«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2010-09-07 | #162, 2010-09-08 | #163, 2010-09-09


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱՄՈԳԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸՙ ՊՐՈՖ. ՌԱՍԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ

Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ինՙ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՀՈւՀԱԱ) բելմոնտյան (Մասաչուսեթս) կենտրոնում Հարվարդ համալսարանի «Մաշտոց» մրցանակին արժանացած պրոֆ. Ջեյմս Ռասելը դասախոսություն է կարդալու «Հայկական մի բժշկամոգական ձեռագրի շրջագայությունը» թեմայով: Այդ ձեռագիրըՙ մի անսովոր հուշատետր «Բժշկարան» վերնագրով, հայտնվել է վերջերս ՀՈւՀԱԱ-ին նվիրած հանգուցյալ դոկտ. Լեւոն Զ. Բոյաջյանի գրքերի եւ փաստաթղթերի հավաքածուում, որտեղից պրոֆ. Ռասելը հանել է եւ ուսումնասիրել: Ըստ նրաՙ տեքստի բժշկական հատվածը համեմատաբար նոր է, գրված 1890-1920 թվականներին, իսկ որոշ մոգական տեքստերՙ գրված դասական հայերենով, հավանաբար արտագրված են ավելի վաղ շրջանի (17-րդ կամ 18-րդ դարերի) ձեռագրերից: Տեքստերից ոմանք (Սողոմոնի մասին պատմողնՙ օրինակ) հայտնի են նաեւ այլ աղբյուրներից: Նա պատահականություն չի տեսնում մի հուշատետում ե՛ւ բժշկական, ե՛ւ մոգական տեքստերի տեղադրման մեջ, քանի որ հնում այդ երկուսը գոյություն են ունեցել համարյա իրարից անբաժան: Պրոֆեսորն իր դասախոսության ընթացքում անդրադառնալու է այդ ձեռագրիՙ հին աշխարհից դեպի նորը անսովոր «շրջագայության» մասին:

Դասախոսության առիթն օգտագործելովՙ ՀՈւՀԱԱ-ի վարչականներն, ըստ հաղորդագրության, որոշել են հարգանքի տուրք մատուցել ասոցիացիայի երեք հիմնադիր անդամներինՙ Թովմաս Ամիրյանին (վախճանված 1993-ին), Արա Ավագյանին (վախճանված այս տարվա հուլիսին) եւ Մանուկ Յանգին, որոնք 1955-ին, հետեւելով Հարվարդ համալսարանի պրոֆ. Ռիչարդ Ֆրայի հորդորներին, հիմնել են Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4