«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2010-09-25 | #175, 2010-09-28 | #176, 2010-09-29


ՀԱՅԱՑՔ ՍՓՅՈՒՌՔԻՑ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻՆ

Խաղաղության գինը

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մինչ Հայաստանը պայքարում է բարելավելու իր տնտեսությունը, պատերազմի սպառնալիքները դարձյալ ուրվագծվում են նրա սահմաններում: Թուրքիան եւ Ադրբեջանը, իրար միացնելով իրենց ուժերը, փորձում են սաստկացնել հոգեբանական գրոհն ընդդեմ Հայաստանի:

Ճիշտ է, Ադրբեջանը վերանայելով իր դիրքորոշումըՙ վերջին րոպեին հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր նախաձեռնությամբ քննարկման ներկայացված բանաձեւի նախագիծը հետաձգելու առաջարկությամբ, բայց բացառված չէ, որ նման բանաձեւեր հետագայում դարձյալ ներկայացվեն, եւ այդ դեպքում, անշուշտ, Թուրքիան իր «առաքելությունը» բարձր մակարդակով առաջ կտանի իսլամական կոնֆերանսի երկրներում, ինչպես տեղի ունեցավ անցյալ անգամ: Չմոռանանք նաեւ, որ այդ ժամանակ մեր հարեւան, «եղբայրական» քրիստոնյա Վրաստանը քվեարկեց ի նպաստ Ադրբեջանի: Բացառված չէ, որ նույնը կատարվի հաջորդ անգամ: Մեկ այլ քրիստոնյա երկիրՙ Ուկրաինան եւս պաշտպանեց այդ ժամանակ Ադրբեջանինՙ նախագահ Յուշչենկոյի կարգադրությամբ: Հույսեր փայփայենք, որ Յանուկովիչի Ուկրաինան ավելի հավասարակշռված դիրքորոշում կդրսեւորի, եթե առիթը ներկայանա:

Մինչ այդ, որոշ խորհրդանշական իրադարձություններ չեն թողնում, որ թուլանա վերոնշյալ հոգեբանական գրոհը: Դրանցից մեկը Բաքվի կենտրոնում աշխարհի ամենամեծ դրոշը բարձրացնելու նախագահ Իլհամ Ալիեւի փառամոլական ծրագիրն էր: Դրոշը, հակառակ նախատեսվածի, Գինեսի գրքում հայտնվելու թեկնածու դարձավ որպես «ամենակարճ ժամանակ ծածանված» պետական խորհրդանշան, քանի որ ծվեն-ծվեն եղավ քամիներից հենց բարձրացված օրը եւ հօդս ցնդեցին դրա վրա ծախսված 20 միլիոն եվրոները:

Խորհրդանշականըՙ մի կողմ: Առավել լուրջ ահազանգը այդ նույն դրոշի ծածանումը Ստեփանակերտում տեսնելու Ալիեւի հայտարարությունն էր, որին միացավ անմիջապես Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նոր սահմանադրությունը հավանության արժանացնելու իր քարոզչական աշխատանքների ծիրում նա այցելեց հայ-թուրքական սահման եւ նույնիսկ, սահմանն անցնելով, մտավ Նախիջեւանի պատմականորեն հայկական տարածքը, որ գտնվում է ազերի զավթիչների ձեռքում եւ այնտեղի բնակիչներին «խաղաղություն, կայունություն եւ անդորրություն» խոստացավ, նշելով. «Եթե տեւական խաղաղություն հաստատվի, տարածաշրջանը կդառնա առավել բարգավաճ... Բայց խաղաղություն չի կարող լինել, մինչեւ Հայաստանը Ադրբեջանին չվերադարձնի իր զավթած տարածքները»:

Մյուս կողմից, չնայած Թուրքիան Հայաստանի հետ ստորագրել է հայտնի արձանագրությունները, դրանք առայժմ դարակներում դարսած մնում են, եւ արտգործնախարարը, որ անձամբ էր ստորագրել այդ արձանագրությունները, այժմ նախապայմաններ է դնում Հայաստանի եւ համաշխարհային հանրության առջեւ Ղարաբաղի հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու հիմնահարցում: Թվում է, թե Թուրքիան ինքնավստահության նոր աղբյուրներ է գտել, որ այդքան միակողմանի եւ անկախ քաղաքականություն է վարում: Այդ աղբյուրներից մեկը հավանաբար Ռուսաստանին ավելի մոտենալն էՙ հակակշռելու համար Արեւմուտքի ազդեցությունը: Մյուսըՙ նավթադոլարներով հարուստ իսլամական աշխարհի աջակցությունը կարող է լինել:

Արձանագրությունները տիկին Քլինթոնի «հոգեզավակներն» էին: Սակայն կարծես նա չի կարողանում Անկարային համոզել, որ այդ գաղափարը իր տրամաբանական ավարտին հասնի:

Դիվանագիտական գետնի վրա լարվածությունը շատ ուժեղ է: Սակայն առավել աղետաբեր են հայաստանա-ադրբեջանական սահմանագծում հաճախակի դարձած հրադադարի խախտումները, որոնք մարդկային կյանքեր են խլում երբեմն: Եվ պատահական չէ բոլորովին, որ Բաքուն այդ խախտումները «սարքում» է ամենամարտավարական պահերին: Դրանցից մեկն, օրինակ, տեղի ունեցավ Մոսկվայում Մայնդորֆյան համաձայնությունը ստորագրելուց անմիջապես հետո: Մյուսըՙ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու այցելության օրերին: Հավանաբար նպատակը մի քանի հայ զինվորների գերեվարելն էր եւ հետո հեռուստակայաններով ցույց տալու նրանց որպես զավթիչների: Բարեբախտաբար ծրագիրը ձախողվեց, եւ ազերիները իրենք զոհեր թողեցին հայկական սահմանում:

Վրդովեցուցիչն այն է, որ ԵԱՀԿ-ի բանագնացները, ինչպես նաեւ այլ դիվանագետներ եւ պետական այրեր, երկու կողմերին էլ հավասարապես կոչ են անում զսպվածություն ցուցաբերել, փոխանակ մատնանշելու կոնկրետ ագրեսորին: Ալիեւն իր ռազմատենչ հայտարարություններով պատերազմի կոչ է անում, խախտում է հրադադարը եւ հետո զոհի դերն է ստանձնում: Օգոստոսի 10-ին նա զգուշացրեց, որ «պատերազմն ավարտված չէ»: «Մենք ամեն րոպե պատրաստ պետք է լինենք ազատագրելու մեր հողերը... մենք մեր բոլոր ֆինանսական ռեսուրները մոբիլիզացրել ենք ուժեղացնելու համար մեր ռազմական ուժերը, եւ այսօր Ադրբեջանի բանակը կարող է ամեն տեսակի առաջադրանք իրականացնել», ասաց նա:

Հակառակ նման հոխորտանքներին եւ նավթադոլարների ներդրումներին, մասնագետները հավատացած են, որ ազերի ռազմական ուժերը չեն կարող մրցել հայկական կողմի ուժերի հետ: Այդուհանդերձ գլխավոր հարցը, թե պատերազմի բռնկման պարագայում ի՞նչ դեր են խաղալու գերպետություններն ու տարածաշրջանային երկրները, մնում է առկախ: Ուժերի ինչպիսի՞ համադրում կլինի, ի՞նչ դիրք կորդեգրի Մ. Նահանգները, Թուրքիան կմիջամտի՞ արդյոք եւ ամենակարեւորըՙ Մոսկվան որեւէ մասնակցություն կունենա՞, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերը պատասխան են պահանջում:

Մեդվեդեւը երկարաձգեց Հայաստանում ռուսական ռազմական բազայի պայմանագիրըՙ հավատացնելով, որ կպաշտպանի Հայաստանի տարածքը, բայց այդ երաշխավորությունը հարցականի տակ է մնում, որովհետեւ Մոսկվան մյուս կողմից C-300 հրթիռային համակարգեր է վաճառում Ադրբեջանին: Մեդվեդեւի այցը Բաքու նպատակ ուներ ազերի գազից անսահմանափակ քանակությամբ օգտվելու պայմանագիր պոկել Ալիեւից: Հնարավո՞ր է, որ Մոսկվան հայկական արյունը փոխարինի ադրբեջանական գազով: Մեր ռազմավարական գործընկերը կարծես գնալով նվազ վստահելի է դառնում: Չնայած Մեդվեդեւը օգոստոսին կրկնեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, արտգործնախարարության գլխավոր օգնական Սերգեյ Պրիխոդկովը հետագայում շեշտեց, որ Ռուսաստանը չի երաշխավորում պաշտպանել Հայաստանինՙ ընդդեմ Ադրբեջանի: Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կարող է չմիջամտել պատերազմական գործողություններին, եթե տեսնի, որ դրանք անմիջականորեն վնաս չեն հասցնում Հայաստանին կամ այնտեղ գտնվող ռուսական բազային:

Այնպես որ, ի տես այս բոլոր զարգացումների եւ ռազմավարական հավասարումների կամ հակակշիռների, Թուրքիան ի վիճակի է իրեն վերապահելու Հայաստանի համար խաղաղության գինը որոշելու խաղաքարտը:

Դետրոյթ, ԱՄՆ, («Արմինյն միրոր սփեքթեյթր»), Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4