«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2010-09-02 | #159, 2010-09-03 | #160, 2010-09-04


20 ՏԱՐԻՙ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 28 ՏԱՐԻՙ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ ԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրիՙ Հրանտ Դինքի սպանությունից ավելի քան երկու տարի անց մի թուրք լրագրողի 28 տարվա բանտարկություն է սպառնում այդ սպանության հանգամանքների մասին գիրք գրելու համար, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթըՙ լուրը քաղելով Ստամբուլի «Հյուրիեթից»:

Բանտարկության նշված ժամկետը 8 տարով ավելի է, քան բուն սպանության մեջ կասկածյալին սպասող պատիժը:

«Դինքի սպանությունը եւ հետախուզական մարմինների ստերը» գրքի հեղինակը «Միլլիեթ» օրաթերթի լրագրող Նեդդիմ Սեներն է, որն իր հետազոտության նյութ է դարձրել անվտանգության մարմինների թերացումները ինչպես Դինքի սպանությունից առաջ, այնպես էլ դրանից հետո: Նրա դեմ դատական հայց են ներկայացրել մեկ ոստիկան եւ երեք ղեկավար աշխատողներ: Սեներին մեղադրում են գաղտնի տեղեկությունների հրապարակման եւ ահաբեկչության դեմ պայքարողներին թիրախ դարձնելու մեջ:

Օգոստոսի սկզբներինՙ դատական առաջին լսումներից առաջ, խոսելով «Անատոլիա» լրատու գործակալության ներկայացուցչի հետ, լրագրողը իրեն պաշտպանել է, ասելով, որ գրքում ներառված տեղեկությունը զետեղված է ինտերնետում, եւ «Գուգըլի» միջոցով որեւէ մեկը կարող է ձեռք բերել: Նա ավելացրել է, որ դատավարությունը տեղի է ունենում Ստամբուլի երկրորդ դատարանում, եւ գաղտնիքը քողազերծելու համար նրան 8 տարի բանտարկություն է սպասում, իսկ մյուս մեղադրանքի համարՙ 20 տարի: Դատարանում նա խնդրել է իրեն մեղավոր չճանաչել: Դատավորը որոշել է հետաձգել դատավարությունը, որպեսզի կողմերը ավելի լավ ծանոթանան գործին:

«Մենք դատավարությանը ներկա էինք ոչ միայն Սեներին, այլեւ Թուրքիայում մամուլի ազատությանը պաշտպանելու նպատակով», ասել է «Միլլիեթի» գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը «Անատոլիա» գործակալությանը: Թուրքիայի ժուտնալիստների ասոցիացիան հայտարարություն է հրատարակել, որով իր «մտահոգություններն» է արտահայտել ինչպես տվյալ գործի, այնպես էլ ժողովրդավարական խնդիրների վերաբերյալ: «Սեների նման արհեստավարժ լրագրողների բացահայտումները հանրությանը մատուցված ծառայություններ են», նշվել է հայտարարության մեջ: Իսկ «Հյուրիեթ դեյլի նյուզ» եւ «Էկոնոմիկ ռիվյու» պարբերականների գլխավոր խմբագիր Դեյվիդ Ջադսոնն ասել է, որ «խոսքի ազատության կառույցները վերջին շրջանում որոշակի հաջողությունների հասել են, սակայն պետական մի շարք մարմիններ դեռեւս չեն հասկանում այս կարեւոր ժողովրդավարական հասկացության բնույթը: Հուսով ենքՙ նրանք էլ կհասունանան ժամանակի ընթացքում եւ կնպաստեն, որ հասարակությունը հասկանա խոսքի ազատության կարեւորությունը»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4