«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2010-09-30 | #178, 2010-10-01 | #179, 2010-10-02


ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿԵԼՈՎ ԱՆՀԱՅՏ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

«Գանձակ. 1880-1916 թթ.» գրքի շնորհանդեսը

Պատմական Ուտիք նահանգում, Կուրի Գանձակ վտակի ափերին գտնվող Գանձակ (Գյանջա) քաղաքը պատմամշակութային խոշոր կենտրոն է եղել, որը հիմնադրվել է 840-ական թվերինՙ ըստ «Աղվանից աշխարհի պատմություն» աշխատության: IX դ վերջից մինչեւ XII դ այնտեղ հաստատվել է Աղվանից կաթողիկոսության աթոռը: Արաբական, սելջուկյան, հետագայում նաեւ պարսկական, ադրբեջանական տիրապետությունների տակ հայտնված հայկական այս քաղաքը կարեւոր նշանակություն է ունեցել տարածաշրջանի ընդհանուր պատմության համար: Նրա բնակչության զգալի մասիՙ հայերի ճակատագրի համար մարտնչել են հասարակ ժողովրդի ծոցից ծնված հայորդիներ, որոնց մեծ մասի անունները զանազան արգելքների եւ պատմական անարդարությունների հետեւանքով ցարդ մնացել են անհայտ հայերիս համար: Այդ դաշնակցական եւ սոցիալ-դեմոկրատ բազում հերոսների, որոնց մի մասըՙ մոտ 300-ը, եղել են նաեւ զորավար Անդրանիկի զինակիցները, կենսագրությունները հետազոտել եւ արխիվային նյութերի ուսումնասիրությամբ հարստացրած մի գրքույկի մեջ ամփոփել է բնիկ գանձակեցի, 1955 թվին ծնված ազգագրագետ Սերգեյ Արամի Երեմյանցը, ում թվով երրորդՙ «Գանձակ. 1880-1916 թթ.» վերնագրով ռուսերեն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին Ազգային գրադարանի դահլիճում: Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին հեղինակի նվիրվածությունն իր գործին, հայրենասիրությունը եւ հատկապես այն հանգամանքը, որ հեղինակը ինքնուրույն ջանքերով է հավաքել անհրաժեշտ բոլոր տվյալները, հարցազրույցներ ունենալով հարյուրավոր մարդկանց հետ եւ ուսումնասիրելով մոտ 1800 գերեզմանաքարեր: Ըստ հեղինակի մորՙ տիկին Ջուլիետա Երեմյանի հավաստիացումների, նա 15 տարեկանից է սկսել հետաքրքրություն ցուցաբերել իր հայրենիքի պատմության հանդեպ:

Սերգեյ Երեմյանը ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, 1976-1983 թվերին որպես մանկավարժ աշխատել է Ադրբեջանի եւ Հայաստանի դպրոցներում, աշխատակցում է «Գարդմանի կանչ» պարբերականին: Հեղինակ է արդեն երեք գրքերի: Վերոնշվածին նախորդել են «Գանձակ. 1905-1907 եւ 1917-1921 թթ.» եւ «Գանձակ. Հայկական գերեզմաններն ու եկեղեցիները» ռուսերեն գրքերը: Ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես ղարաբաղյան շարժման, այնպես էլ Գարդմանի հայրենակցական միության գործունեություններին:

Նրա հարատեւական, տքնաջան աշխատանքների արդյունքը հանդիսացող երեք գրքերը նշանակալի ներդրում են տարածաշրջանի պատմամշակութային հետազոտությունների բնագավառում: Ցանկալի կլիներ, որ դրանք մեկ գրքով թեկուզ, բայց հայերեն ներկայացվեին հայ երիտասարդությանը:

Բեղմնավոր գրիչ եւ հետագա հաջողություններ հայրենասեր հեղինակին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4