«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2010-09-29 | #177, 2010-09-30 | #178, 2010-10-01


ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉՈՒՄ «ՀԱՅՐ ՄԵՐԸ» ԱՐԳԵԼՎԱԾ Է

Սեպտեմբերի 26-28-ը սփյուռքահայ փոքր խմբի առաջարկով նրանց ուղեկցում էի դեպի Անի, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ եւ Կարս: Սեպտեմբերի 26-ինՙ կիրակի օրը, ընդամենը մեկ շաբաթ անց սեպտեմբերի 19-ի պատարագից, հայերին թույլ չտվեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ներսում «Հայր մերը» աղոթել: Ամբողջ օրը կղզում եւ եկեղեցում հսկողություն իրականացնող ոստիկանները արգելում են ոչ միայն մոմավառությունը, այլեւ որեւէ աղոթք: Բելգիացի զբոսաշրջիկները, որոնք այդ պահին եկեղեցում էին, զարմացած էին թուրք ոստիկանների պահվածքից: Երբ քաշքշուկով ավարտվեց «Հայր մերը», ոստիկաններից մեկը մեզ ասաց, որ իրենց հրահանգել են թույլ չտալ բարձրաձայն աղոթել, քանի որ սա թանգարան է: Անիմաստ էր բացատրել, որ անգամ թանգարանում արգելված չէ աղոթելը:

Այս հաղորդագրությունը տարածում եմ ոչ թե հակաթուրք տրամադրություններ ցանելու, այլ պարզապես հայ ուխտավորներին տեղյակ պահելու, որ նրանք Սուրբ Խաչում աղոթել կամ մոմ վառել կարող են եկեղեցու բակում միայն:

Հավելեմ նաեւ, որ Անիի եկեղեցիներում, ավելի հստակՙ Մայր տաճարում, որտեղ պատրաստվում է ուրբաթօրյա նամազ անել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, հսկողություն չի իրականացվում, եւ հանգիստ կարելի է մոմ վառել ու աղոթել: Կարսի Առաքելոց եկեղեցին, որը տարիներ առաջ թանգարանից վերածվեց մզկիթի, գրեթե այցելուներ չունի: Կարսում բոլորը գիտեն եւ Առաքելոցը շարունակում են կոչել իր ճիշտ անունովՙ Էրմենի Քիլիսեսիՙ հայկական եկեղեցի:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

Երեկ ուշ գիշեր «Ազգ»-ը տեղեկացավ, որ այսօր շուրջ 4000 թուրք ազգայնամոլ ֆունդամենտալիստներ ուրբաթօրյա իրենց նամազը կատարելու են Ս. Խաչ եկեղեցու շուրջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4