«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԾԱԾ ԳՈՐԳԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Սպիտակ տան պահեստասենյակներից մեկում պահվում է մի գորգ, որը պատմական նշանակություն ունի այն առումով, որ 400 հայ որբուհիներ են գործել Բեյրութից 40 մղոն դեպի հյուսիս գտնվող «Ղազիր» ավանում 1924-25 թվերին, տեղեկացնում է Թոմ Վարդապետյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում:

Գունավոր զարդանախշերով 6x4 մետր չափերով այս գորգը ճակատագրի բերումով «որբ» էլ մնացել է այն օրից, երբ առ ի երախտագիտություն ամերիկացի ժողովրդի հայերին ցուցաբերած օժանդակության, Վաշինգտոն է ուղարկվել եւ նախագահ Քելվին Քուլիջին է նվիրվել 1925-ի դեկտեմբերի 2-ին կազմակերպված հատուկ արարողության ժամանակ:

Հայ պատմաբաններն ու արխիվի աշխատակիցներն, ըստ հաղորդագրության, այժմ ելքեր են որոնում այդ մոռացված, բայց արժեքավոր գորգը մշտական ցուցադրության դնելու Սպիտակ տանը, Ցեղասպանության թանգարանում կամ էլ Սմիթսոնյան պատկերասրահում: Բայց քաղաքական որոշ հանգամանքներ խոչընդոտում են այս նախաձեռնությանը: «Եթե գորգի պատմությունը բացահայտվի, խոսք է բացվելու հայերի ցեղասպանության մասին, իսկ այս երկիրը (ԱՄՆ-ը) դեռ չի որդեգրել նման քաղաքականություն», նշում է Վուստերից պատմաբան եւ ատամնաբույժ դոկտ. Մարտին Դերանյանը , որը նպատակ ունի առավել մեծ ուշադրության արժանացնել «Նիըր իսթ Ռիլիֆի» աշխատանքները 1915-1923 թվերին: Նա խորին հարգանքով է արտահայտվում դոկտ. Յակոբ Քունզլերի (կամ «պապա» Քունզլերի) մասին, որը հազարավոր հայերի էր փրկել այդ տարիներին նրանց Սիրիա տեղափոխելով եւ աշխատանքի տեղավորելով Ղազիրում իր իսկ հիմնած գորգի գործարանում (այդ թվերին Լիբանանը առանձին երկիր չէր եւ մտնում էր «Մեծ Սիրիա» տարածքումՙ ֆրանսիական մանդատի ներքո-ծ.խ.): Նախագահ Քուլիջը շնորհակալական եւ սրտաբուխ խոսքերով է ընդունել նվերը: «Ստացել ենք այս գեղեցիկ գորգը, որը Լիբանանում երեխաները հյուսել են առ ի երախտագիտություն այն օգնության, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է նրանց «Նիըր իսթ Ռիլիֆ» կազմակերպության միջոցով: Անձամբ իմ եւ մեր ժողովրդի շնորհակալական խոսքերը խնդրում եմ փոխանցեք այդ որբերին եւ նշեք, որ գորգը իր պատվավոր տեղն է զբաղեցնելու Սպիտակ տանը, որտեղ խորհրդանշելու է բարյացակամ վերաբերմունքի գաղափարը», գրել է նա «Նիըր իսթ Ռիլիֆ» կազմակերպության փոխնախագահ դոկտ. Ջոն Ֆինլիին ուղղված նամակում:

Այդ թվերին Մ. Նահանգներում գործում էր այսպես կոչված «ոսկյա կանոնը», որի համաձայն ամեն տարի դեկտեմբերի առաջին կիրակի օրը մարդիկ պետք է մեկ անգամ ճաշեին, իսկ մնացյալ ճաշերին հատկացվելիք գումարը փոխանցեին «Նիըր իսթ Ռիլիֆ» կազմակերպությանը: Այս նախաձեռնության շնորհիվ տարեկան երկու միլիոն դոլար էր հանգանակվել, որը գորգը նախագահին հանձնելու արարողության թերթերի լուսաբանումով կրկնապատկվել էր: Այս հանգամանքն էլ նպաստել էր, որ Ղազիրի գործարանի պատվերները ավելանան, որբ աղջիկներն ավելի շատ գումար վաստակեն եւ ի վերջո կարողանան ընտանիք կազմել: Նախագահ Քուլիջն իր պաշտոնավարության ժամանակ գորգը ցուցադրել էր «Կապույտ սենյակում», որտեղ էլ այն մնացել էր մինչեւ 1928 թվականը, որից հետո նա իր հետ տարել էր Նորթամպտոն (Մասաչուսեթս): Այնտեղ «Բիչիզ» (հաճարենիներ) կոչված վայրում գորգը զարդարել էր իր հյուրասենյակը մինչեւ իր մահըՙ 1933-ին, որից հետո տիկին Քուլիջն էր այն պահպանել մինչեւ իր մահըՙ 1957-ին: Այնուհետեւ գորգը անցել էր Քուլիջների որդունՙ Ջոնին, որը 1974-ին վաճառել էր իր Կոնեկտիկուտի տունը, եւ գորգը հանգրվանել էր Պլիմուտում (Վերմոնտ) գտնվող «Քուլիջների կալվածքում», որտեղից հետագայում վերադարձվել էր Սպիտակ տուն եւ 1983-ին մուտքագրվել թանկարժեք իրերի ցուցակում:

Հավաքածուների կուրատորը 1984-ին հրավիրել էր դոկտ. Մարտին Դերանյանինՙ ճշտելու որոշ մանրամասներ գորգի վերաբերյալ: Դերանյանը այցելել էր Սպիտակ տուն Միչիգանից դեմոկրատ սենատոր Կառլ Լեւինի եւ ՄԱԿ-ում նախկին դեսպան Սեթ Մոմճյանի հետ եւ հասկացրել, որ գորգը «պաշտոնական ցուցադրության» չի արժանանա երբեւէ: «Գորգին դիպչելը յուրօրինակ զգացմունքներ առաջացրեց իմ մեջ,- հիշում է Դերանյանը,- այդ աղջիկները իրենց նուրբ մատներով էին հյուսել այդ երախտագիտություն արտահայտող գորգը: Հիշեցի մորս, որ մինչեւ Ուրֆա հասնելը անցել էր ամեն տեսակի վիրավորանքների ու ստորացումների միջով»:

Ճակատագրի բերումով 1995-ին մեկ ուրիշ հայի է բախտ վիճակվել այցելել Սպիտակ տուն եւ տեսնել այդ գորգը: Հյուսիսային Էնդովերից (Մինեսոտա) Շառլոտ Մովսիսյանը «Լոուրենս իգլ-Տրիբյուն» թերթում մի օր նկատում է մի գունավոր նկար, որտեղ Հիլարի Քլինթոնը հյուրերին ցույց է տալիս (իր ամուսնու նախագահական պաշտոնավարության ժամանակ) «Կապույտ սենյակը»: Նա անմիջապես ճանաչում է այնտեղ ցուցադրված պայծառ գույներով գորգը, որովհետեւ իր մայրըՙ Վարդուհի (Հովսեփյան) Գյուլեզյանը այն որբուհիների թվում էր եղել, որ հյուսել էին ժամանակին այդ գորգը: Նա (Վարդուհին) այդ ժամանակ 14 տարեկան է եղել: Նրան 1926-ին Ղազիրից 15-ամյա մեկ ուրիշ որբուհուՙ Գյուլենիա Քեհիայանի հետ Ամերիկա են տեղափոխելՙ մասնակցելու Մ. Նահանգների կազմավորման 150-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներից ջուլհակագործների շոուին:

Շառլոտ Մովսիսյանը նամակ է գրում Հիլարի Քլինթոնինՙ առանց շատ մեծ ակնկալությունների, եւ ակնարկում գորգի մասին: Մեկ ամիս անց նա Սպիտակ տան կուրատորից հրավեր է ստանում իր ընտանիքի հետ այցելելու Վաշինգտոն:

Իր ամուսնուՙ Ալբերտի, եղբորՙ Մարտինի եւ մոր հետ Շառլոտը ուղեւորվում է գնացքով դեպի Սպիտակ տուն, որտեղից կուրատորն ու նրա օգնականը նրանց ողջունում են եւ ուղեկցում դեպի «Կապույտ սենյակ», որտեղ տիկին Վարդուհին անմիջապես ճանաչում է գորգը:

«Այն փաստը, որ «Նիըր իսթ Ռիլիֆ» կազմակերպությունը պարտավորվել էր օգնել հայ որբերին, ներառյալ զոքանչիս, արժանի է ամեն գնահատանքի եւ երախտագիտական զգացմունքների: Ես ծնկի եկա եւ սկսեցի մատներով շոշափել գորգի յուրաքանչյուր սանտիմետրը: Գորգի անկյուններից մեկում կարդացի երախտագիտական խոսքերը, որոնք ուղղված էին «ոսկյա կանոնը հաստատողներին», հիշում է տիկին Վարդուհու փեսանՙ Ալբերտ Մովսիսյանը :

Նրանք մեկուկես ժամ մնում են Սպիտակ տանը, նկարում գորգը եւ հիշողություններով բեռնված հեռանում:

«Շատ քչերը գիտեն այս գորգի եւ նրա նշանակության մասին, որովհետեւ որբուհիները շատ բան չէին պատմում դրա եւ իրենց անցած տառապալից անցյալի մասին: Մեր այցելություններից հետո գորգը դարձյալ պահեստավորվել է եւ մոռացության մատնվել: Հույս ունենք, որ մի օր իր արժանի ու պատվաբեր տեղը կգտնի», ասում է Ալբերտը, որը դպրոցում իր դասերի ժամանակ գորգի օրինակով երեխաներին պատմում է հայերին պատուհասած ցեղասպանության մասին, նշելով, որ եթե միայն լեզու ունենար այդ գորգը, հատորներ լրացնող պատմություններ կպատմեր:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4