«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ԱՅԴ ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ԵՐԳԱՀԱՆԸՙ ԴԱՅԱՆԱ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆ-ՌԱՀԲԻՆ

«Ահա կոմպոզիցիոն մի ոճ, որտեղ միաձուլվում են նեոկլասիցիզմն ու նեոռոմանտիցիզմըՙ համեմելով այդ միասնությունը նաեւ էթնիկական, տվյալ դեպքումՙ հայկական համուհոտով»: Այսպես է բնութագրել արվեստագետ-քննադատներից մեկը Դայանա Գյուլխասյան-Ռահբիի երաժշտական ստեղծագործությունները, որոնք բազմազան են ժանրային տեսակետից:

Առլինգտոնից (Մասաչուսեթս) «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 7-ի համարում զետեղված հոդվածը, որտեղից թարգմանաբար քաղում ենք մեր տվյալները, տեղեկացնում է, որ Սոմերվիլում (Մասաչուսեթս) ծնված երգահանը Եղեռնից մազապուրծ դեղագործ Փիթեր Ահարոնի Գյուլխասյանի դուստրն է, ով այժմ հիմնականում մասնավոր դասեր է տալիս իր տանըՙ Բելմոնտում, միաժամանակ դասախոսություններ եւ գործնական դասընթացներ տալով տարբեր հաստատություններում: Նրա ստեղծագործությունները կատարվում են ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Եվրոպայում: Նրա «Ուրարտու» ռապսոդիան մայիսին կատարվել է Բոստոնի «Ջորդան Հոլում», իսկ «Ինֆինի» եւ «Բաղաթել» ստեղծագործությունները օգոստոսի վերջերին իրենց պրեմիերան են ունեցել Պիժոնի (Ֆրանսիա) «Արվեստի կենտրոնում»: Առաջիկա հոկտեմբերին Նյու Յորքի «Կառնեգի» համերգասրահի «Վեյլ» դահլիճում սոպրանո Քերոլ Կարոլը հանդես է գալու նրա գործերի կատարմամբ, իսկ ամսվա վերջին Լոնդոնի երաժշտության «Գիլդիայի դպրոցում» տեղի է ունենալու Կարոլա Գրինդիի հիշատակին նվիրված, դաշնամուրային չորս ձեռքի համար գրված երաժշտության պրեմիերան:

Հակառակ միջազգային դասական երաժշտության աշխարհում ունեցած վաստակին եւ հռչակինՙ Դայանան հայկական համայնքում այնքան էլ մեծ ճանաչում չունի: Պատճառը նրա չափից ավելի համեստ անձնավորություն լինելն է: Նրա ստեղծագործական նվաճումները հայ հասարակությանը ծանոթացնելու նպատակով «Հայ կանանց միջազգային ասոցիացիան» կազմակերպել է մի համերգ, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին Առլինգտոնի «Հայ մշակութային հաստատության» դահլիճում:

Թերթի հոդվածի առիթով տված հարցազրույցում Դայանան խոստովանել է, որ երաժշտության հանդեպ սերը իր մեջ սերմանել է դաշնակահարուհի մայրըՙ Զաբել Եշիլյանը: Հետագայում սովորել է նաեւ Նյու Յորքում եւ Զալցբուրգում (Ավստրիա): 1985-ին ընտրվել է Ամերիկայի կին կոմպոզիտորների Մասաչուսեթսի բաժնի նախագահ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4