«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2010-09-22 | #172, 2010-09-23 | #173, 2010-09-24


ԻՄԱՆԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հունվարի 1-ից կսկսի գործել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ): Ի՞նչ նպատակով է դա արվելու, ինչպե՞ս եւ ի՞նչ պետք է իմանան ավտոմեքենաներ ունեցողները, նաեւ չունեցողները: Այս հարցերի շուրջը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրատարակած տեղեկատվական եւ ուսուցողական ձեռնարկներում որոշակի պարզաբանումներ են ներկայացվում: Անդրադառնանք դրանցից առավել կարեւորներին, միաժամանակ ընդգծելով, որ բոլոր հարցերի պատասխանները մեկ հրապարակմամբ չենք կարող ներկայացնել:


Նախ տեղեկացնենք, որ ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային պատահարների հետեւանքով առաջացած ծախսերի փոխհատուցման նպատակով է ներդրվում: Խոսքը պատահարի մեղավոր վարորդի մեքենային, գույքին կամ առողջությանը հասած վնասներից ապահովագրվելու մասին չէ: Այդ վնասների փոխհատուցման ծախսերը տվյալ անձի լուծելիք խնդիրն է: Խոսքը պատահարի մեղավոր վարորդի կողմից երրորդ անձանցՙ հետիոտնին, այլ մեքենայի ուղեւորին կամ այլ մեքենայի վարորդին պատճառած գույքային կամ անձնական վնասների փոխհատուցման նպատակով օրենքով պարտադիր ապահովագրության մասին է: Իրենց նախընտրած ապահովագրական ընկերությունների հետ պարտադիր ապահովագրման պայմանագրեր պետք է կնքեն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, ավտոտրասնպորտային միջոցներ ներմուծողները եւ ֆինանսական վարձակալությանՙ լիզինգի դեպքումՙ վարձակալները: Պայմանագիրը ապահովագրական ընկերությունների հետ կնքվում է նվազագույնը 3 ամսով, առավելագույնըՙ 1 տարով, ինչպես նաեւ 10 օր ժամկետով, եթե ավտոմեքենան Հայաստան է ներմուծվել «տարանցիկ փոխադրում» եւ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով եւ տրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց կողմից:

Հարկ ենք համարում շեշտել, որ պայմանագրերի կնքման գործընթացը պետք է սկսվի արդեն հոկտեմբերից, այն հաշվարկով, որ մինչեւ 2011-ի հունվարի 1-ը բոլոր հաշվառված մեքենաներն ունենան այդ պայմանագրերը: Օրենքով սահմանված է նաեւ պարտադիր ապահովագրում չանցած մեքենաների տուգանքի չափըՙ 50 հազար դրամ:

ԱՊՊԱ-ի համար ապահովագրավճարի չափը սահմանում են ապահովագրական ընկերությունները, որոնք իրենց ինտերնետային էջերում տեղադրելու են ԱՊՊԱ ապահովագրության հաշվիչներ: Այդ հաշվիչների միջոցով հնարավոր կլինի մինչեւ պայմանագիր կնքելը հաշվել, թե որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համար: Համենայն դեպս, ըստ ԿԲ փորձագետների, խոսքը տարեկան 30-40 հազար դրամի մասին է: Պայմանագրով նախատեսվելու է գույքին պատճառված վնասների համար չհատուցվող գումարի չափՙ այսպես կոչված ֆրանշիզա: Այն կարող լինել պայմանական կամ ոչ պայմանական: Օրինակ, եթե պայմանագրով նախատեսված է ֆրանշիզայի չափ 20 հազար դրամ եւ գույքին պատճառվել է 30 հազար դրամի վնաս, ապա պայմանական ֆրանշիզայի դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի ամբողջ վնասի չափովՙ 30 հազար դրամ: Իսկ ոչ պայմանական ֆրանշիզայի դեպքում ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի միայն ֆրանշիզայի չափը գերազանցող գումարը, տվյալ օրինակի համարՙ 10 հազար դրամ:

Պայմանագիր կնքելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ապահովագրական ընկերությունների պայմաններին նրանց ինտերնետային կայքերից, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի, սպառողների համար նախատեսված կայքերից: Այնուհետեւ, պետք է այցելել ապահոգրական ընկերություն կամ ապահովագրական գործակալներին, որոնք եւս պարտավոր են ԱՊՊԱ-ի համար փաստաթղթերի ներկայացման, վճարների կատարման եւ գործընթացի մյուս մանրամասները ներկայացնել:

Տեղեկացնենք նաեւ բոնուս-մալուսների համակարգի մասին: Այն վարորդները, որոնք ավելի հաճախ են ավտովթարի պատճառ դառնում, կգնահատվեն որպես ավելի ռիսկային, եւ նրանց ապահովագրավճարի նկատմամբ կկիրառվի գումարն ավելացնող գործակից: Իսկ ոչ ռիսկային համարվող վարորդների նկատմամբՙ ընդհակառակըՙ ապահովագրավճարը զեղչող գործակից: Սակայն բոնուս-մալուսների համակարգը կսկսի գործել միայն 2013-ի հունվարի 1-ից, ինչը թերեւս պայմանավորված է նրանով, որ երկու տարվա ընթացքում կպարզվեն ռիսկային վարորդները: Ի դեպ, մինչեւ 2013-ը ապահովագրական ընկերությունը կարող է փոփոխել կամ միակողմանի դադարեցնել պայմանագիրըՙ նախապես այդ մասին տեղեկացնելով ապահովադրին, եթե պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ավտովթար, եւ հատուցումների ընդհանուր գումարը գերազանցել է 10,5 մլն դրամը:

Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա դրանք տրվելու են 2 տեսակիՙ անձնական եւ գույքային վնասների դիմաց: Անձնական, այսինքնՙ առողջությանը հասցրած վնասի դեպքում առավելագույն գումարը 3 մլն դրամն է յուրաքանչյուր տուժողի դեպքում, բայց ամբողջ պատահարի համարՙ 9 մլն դրամը, իսկ գույքին պատճառված վնասի դեպքումՙ 1,5 մլն դրամ յուրաքանչյուր պատահարի համար: Եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է նախատեսված հատուցման առավելագույն չափը, ապա այդ տարբերությունը տուժողին պետք է վճարի վնաս պատճառողը: Գույքին պատճառված վնասի չափը գնահատում է ապահովագրական ընկերության կամ բյուրոյի փորձագետը, իսկ անձնական վնասի դեպքումՙ բժշկական հաստատության մասնագետը կամ բյուրոյի կողմից որակավորված փորձագետը:

Տուժողը իրավունք ունի 3 ամսվա ընթացքում դիմելու փոխհատուցման համար կամ վնաս պատճառած անձին, կամ ապահովագրական ընկերությանը, կամ բյուրոյին: Ընկերությունը կամ բյուրոն կարող են նշանակել փորձաքննություն, որի ավարտից հետո, իսկ եթե դրա անհրաժեշտությունը չկաՙ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունվում է գրավոր որոշում հատուցումը վճարելու մասին: Հատուցումը պետք է տրվի 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Սրանք թերեւս այն հիմնական տեղեկություններն են, որ պարտավոր ենք իմանալ բոլորս ավտոապահովագրության մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4