«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2010-09-25 | #175, 2010-09-28 | #176, 2010-09-29


«ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԵՐԸ»ՙ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ԲԵԼՄՈՆՏՈՒՄ

Ամերիկայի «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան» (ՀՈՒՀԱԱ), ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, հոկտեմբերի 7-ին հրավիրել է դոկտ. Աիդա Բուջիկանյանին դասախոսություն կարդալու «Լիբանանի հայերը» թեմայով Բելմոնտի (Մասաչուսեթս) իր կենտրոնատեղիում: Միաժամանակ տեղի է ունենալու Բուջիկանյանի խմբագրությամբ, Հայկազյան համալսարանի եւ ՀՈՒՀԱԱ-ի «Հայկական ժառանգություն» հրատարակչության կողմից լույս տեսած «Լիբանանի հայերը: Անցյալի իշխանուհիներից եւ փախստականներից մինչեւ մեր օրերի համայնքը» գրքի շնորհանդեսը ամերիկյան մայրցամաքում:

Գիրքը, որի նախաբանը գրել է դոկտ. Բուջիկանյանը, պարունակում է 2005 թվին Հայկազյան համալսարանի հիմնադրման 50-ամյակի առնչությամբ կայացած կոնֆերանսի («Լիբանանի հայերը: Անցյալն ու ներկան», կազմակերպիչՙ դոկտ. Արա Սանջյան) նյութերը եւ Բեյրութում հրատարակվել էր այս տարվա ապրիլին:

506-էջանոց հատորը թեմատիկ եւ ժամանակագրական 8 մասերի է բաժանված, որոնք ընդգրկված են 14 գլուխներում, 7-ըՙ անգլերեն, 4-ըՙ ֆրանսերեն եւ 3-ըՙ հայերեն լեզուներով, ըստ կոնֆերանսում կարդացված բնագրերի: Ներկայացված են հակիրճ թարգմանությունները տեքստերի եւ կենսագրական տեղեկությունների հեղինակների մասին:

Դոկտ. Բուջիկանյանը ծնունդով Լիբանանից է, բայց ներկայումս ապրում է Մոնրեալում: Մագիստրոսի աստիճան ստանալու համար ուսումնասիրել է Լիբանանի հայ համայնքի պատմությունը, իսկ դոկտորականի համարՙ Լիոնի (Ֆրանսիա) եւ Մոնրեալի հայկական համայնքների պատմությունը:

Գիրքը սփյուռքի կարեւորագույն օջախներից մեկի հարուստ մշակույթի եւ կենսունակության «եզակի գանձարան» կարելի է համարել: Հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել hg@naasr.org կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4