«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2010-09-25 | #175, 2010-09-28 | #176, 2010-09-29


ՓԱԿՎԵԼ Է ԿԱՀԻՐԵԻ «ԳԱԼՈՒՍՏՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ»

Կծիկը քանդվել սկսվեց «Մելգոնյանով»: Այժմ, տխուր է արձանագրել, մանավանդ այդ կրթօջախում կրթություն ստացած մեկի համար, որ հերթը հասել է Կահիրեի «Գալուստյան ազգային վարժարանին»: Կանադահայ համայնքի «Հորիզոն» պարբերականի գլխավոր խմբագիր Վրեժ-Արմեն Արթինյանի փոխանցմամբ (որին Կահիրեի «դպրոցների վերահսկիչ մարմնի» անդամ Թովմաս Զաքարյանն է իրազեկել), այս ուսումնական տարվանից փակվել է 1854 թվին Կարապետ Գալուստյանի բարերարությամբ հիմնադրված, սկզբում «Խորենյան» (պատմահայր Մովսես Խորենացու անունով), իսկ 1897-ից բարերարի անունով վերանվանված «Գալուստյան վարժարանը»: Այնտեղ սովորող 45 աշակերտները այս տարեշրջանից սկսած միավորվել են Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում գործող «Նուբարյան վարժարանին», որն ունի 105 աշակերտ [1]:

Ըստ պրոն Զաքարյանի, աշակերտների թիվը «տարուէ տարի կը նուազէր», «աշակերտներուն կէսէն աւելին խառնածին են», «նրանց մեծամասնութիւնը արաբախօս է» եւ «արդիական դասագիրքերու պակասըՙ զգալի»: Սրանք փաստեր են, որոնք առավել կամ նվազ չափով վերաբերում են նաեւ այլ գաղութներին եւ պետք է ուշադրության առարկա դառնան հետագա «փակումների» առաջքն առնելու համար:

Պետք է առանձին հպարտությամբ նշել, որ եգիպտահայ վարժարանների աշակերտների համաշխարհային հավաքները, որոնք մինչեւ վերջերս սովորաբար տեղի էին ունենում երկու տարին մեկ անգամ տարբեր վայրերում, սկզբնավորվել են հենց «Գալուստյան վարժարանի» նախկին սաների նախաձեռնությամբ, որպես միայն այդ կրթօջախի շրջանավարտների հավաքներ: Հետագայում է, որ գաղափարը վարակիչ է դարձել եւ ընդգրկել «Նուբարյան», «Պողոսյան» եւ այլ վարժարանների շրջանավարտներին եւս: Հիշատակման արժանի է նաեւ այն, որ այդ հավաքներից առաջացած նյութական գումարները հատկացվել են հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Մինչեւ 1897 թիվը «Գալուստյանի» աշակերտների թիվը չի գերազանցել 80-ը: Նույն տարում բացվել է մանկապարտեզի բաժինը, որը եգիպտահայ գաղութում առաջինն էր: Այնտեղ 4-7 տարեկան երեխաները սովորել են երգեցողություն, արտասանություն, ձեռարվեստ եւ մայրենի լեզվի այբուբենը: 1907-ին դպրոցը նախկին «Դարբ էլ Գինեյնե» թաղամասից փոխադրվել էր «Բուլաք» թաղամասի նորակառույց շենքըՙ տղաների եւ աղջիկների առանձին բաժիններով: Նոր շենքի շինարարության ծախսերը մեծ մասամբ հոգացել էր Պողոս Նուբար Փաշան: Հաջորդող տարիներին աշակերտության թիվը բարձրացել էր մինչեւ 500-ի, իսկ 1945-ին 10-ամյա միջնակարգ վարժարան դառնալուց հետոՙ նույնիսկ 800-ի (50-ական թվերին): Վաթսունականներից ծայր առած արտագաղթի եւ հայրենադարձության հետեւանքով մոտ 300-ով կրճատվել էր այդ թիվը, եւ փակվել էին վերջին 9-րդ եւ 10-րդ դասարանները: Ուսումը ձրի էր աշակերտության մեծամասնության համար: Հատուկ ավտոբուսներ հեռավոր թաղամասերից վարժարան եւ օրվա վերջում տուն էին փոխադրում աշակերտներին: Բոլոր ծախսերը (ուսուցիչների աշխատավարձ, դասագրքեր, գրենական պիտույքներ, կեսօրվա ընդմիջման ճաշ եւ այլն) ծածկվում էին բարերար Կարապետ Գալուստյանի կտակած կալվածքներից գոյացած հասույթներից: Վարժարանը ղեկավարում էր 5-7 անձերից բաղկացած հոգաբարձուների մարմինը, որը նշանակվում էր տեղի «Ազգային իշխանության ուսումնական խորհրդի» կողմից: Այդ խորհրդին էին վերապահված ուսուցչական կազմի համալրման եւ բյուջեի գոյացման պարտականությունները: Խորհրդին աջակցում էր «Տիկնանց խնամակալությունը», որ կարոտյալ երեխաներին օրական մեկ ճաշ, կաթ, ձկան յուղ, բժշկական օգնություն եւ գրենական պիտույքներ էր հայթայթում:

1978-ին Կահիրեի կառավարության պետական ծրագրման եւ կամուրջների շինարարության պատճառներով քանդվել էին «Գալուստյանի» տղաների եւ աղջիկների առանձնաշենքերը, իսկ մնացած 16 դասարանները տեղավորվել էին վարժարանի մանկապարտեզի շենքում:

Փակման տխուր փաստի արձանագրումը երեւի պակասավոր կլիներ, եթե չհիշատակեի «Գալուստյանի» նվիրյալ տնօրենների եւ դաստիարակների գոնե մի քանիսի անուններըՙ Թաշճյան, Նալբանդյան, Պապիկյան, Վարդյան, Քրիսյան, Ծաղկունի, Մարգարյան, Մոմճյան, Աճեմյան, Ծերունյան, Տրդատյան, Ղազարոսյան, Գեւորգյան, Զաքարյան, Լիյլոզյան, չմոռանալով ներողություն հայցել բոլոր մյուսներից, որոնց չեմ հիշատակում: Նրանց շունչն ու ներկայությունը այդ կրթօջախում ստեղծել էին հայրենասիրական այն մթնոլորտը, որով սերունդներ են դաստիարակվել: Այդ սերունդների համար այսօր անշուշտ ցավալի է արձանագրել իրենց մայր օջախի փակման փաստը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


1. Ըստ Եգիպտոսից մեկ այլ աղբյուրի, ճիշտ է, փակման որոշումը առնված չէ, բայց տեղափոխումը կատարվելու է հաջորդ տարի:


Նկար 1. «Գալուստյան վարժարան»-ի երբեմնի շենքը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4