«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2010-09-10 | #165, 2010-09-11 | #166, 2010-09-14


ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

«Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան օրերս սահմանեց համաշխարհային ռեկորդ եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը: Շոկոլադե հսկան պատրաստվել է 4 օրվա ընթացքում. պատրաստման աշխատանքներին մասնակցել է 30 աշխատակից: Հումքը` Գանայի Հանրապետությունից ներմուծված հատիկավոր կակաոից, պատրաստումը` դառը շոկոլադե սալիկի տեխնոլոգիայով, բաղադրությունը` 70 տոկոս բնական հումք` 500 կգ կակաո եւ 300 կգ շաքարի փոշի: Վերջին անգամ ամենամեծ շոկոլադե սալիկի համար Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակը դիմում ստացել էր երեք տարի առաջ էր: 2007-ին հաղթող ճանաչված իտալական շոկոլադե սալիկը կշռում էր 3 տոննա 580 կգ:

«Գրանդ քենդի» նշանակում է «մեծ կոնֆետ», փաստում է ՀՀ Աժ պատգամավոր Կարեն Վարդանյանն ու հավելում, որ այս հաղթանակով չեն բավարարվելու:

«Շատ ցավալի է, որ 20 տարվա ընթացքում արտադրական, արդունաբերական որեւէ ռեկորդ չի սահմանվել: Սառույցը կոտրեցինք, Հայաստանում առաջին դեպքն է, երբ արդյունաբերական ոլորտում Գինեսի ռեկորդ է սահմանվել: Սակայն ժողովուրդը կարող է պահանջել տարին մեկ ռեկորդ սահմանել` «ամենամեծ պաղպաղակը» կամ «ամենամեծ թխվածքաբլիթը» անվանակարգերում: Դրա մասին կմտածենք», ասաց նա:

Սալիկը միջին սպառողին կբավարեր շուրջ 450 տարի, պահպանման ժամկետը 6 ամիս է: Սակայն շոկոլադե հսկան հատուկ նախատեսված սառնարանում կմնա մինչեւ հոկտեմբեր:

Համաշխարհային ռեկորդը նվիրված է ընկերության 10-ամյակին: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա միջոցառում, եւ հասարակությունը կհամտեսի ռեկորդակիր շոկոլադը:

Գինեսի ռեկորդների գրքի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթն էլ 3 օր շրջել է «Գրանդ Քենդի» գործարանում: Համտեսել ռեկորդակիր շոկոլադն ու սիրահարվել հայկական շոկոլադին:

«Շոկոլադ շատ եմ սիրում, այդ պատճառով ինձ համար կրկնակի հաճույք է այն գրանցել է Գինեսի ռեկորդների գրքում», ասաց Սմիթը ռեկորդի սահմանումը հաստատող հավաստագիրը հանձնելով Կարեն Վարդանյանին:

«Գրանդ քենդի»-ի արտադրած շոկոլադը կհամտեսեն նաեւ Գինեսի ռեկորդների գրասենյակում: Գինեսի ռեկորդների աշխատակազմը պահանջել է, որպեսզի Սմիթը նրանց համար էլ շոկոլադ տանի: Ընկերությունը խնդրանքը չի մերժել, Սմիթն էլ համոզված էՙ հայկական շոկոլադը կսիրեն նաեւ Անգլիայում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4