«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2010-09-15 | #168, 2010-09-16 | #169, 2010-09-17


ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Fruitfull Armenia 6-րդ միջազգային համաժողովը երեկ մեկնարկեց Երեւանում: Այս անգամ այն նվիրված է Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին: Համաժողովի հրավիրված են միջազգային ճանաչում ունեցող խաղողագործներ եւ գինեգործներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից եւ այլ երկրներից:

Fruitfull Armenia-ին մասնակցեց եւ ոլորտի խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդգծելով այն հանգամանքը, որ համաժողովում քննարկվում են խաղողագործության զարգացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը, վարչապետը նշեց, որ այս ոլորտում վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարվել, ինչի շնորհիվ բարձրացել է ոլորտի մրցունակությունը, եւ սրվել է մրցակցությունը: Սակայն վերջինս, ըստ Տիգրան Սարգսյանի, բերել է նրան, որ փոքր արտադրողները կորցնում են իրենց մրցունակությունը: Նման վիճակից դուրս գալու համար նրանք պետք է միավորվեն եւ ստեղծեն կոոպերատիվներ: Կառավարությունը պատրաստ է օժանդակել այդ կոոպերատիվներին ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ տեխնիկապես: Վարչապետը կարեւորեց նաեւ բարձր որակի մթերող եւ վերամշակող ընկերությունների կայացումը, որպեսզի կարողանանք միջազգային շուկայում ունենալ բարձրորակ գինիներ, որոնք կմրցեն համաշխարհային ճանաչում ունեցող գինիների հետ:

Խոսելով համաժողովում ներկայացված երկրոդ հարցիՙ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի մասին, Տիգրան Սարգսյանն ասաց, որ այն կլուծի գյուղմթերքների արտահանման խնդիրը: Կարեւոր է, որ օդանավակայանում լինեն լաբորատորիաներ, որոնք կհավաստագրեն այդ գյուղմթերքների համապատասխանությունը միջազգային որակի չափանիշներին: Վարչապետը նշեց նաեւ, որ ազատ տնտեսական գոտում աշխատելու են հրավիրվելու գյուղմթերքների մեծածախ առետրով զբաղվող ընկերությունները:

Խոսելով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարի մասինՙ Տիգրան Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ անհնար է ունենալ զարգացած գյուղատնտեսություն առանց զարգացած գյուղական համայնքների: Ըստ նրաՙ անհրաժեշտ է գյուղում ստեղծել վերամշակող հզորություններ, որտեղ բացված աշխատատեղերն ավելի շուտ արդյունաբերական կլինեն, քան զուտ գյուղատնտեսական: Դա, վարչապետի հավաստիացմամբ, ենթադրում է, որ կբարձրացնի կյանքի որակը գյուղերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4