«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

«Հայփոստի» կառավարումը վերապահվեց տրանսպորտի եւ կապի նախարարությանը

Կառավարության որոշմամբ «Հայփոստի» բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են դրանց սեփականատեր Հայաստանի կառավարությանը: Որոշումը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից: Ընկերության կառավարման հիմնադիր լիազոր մարմին է ճանաչվել տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Հյուսիս-հարավ ճանապարհի խորհրդատվական ծառայությունների մրցույթի հաղթողը հայտնի է

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վարկային համաձայնագրի շրջանակներում 1-ին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկողության, 2-րդ եւ 3-րդ տրանշների նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով հայտարարված մրցույթը հաղթել է «Էջիս Բիսոմ Ինտերնեյշնլ» ֆրանսիական կազմակերպությունը: Ներկայացնելով մրցույթի արդյունքները կառավարության հաստատմանը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ այդ ծառայությունները հաղթող կազմակերպությունն առաջարկել է իրականացնել 2 մլն 40 հազար դոլար եւ 1 մլն 415 հազար եվրո գումարով:

Հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում նոր մշակույթ է ձեւավորվում, ինչի արդյունքում կունենանք ժամանակակից ցուցանիշներին համապատասխանող նոր ճանապարհներ: Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցվելիք երկու հատվածներում շինարարությունը կտեւի 2 տարի: Նման երկար ժամանակը վարչապետը բացատրեց նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:

Խստացվում է աուդիտորական գործունեության հսկողությունը

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ուղղված է Հայաստանում աուդիտորական գործունեության վերահսկողության խստացմանը: Համաձայն այդ փոփոխությունների, որոնք արժանացել են կառավարության հավանությանը, բացառվում է անհատ աուդիտորների գործունեությունը, իսկ աուդիտորական ընկերությունները պետք է ներկայացնեն, թե քանի աուդիտոր են աշխատում իրենց մոտ, ընկերության ղեկավարի նկատմամբ պատասխանատվությունն է մեծացվում, պարտադրվում է, որ աուդիտորական ընկերություններն ունենան իրենց կայքը:

Ֆինանսների նախարարը հայտնեց նաեւ, որ այս տարի պարտադիր աուդիտի ենթակա մոտ 500 ընկերությունները գրեթե ամբողջությամբ կատարել են օրենքի պահանջը եւ հրապարակել աուդիտի հաշվետվությունները, իսկ մի քանիսը չեն կատարել օրենքի պահանջը, որոնց անուններն ուղարկվել են պետական եկամուտների կոմիտեՙ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Ասվածին վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ օրենքի պահանջը չկատարած ընկերությունների անունները պետք է հրապարակվեն:

Լիցենզավորվող գործունեության տեսակները կրճատվեցին

Ներկայումս գործունեության 169 տեսակներ Հայաստանում անցնում են լիցենզավորման գործընթաց, որոնցից 12-ըՙ բարդ լիցենզավորման: Երեկ կառավարությունը կրճատեց լիցենզավորում պահանջող գործունեության տեսակները մինչեւ 96-ի: Ներկայացնելով այդ որոշումըՙ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ հիմնական նպատակը գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումն է: Նա նաեւ տեղեկացրեց, որ ներդրվելու է լիցենզավորման էլեկտրոնային համակարգը, եւ բարդ լիցանզավորումն անցկացվելու է միայն այդ համակարգով: Առաջինը լիցենզավորման էլեկտրոնային համակարգը ներդրվելու է ֆինանսների նախարարությունում:

Ծխախոտի գները պետք է աստիճանաբար բարձրացնել

Ակցիզային հարկի եւ հաստատագրված վճարների օրենքներում երեկ կառավարության առաջարկած փոփոխություններով ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը: Այս հարցն, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, երկար քննարկվել է վերոնշյալ ապրանքները ներմուծողների եւ արտադրողների հետ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում, օրինակ` ծխախոտը շատ էժան է եւ ամենքին մատչելի, խիստ տարածված են ծխախոտի հետեւանքով առաջացող հիվանդությունները: Ուստի, ըստ վարչապետի, գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով: Երկրորդՙ անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների եւ արտադրողների միջեւ եւ երրորդ` օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014-ից: Իսկ մինչ այդ տեղական արտադրողին պետությունը կպաշտպանի մաքսային վճարների միջոցով:

«Բուհերը կընտրեն իրենց ուսանողներին, ոչ թե պետությունը»

«Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում երեկ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների ընդունման նպատակը պետական եւ ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծումն է, երբ դիմորդը հնարավորություն կունենա հավասար պայմաններով մասնակցելու հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին: Դրա նպատակը, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, դիմորդների համար կրթություն ստանալու միասնական դաշտ ստեղծելն է: «Բարեփոխումը շարունակվելու է, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին, այլ ոչ թե պետությունը», նշեց վարչապետը:

1 մլրդ դոլար Երեւանը շրջանցող ճանապարհների կառուցման համար

Կառավարությունը երեկ հաստատեց Երեւանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային եւ հողի օտարման ու տարաբնակեցման ծրագրերը: Խոսքը Երեւանը շրջանցող Արշակունյաց պողոտա-Արտաշատի խճուղի, Շիրակի փողոց-Արգավանդ, Դավթաշենի կամուրջ-Աշտարակի խճուղի ճանապարհային հանգույցների կառուցմանն է վերաբերում: Ծրագրի ազդեցության գոտում ներառված տարածքներում փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2010-ի հոկտեմբերի 1-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ դոլար է, իսկ քաղաքը շրջանցող արդիական ճանապարհների շինարարությանը առաջիկա յոթ տարում կհատկացվի 300 մլն դոլար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4