2010-08-26 | #154, 2010-08-27 | #155, 2010-08-28


ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՙ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽՄԲԱՎԱՐ ԼՈՌԻ ԱՆԴՈՒՆՅԱՆԻ

Մոնրեալի գոթական ոճով կառուցված Սեն-Լորան եկեղեցում հունիսի 5-ին հայազգի քսաներեքամյա խմբավար Լոռի Անդունյանի նախաձեռնությամբ կայացել է դասական երաժշտության անզուգական մի համերգ ի նպաստ արվեստագետուհի Մարի-Ռոզ Պերպերյանի: Ըստ «Ապագայ» շաբաթաթերթի (պատասխանատու խնբագիր Արսեն-Նուպար Մամուրյան) Անդունյանը նոր անուն է Կանադայի երաժշտական կյանքում, որն «այժմ կը յառաջանայ իր ասպարէզին մէջ ուսուցիչ ունենալով Գանադայի ամենայարգուած ու ծանոթ մաէսթրոներենՙ Րաֆֆի Արմէնան, տնօրեն Մոնրէալի երաժշտանոցին»:

Համերգի ընթացքում «Էմպերիալ» նվագախմբի կատարմամբ հնչել են Եկմալյանի «Հայր մերը»ՙ Լոռիի վերամշակմամբ, Վիվալդիի կիթառի կոնցերտը, Անդունյանի «Ալտիսիմուսը» եւ այլ ստեղծագործություններ: Ամենահետաքրքրականը, սակայն, եղել է մոտ հարյուր օտարալեզու պատանի-պարմանուհիների բեմ բարձրանալը: Մոնրեալի «Պիեր Լապորտ» միջնակարգ դպրոցի սաները Անդունյանի ղեկավարությամբ եւ նվագախմբի ընկերակցությամբ ներկաներին պարգեւել են հիշատակելի վայրկյաններՙ կատարելով այլ ստեղծագործությունների շարքում նաեւ հայկական «Կիլիկիա» երգը, որ նրանք սովորել են ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Դպրոցի տնօրենուհի Ֆրանսին Բեբեն մեծապես գնահատել է Լոռի Անդունյանի ջանքերն ու մանկավարժական հմտությունները եւ խորին շնորհակալություն հայտնել հիանալի երեկոյի համար, որին ներկա են գտնվել հայ թե օտար արվեստագետներ, մամուլի ներկայացուցիչներ, «Ռադիո-կրետիեն» լրատվական ցանցի աշխատողներ, «Նուրսաթ» հեռուստակայանի նկարահանող խումբը եւ ուրիշներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4