«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԱՀԱՅԸ

Թուրքահայ ձեռնարկատեր Սեւան Նշանյանը Ստամբուլից «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթին էլ. փոստով տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիային դատի է տվելՙ պահանջելով չեղյալ համարել իր հյուրանոցները քանդելու կառավարության որոշումը:

Նշանյանի հյուրանոցները գտնվում են Իզմիրի Սիրինչե գյուղում, որն ունի մոտ 600 բնակիչ: Նա այնտեղ է տեղափոխվել տասնհինգ տարի առաջ եւ համարյա մենակ այդ փոքրիկ ավանը դարձրել է զբոսաշրջության ծաղկուն մի վայր: Նա գնել եւ վերանորոգել է բազմաթիվ շենքեր, պահպանելով միջավայրի էսթետիկական կոլորիտը, եւ այնուհետեւ դարձրել դրանք հայտնի հյուրանոցներ:

Էլ. փոստի իր հաղորդագրության մեջ նա նշել է, որ իր դեմ կառավարության կողմից հարուցված է 16 դատական գործ «չարտոնված շինարարություն», «չարտոնված վերանորոգման աշխատանքներ», «կառավարական որոշումները անտեսելու» եւ այլ մեղադրանքներով, որոնց ընդհանուր պատժի սահմանը կարող է հասնել մինչեւ 50 տարվա բանտարկության:

Շատերի համոզմամբՙ կառավարության նման քայլը պայմանավորված է նրան պատժելու մտադրությամբ, քանի որ վերջերս նա թուրքական հեռուստատեսությամբ հայերին պատուհասած ցեղասպանության մասին էր ակնարկել, որը «վիրավորական էր համարվել Թուրքիայի Հանրապետության համար»: Նշանյանը նման հակակառավարական հայտարարություններով բազմիցս է հանդես եկել եւ դրա համար 2004 թվին Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից արժանացել է «Մտքերն ազատորեն արտահայտելու» մրցանակին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4