«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2010-09-11 | #166, 2010-09-14 | #167, 2010-09-15


«ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԱՋԱԿՑԻ՛Ր»

Այս խորագիրն է կրում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 28-ի համարում հրատարակված Քլիվլենդից (ԱՄՆ) քանդակագործուհի Բոնի Սյուզան Գելդլանդի հոդվածը, որտեղ նա հիացմունքով է խոսում տեղական հայկական ռադիոժամի գործունեության մասին:


«Ոչ, ես հայ չեմ, ոչ էլ քրիստոնյա, սակայն ինձ ամբողջովին հայ եմ զգում ամեն անգամՙ ամեն կիրակի, երբ ժամը 17-19 լսում եմ Ջոն Քերոլ համալսարանից հեռասփռված հայկական ծրագիրը», գրում է նա, եւ հավաստում, որ արդեն վեց տարի այդ ռադիոժամի «հավատարիմ ունկնդիրն է»:

«Այդ հաղորդումներում ամեն ինչ կա, երաժշտություն, պոեզիա, արվեստ, քաղաքական եւ տնտեսական նորություններ եւ, անշուշտ, Սեմ Միրաքյանի առաջնորդող զեկույցները: Սեմը իր տիկնոջՙ Սյուի եւ հաղորդավարներ Ռազմիկ եւ Րաֆֆի Փունարջյանների հետ ուշագրավ աշխատանք է կատարում», նշում է նա, հավելելով, որ 25 տարի աշխատում է տուրիստական գործակալությունում եւ մինչեւ հայկական ռադիոժամի ծրագրերն ունկնդրելը շատ բան չգիտեր Հայաստանի կամ հայերի մասին: «Միայն կցկտուր տեղեկություններ լսել էի հորիցսՙ ահավոր ջարդերի եւ այն մասին, որ հայերի ազգանունները «յան»-ով են ավարտվում: Իհարկե, համտեսել էի նաեւ մեր հարեւանի հայկական համեղ ուտեստները, որոնցից միշտ երկրորդՙ հավելյալ անգամ էի օգտվում: Հիմա շատ բան գիտեմ Հայաստանի եւ հայերի մասին, գիտեմ երկրի գտնվելու վայրի, երաժշտության, այբուբենի, լեգենդների եւ տնտեսական խնդիրների մասին: Այդ բոլորը շնորհիվ Սեմի, որին համարում եմ «չգովաբանված հերոս»: Հիշում եմ ուսանողական տարիներին, տնային աշխատանքները թողած, լսում էի նրա հաղորդումները: Նրա նպատակն է դաստիարակել նոր սերնդին հայկականության ոգով, որպեսզի չմոռանան իրենց արմատները: Ինձ մեծապես տպավորեց ցեղասպանությանը նվիրված 2008 թ. նրա հաղորդումը: Արցունքոտ աչքերով անմիջապես որոշեցի «Տարբեր գազանություններ ներկայացնող իմ քանդակների շարքում կերտել Հայկական ցեղասպանությանը նվիրված մի հուշարձան: Այն անվանեցի «Բռնի՛ր ձեռքս, սիրելիս: Փակի՛ր աչքերդ: Մենք իսկական դժոխքում ենք», քանի որ մտածեցի, որ այդ խոսքերն ասած պիտի լինեին միմյանց հարազատ մարդիկ նախքան նահատակվելը: Քանդակը լավագույնը ճանաչվեց «Կույահոգա համայնքային քոլեջում» բացված ցուցահանդեսում: Հիմա մտածում եմ այն Քլիվլենդ բերելու եւ հայկական եկեղեցում ցուցադրելու մասին: Գուցե սեպտեմբերի 19-ինՙ «Հայկական մշակութային օրերին» մասնակցեմ, որովհետեւ գիտեմ, որ այնտեղ են լինելու երկու ականավոր հայերՙ Կառլոս Պոզոլյանն ու Պերճ Շաքարյանը, որոնց վաղուց եմ ճանաչում», գրում է նա եւ «Շնորհակալություն Քլիվլենդի ռադիոժամին: Ես ձեզ սիրում եմ» բառերով ավարտում է իր հոդվածը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4