ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2010-08-28 | #13, 2010-09-11 | #14, 2010-09-25


ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ: ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՀՐԱՇԱԼԻՈՐԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

Երկու խոսք

Մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունն այս տարի լայնընդկերք ներկայացվեց: Առաջին ցուցահանդեսը բացվեց Ֆիլադելֆիայի «Արվեստի թանգարանում», այնուհետեւՙ Լոնդոնում եւ Լոս Անջելեսում (փակումը տեղի կունենա այսօր), յուրաքանչյուրը տեւեց երեք ամիս: Ամենաընդգրկունը Ֆիլադելֆիայի ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին նաեւ 1935-ին Նյուարքի օդակայանի որմնանկարները, որոնք, փաստորեն վերականգնվել, փրկվել էին: Այս միջոցառման առիթով հրավիրվեցի ելույթ ունենալ Լոս Անջելեսի (Գլենդեյլի) կենտրոնական գրադարանի սրահում:

Գորկու ամբողջական այս նկարահանդեսի կազմակերպումը առնչված էր անկասկած Հայոց եղեռնի 95-ամյակին, եւ թանգարանի ցուցադրական մուտքի պատին ցեղասպանության մասին առանձին գրությամբ տեղեկություններ էր բերված, որտեղ, որպես փրկված էր նշված նաեւ Արշիլ Գորկին: Ես, որպես արվեստաբան եւ 60-ականներից Արշիլ Գորկու արվեստով զբաղվող, շատ ուրախ եղա, որ երեք ցուցահանդեսներն էլ տեսա: Միայն Լոնդոնում վերջին շաբաթներին փոքրիկ բացատրագրքույկների հետ սկսել էին այցելուներին գրություններ տալ, որտեղ նշված էր, որ Գորկին ցեղասպանության հետ առնչություն չունի: Դրա պատասխանը կարողացավ գրել փարիզաբնակ պատմաբան Կլոդ Մութաֆյանը, որն էլ թարգմանաբար տպագրվեց «Ազգ»-ի էջերում:

Ֆիլադելֆիայում, նաեւ Լոս Անջելեսում առիթ ունեցա թանգարանի աշխատակիցների հետ զրույց անցկացնել եւ իրենց հաղորդել մեզ հայտնի նորություններ, որոշ նկարների ճիշտ մեկնումներ: Թանգարանից նվեր ստացա Գորկու այս երեք ցուցահանդեսների համար պատրաստված նոր եւ ծավալուն կատալոգը, որին առաջինը ծանոթացավ Փառեն սրբազան Ավետիքյանը եւ ընտրեց նկարչի հայկականությունը լավագույնս մեկնող հոդվածները, որոնք ահա թարգմանաբար ներկայացվում են տպագրության:

Շ. Խ.

Հ. Գ. Լոնդոնում Արմեն Սարգսյանի որդիների հովանավորությամբ լույս տեսած Կիմ Թերիոտի (Kim Theriault) Գորկու հայկականություն բացահայտող «Վերստին մտածելով Արշիլ Գորկու մասին» («Rethinking Arshil Gorki») խորագրով նոր մենագրությունը արժանացել է ջերմ ընդունելության, որին «Ազգը» հետագայում կանդրադառնա:


2009 թվի հոկտեմբերի 21-ից մինչեւ 2010 թվի հունվարի 10-ը Ֆիլադելֆիայի «Արվեստի թանգարանում» եւ այնուհետեւ փետրվարի 10-ից մինչեւ մայիսի 3-ը Լոնդոնի «Թեյթ մոդեռն» պատկերասրահում կազմակերպված «Արշիլ Գորկի: Հետահայաց» ցուցահանդեսը բնութագրող բառերից մեկը «հրաշալին» էր: «Ֆիլադելֆիայի թանգարանի կուրատոր Մայքլ Թեյլորն իրոք կարեւոր ներդրում է ունեցելՙ վերստին կյանքի կոչելու այս հռչակավոր արվեստագետին, ստեղծելով առաջին անգամ մի ցուցահանդես, որն ընդգծում է Գորկու հայկական արմատներ ունենալու փաստն ու բացահայտում ողբերգություններով հագեցած մի կյանքի պատմություն, որը հաջողված կարելի է համարել իր հետագա հաղթանակով», գրում է Լիզա Մանուկյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթումՙ նշելով, որ ցուցահանդեսն իրականացնելու համար թանգարանի անձնակազմը դիմել է հայկական համայնքի մի շարք անդամների, որոնցից 4 կանայք հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել այդ գործում: Այդ չորս հայուհիներն են Ալմա Ալաբիլիքյանը , Ալիս Օհաննեսյան-Բիմսդերֆերը , Նենսի Հովնանյանը եւ Ջոան Մոմճյանը ՙ բոլորն էլ «Գորկու բարեկամները» կազմկոմիտեի անդամներ: Նրանք ոչ միայն ցուցահանդեսի լուրը տարածել են հայկական համայնքում, այլեւ մեծապես նպաստել այդ առթիվ ծավալված դրամահավաքի կազմակերպմանը:

Ալաբիլիքյանը ճարտարապետ-նախագծող է, համայնքային եւ եկեղեցական գործերի ակտիվիստ: 1965-ին արժանացել է «Ամերիկայի աչքի ընկնող երիտասարդ կանանցից մեկը» տիտղոսին: «Վիլետտա» խմբի հետ մասնակցել է Վաշինգտոնում արվեստի ազգային պատկերասրահի, Ֆիլադելֆիայի երաժշտական ակադեմիայի, Ֆրանկլին ինստիտուտի, քաղաքապետարանի, Քըրտիս երաժշտական ինստիտուտի եւ Ուոլտ Դիսնեյի նյույորքյան գրասենյակի վերանորգման աշխատանքներին: Թանգարանների հետ նրա գործունեությունն առավել մեծ խթան է ստացել, երբ ամուսնացել է նկարիչ Փիթեր Պաոնեի հետ, ում նկարները մշտական ցուցադրության են դրված Ֆիլադելֆիա արվեստի թանգարանում: Դասավանդել է Բիվեր քոլեջում (այժմ Արկադիա համալսարան) եւ արժանացել վաստակաշատ պրոֆեսորի կոչմանը:

Բիմսդերֆերը Ֆիլադելֆիա արվեստի թանգարանի հավաքածուների բաժնի փոխտնօրենն է: Արդեն 23 տարի աշխատում է այնտեղ եւ մասնակցել է շատ ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես նաեւ եվրոպական ցուցասրահների վերադասավորման աշխատանքներին: Թանգարանի տնօրեն Էն դ՛ Արնոկուրի անժամանակ մահից հետո, 2008-ի հունիսից մինչեւ 2009-ի սեպտեմբերը նա ստանձնել է կուրատորական աշխատանքների ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի դերը:

Հովնանյանը Ֆիլադելֆիա թանգարանի ուղեկցորդուհիներից է: Ղեկավարել է իր տարածաշրջանի (Չելտենհեմ, Պենսիլվանիա) հայկական կիրակնօրյա դպրոցը եւ դասավանդել այնտեղ: Սուրբ երրորդություն հայկական եկեղեցական թեմի կանանց միության համանախագահն է: Ամուսնացած է Սթիվն Հովնանյանի հետ եւ ունի 4 զավակ: Ավարտել է Ֆիլադելֆիայի Արվեստի քոլեջը (այժմ Արվեստների համալսարան) եւ սիրում է կավեղեն իրեր պատրաստել:

Մոմճյանը Սեթ Մոմճյանի կինն է եւ ավարտել է «Սենթինըրի քոլեջը»: Փոխնախագահն է «Ֆերմաունթ Պարկ Պրեզերվեյշն տրաստի» վարչության եւ վարչության անդամ է «Էյկոռն կլաբի» եւ Ուրսինուս քոլեջի «Բերման թանգարանի բարեկամները» ընկերության: Այժմ նա Ֆիլադելֆիայի միութենական լիգայի կանանց կոմիտեի անդամ է եւ աշխատում է կրթաթոշակներ հատկացնող ծրագրերի վրա:

Չորս կանայք էլ հպարտ են, որ մասնակցել են 20-րդ դարի ամերիկյան արվեստի խոշորագույն նկարիչներից մեկիՙ Արշիլ Գորկու հետահայաց ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին:

Ցուցահանդեսը Լոնդոնից հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ից շարունակում է (մինչեւ սեպտեմբերի 20-ը) հրապուրել այցելուներին:

Հետահայաց ցուցահանդեսը կազմակերպվել էր հենց այդ երեք թանգարաններիՙ Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանի, Լոնդոնի Թեյթ մոդեռն պատկերասրահի եւ Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանի ջանքերով: Միջազգային շրջագայությունը հնարավոր էր դարձել Ամերիկյան արվեստի Տետրա հիմնադրամի, իսկ Մ. Նահանգներումՙ Լինսի հիմնադրամի, Արվեստների Ազգային նվիրատվության ֆոնդի եւ Արվեստների եւ հումանիտար առարկաների դաշնային խորհրդի տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ:

Ֆիլադելֆիայում ցուցահանդեսի կազմակերպմանը նպաստել են Արվեստների եւ ժառանգության պահպանման «Փյու» կենտրոնը, ցուցահանդեսների նախաձեռնողների կազմակերպությունը, Նուբաուեր ընտանիքի հիմնադրամը, Տատուրյան հիմնադրամը, ցուցահանդեսների «Ռոբերտ Մոնտգոմերի Սքոթ հիմնադրամը» եւ «Արշիլ Գորկու բարեկամները» խմբավորումը:

Ցուցադրված կտավները տրամադրել են «Օլբրայթ-Նոքս Արվեստի պատկերասրահը» (Բուֆալո), «Ալեն Մեմորյըլ Արտ» թանգարանը (Օբերլին, Օհայո), Հարրի եւ Մերի Մարգրետ Անդերսոնները, Անդրեա եւ Քեթրին Բալյանները, Բրուս եւ Մարկ Բերբերյանները, Վարդգես եւ Ռիտա Բալյանները, Բոլտիմուրի Արվեստի թանգարանը, Բրուքլինի թանգարանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը (Լիսաբոն), Դեյվիդ Գեֆֆենը, Մետրոպոլիտեն Արվեստի թանգարանը (Նյու Յորք), Մուզեո Թիսեն-Բոռնեմիցա թանգարանը (Մադրիդ), Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանը, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի, Սոլոմոն Գուգենհայմ եւ Ուիթնի ամերիկյան արվեստի թանգարանները, Կանադայի Ազգային պատկերասրահը (Օտտավա), «Նուարք թանգարանը» (Նյու Ջերսի) եւ բազմաթիվ այլ մշակութային օջախներ, ինչպես նաեւ անհատներ, ինչը խոսում է ձեռնարկված գործին անվերապահ աջակցություն ցուցաբերելու հաստատությունների եւ առանձին հավաքորդների ցանկության մասին:

Ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է շքեղ մի ալբոմ «Լարրի Գագոսյան» եւ «Էնդրու Մելոն գիտական հրատարակությունների հիմնադրամի» միջոցներով: Հավելյալ աջակցություն է ցուցաբերել նաեւ Ջ. Մ. Կապլան հիմնադրամի «Ֆըրդըրմոր» ծրագիրը: Ալբոմը, որը խմբագրել է Մայքլ Թեյլորը, ընթերցողներին է ներկայացված հետեւյալ խոսքերով.

«Արշիլ Գորկին (մոտ. 1902-1948 թ.) 20-րդ դարի առաջին կեսի Ամերիկյան արվեստիՙ դեպի աբստրակցիոնիզմ ուղղորդվելու կենտրոնական դերակատարներից մեկն էր: Մոտ 30 տարիների ընդմիջումից հետո, իր գործերի առաջին ընդգրկուն հետահայաց ցուցահանդեսին ուղեկցող այս ցնցող ալբոմը Գորկու առինքնող տեսողական ոճի էվոլյուցիան է ներկայացնում: Իր ստեղծագործական կյանքի բոլոր փուլերից մոտ 200 կտավներ, գծանկարներ, քանդակներ եւ փորագրանկարներ, որոնցից մի մասը երբեւէ չեն ցուցադրվել կամ հրատարակվել, գեղեցիկ կերպով արտատպված են այստեղ, ներառյալ 1927-ին արված մի մեծ կտավ, որը մինչ օրս հայտնի է եղել միայն իր նախնական էսքիզային տեսքով: Ալբոմի էջերում Գորկու ամենահայտնի եւ ամենաազդեցիկ կտավներից մի քանիսի կողքին ներկայացված են դրանց հետ առնչվող նախնական գծանկարները, եւ բծախնդրորեն կատարված էսքիզները, որոնք նոր լույս են սփռում նրա արտիստական գործընթացի վրա: Վերջերս հայտնագործված կենսագրական որոշ տվյալներով եւ լուսանկարներով հարուստ էսսեները քննության են առնում նրա ձեռք բերած փորձառությունը հայերի դեմ գործված ցեղասպանությունից, նրա համագործակցությունը «Ուորքս պրոգրես ադմինիստրեյշընի» հետ եւ աբստրակցիոնիզմի եւ սյուրռեալիզմի նրա որոնումները, որոնք կարեւոր նյութ են մատակարարում վերագնահատելու նրա կյանքն ու կարիերան:

Իր ժամանակակիցներից շատերի հիացմունքին արժանացած եւ նկարիչների հետագա սերունդների վրա մեծ ազդեցություն թողած Գորկին ստեղծել է բարդ ու խորապես սրտառուչ գործեր, որոնք ներառում են ինչպես իմպրեսիոնիզմի, կուբիզմի, սյուրռեալիզմի, այնպես էլ աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճային տարրերը»:

Իսկ ալբոմի նախաբանում «Ջորջ Դ. Ուայդներ» հաստատության գործադիր տնօրեն Թիմոթի Ռաբը արձանագրում է.

«Երեք տասնամյակներ անց այս առաջին համապարփակ ցուցահանդեսն ու նրան ուղեկցող հոյակապ ալբոմը եզակի առիթ ենՙ նորովի բացահայտելու Գորկու նվաճումների ամբողջական մասշտաբները: Սոլոմոն Գուգենհայմ թանգարանում 1981 թվի վերջին ցուցահանդեսից ի վեր երեք կենսագրական գրքեր նոր լույս են սփռել նրա կյանքի եւ ստեղծագործության վրա: Հատկապես հայկական ժառանգության ազդեցությունը նրա վրա անհրաժեշտ է դարձրել վերստին գնահատելու նրա գործերը»:

Վերագնահատման այդ գործում կազմակերպիչները անհրաժեշտ աջակցություն են ստացել արվեստագետի այրուցՙ Ագնես «Մուկուչ» Գորկի-Ֆիլդինգից, որին էլ խորին շնորհակալություններ է հայտնել նախաբանի հեղինակը:

Երախտիքի խոսքեր են ուղղված նաեւ Գորկու ընտանիքի մյուս անդամներին, դուստրերինՙ Մարոյին եւ Նաթաշային, Մարոյի ամուսնունՙ Գորկու կենսագիր Մեթյու Սբենդերին եւ ցուցահանդեսը կազմակերպող ու ալբոմի հրատարակությունը հնարավոր դարձնող մյուս բոլոր անձնավորություններին, որոնք այս ճգնաժամային օրերին չզլացան ֆինանսական օժանդակություն ցուցաբերելՙ գլուխ բերելու համար այս հսկայական նախաձեռնությունը:

Իր երախտագիտական խոսքում Արդի արվեստի թանգարանի «Մուրիել եւ Ֆիլիպ Բերմանի» կուրատոր Մայքլ Թեյլորը խոստովանում է, որ «ցուցահանդեսը կազմակերպելու հերկուլեսյան աշխատանքը միաժամանակ ե՛ւ դժվարին մարտահրավեր էր, ե՛ւ խորը հոգեկան բավարարվածություն պարգեւող նախաձեռնություն, որն սկիզբ առավ հինգ տարի առաջ, երբ Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանը ձեռք բերեց Գորկու 1927 թվին վրձնած «Ներկապնակով կինը» կտավը, որն էլ արխիվային նյութերի նոր ուսումնասիրությունների առիթ հանդիսացավ :

Երախտապարտ եմ Գորկու ընտանիքի բոլոր անդամներին, որոնք իրենց ժամանակը, համբերությունը եւ հյուրասիրությունը չխնայեցին ամեն տեսակի օգնություն ցուցաբերելու այս գործին, որին հենց սկզբից անվերապահորեն աջակցեց նաեւ թանգարանի հանգուցյալ տնօրեն Էն դ՛ Արնոկուրը»:

Ալբոմում ներկայացված են Հարրի Կուպերի, Ջոդի Պատերսոնի, Քիմ Սիրվարդ-Թերիոյի, Մայքլ Թեյլորի եւ Ռոբերտ Սթոռի վերլուծական էսսեները, ինչպես նաեւ Մելիսա Քերի ժամանակագրությունը Գորկու կյանքի եւ ստեղծագործությունների անցած փուլերի վերաբերյալ: Այս համարից սկսած «Ազգ» -ի ընթերցողերին ենք թարգմանաբար ներկայացնում վերջին երեք գրություններըՙ Թեյլորի եւ Սթոռի հոդվածներն ու Քերի ժամանակագրությունը:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4