«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2010-09-17 | #170, 2010-09-18 | #171, 2010-09-22


ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց տեղի հայ համայնքի, հայ ուսանողների, ինչպես նաեւ «Նոր սերունդ» եկեղեցասեր երիտասարդների միության հետ, ապա նրանց ներկայացրեց միության կրթական եւ երիտասարդական ծրագրերը, մասնավորապես խոսելով Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ)` ՀԲԸՄ կրթական նորագույն նախաձեռնության մասին:

ՀԲԸՄ ՀՎՀ-ն պաշտոնապես մեկնարկել է 2009 թվականի հունիսին եւ իր արժանի տեղը գրավել ՀԲԸՄ բազմաբնույթ երիտասարդական եւ կրթական ծրագրերի շարքում, որոնք միությունը, Հայ առաքելական եկեղեցու հետ միասին, ավելի քան 100 տարի շարունակ իրականացնում է աշխարհի հայաշատ համայնքներում:

ՀԲԸՄ ՀՎՀ-ի ծրագիրը Մոսկվայի հայ համայնքին ներկայացվել էր դեռեւս 2009 թվականի սեպտեմբերինՙ արժանանալով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ջերմ ընդունելությանը, ով հայտնել էր իր պատրաստակամությունըՙ աջակցելու ՀԲԸ միության Ռուսաստանում իրականացվելիք ծրագրերին:

Հանդիպման ընթացքում դոկտոր Երվանդ Զորյանը նշեց, որ այսօր ՀՎՀ-ի ուսումնական ծրագրից օգտվող երիտասարդների շրջանում ՌԴ-ից գրանցված երիտասարդները տոկոսային համադրությամբ առավելություն են կազմում մյուս հայաշատ համայնքներից գրանցված ուսանողների թվի նկատմամբ, եւ իր համար զարմանալի չի լինի, եթե այդ թիվը առաջիկայում կրկնապատկվի:

Սանկտ Պետերբուրգի հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց միության ծրագրերի հանդեպ, որոնք վստահաբար իրենց ազդեցությունը պիտի ունենան կրթամշակութային հարուստ պատմություն ունեցող համայնքում:

Սանկտ Պետերբուրգի, Հայ առաքելական եկեղեցու լրատվական կենտրոն, Տ Խադ քհն. Ղազարյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4