«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2010-10-02 | #180, 2010-10-05 | #181, 2010-10-06


ՀԱՅԿԱԿԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՍՐՏՈՒՄ

Այսպես կարելի է բնութագրել Ամերիկայում ծնված ազգությամբ հրեա այս կենսուրախ, սրտաբաց ու զրուցասեր տիկնոջը, որն արդեն 25-րդ (հոբելյանական կարելի է համարել) անգամ է այցելում Հայաստան 1993-ից:

Մեր երկիրը նույնքան հաճախակի այցելած օտարերկրացիների մեջ երեւի կարելի է առանձնացնել բարոնուհի Քերոլայն Քոքսին, որին, ի դեպ, Նյու Յորքում հանդիպել է տիկին Ջիլբերտա Ֆասը մի քանի տարի առաջ, եւ հավանաբար նրանք շատ բան են ունեցել իրար պատմելու հայերի եւ Հայաստանի մասին:

Տիկինը ուղղակի սիրահարված է հայերին, Հայաստանին եւ, անշուշտ, հայկական հյուրընկալությանն ու խոհանոցին: Միայնակ երեխա լինելովՙ զրկված է եղել քույր, եղբայր, հարազատ բարեկամներից, եւ 1981-ին, երբ Քենեդու անվան օդանավակայանում հանդիպել է Ռիմա Սահակյանին, որն իր հասցեն տալով հրավիրել է նրան իր տուն, ասելով. «Եթե տանս լույսը վառված տեսնես, զանգը տուր ու բարձրացիր»: Նա զգացել է, որ գտել է իր «հարազատ քրոջը», եւ այդ օրվանից նրա հայկական շրջանակը սկսել է մեծանալ: Ծանոթությունները մեկը մյուսին են հաջորդել: Իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում անձամբ տեսակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի, «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի, հրապարակախոս Զորի Բալայանի եւ մեծագույն Շառլ Ազնավուրի հետ: Նրանցից եւ ընդհանրապես Հայաստանի տարբեր քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Թալին, Օշական, Ջերմուկ եւ այլն) հասարակ ժողովրդի հետ ունեցած իր շփումներից ստացած տպավորություններն ու հիշողությունները այնքան հարուստ են ու հաճելի նրա համար, որ նա ժամերով կարող է պատմել դրանց մասինՙ վերհիշելով հետաքրքրական մանրամասներ ու իրավիճակներ: Գյուղերից մեկում, որտեղ իսկական հայկական թոնիր տեսնելու համար է գնացել, նրան խնդրել են նորածին երեխայի կնքամայր դառնալ: Ընդունել է, եւ Սբ Սարգիս եկեղեցում կազմակերպել են կնունքի արարողությունը: Այս անգամ իր սանիկին այցելած Ջիլբերտան ընտանիքի մյուս երեխայի կնքամայրն է դարձել:

«Ամեն գալուս այնքան լուսանկարներ եմ քաշում (վերջին անգամՙ այս տարվա մայիսին միայն 6500-ից ավելի նկար էի քաշել) եւ հաջորդ գալուս նվիրում մարդկանց, որ ինձ «ժամանակագիր» են անվանում, քանի որ դրանցում նրանք տեսնում են իրենց զավակների մեծանալը», ասում է նա իր եւ ամուսնուՙ Սթենֆորդ Ֆասի հետ «Մարիոթ-Արմենիայում» մեր հանդիպման ժամանակ:

Սկզբնական շրջանում Հայաստան սկսել է այցելել Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ տարեկան մեկ անգամ: Հետո զգացել է, որ դա բավական չէ ժողովրդի հետ լիարժեք հանդիպումների համար եւ որոշել է մի անգամ նրանց հետ գալ Հայաստան, մեկ անգամ էլՙ առանձին կամ ամուսնու հետ, իր համար ազատորեն ըմբոշխնելու այն, ինչը հայկական էՙ ընտանեսիրությունը, հյուրասիրությունը եւ խոհանոցը: Լավատես կին է եւ ամեն գալուն, իր իսկ խոսքերով, նորություններ ու առաջընթաց նկատում է այստեղ: Բայց չի խուսափում նաեւ նշել, որ դեռ բավականաչափ «կարգ ու կանոն» հաստատելու բնագավառներ կան, որոնցից կարեւորագույնն է համարում պայքարը կաշառակերության դեմ:

Ժամանակին երազել է գրադարանավարուհի դառնալ, բայց հանգամանքների բերումով չի ստացվել: Հետո ամուսնացել է, երկու որդիների դաստիարակությամբ զբաղվել, եւ անցել են տարիներ: «Հիմա մեր տանը այնքան հուշանվերներ եւ լուսանկարներ են հավաքված, որ պատերին այլեւս տեղ չկա: Մտածում եմ բնակարանիս մի մասը «Հայկական թանգարանի» վերածել, որպեսզի մարդիկ գան, տեսնեն ու ծանոթանան այս հրաշալի երկրին ու մարդկանց հետ», ասում է նաՙ ավելացնելով, որ զանազան կազմակերպություններ հաճախակի նրան հրավիրում են դասախոսություններ կարդալու իր այցելությունների վերաբերյալ: «Կան հայեր, որ շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին», զարմացած ասում է նա եւ հպարտությամբ ցույց տալիս իր գնած վերջին հուշանվերները, որոնք բոլորն էլ «կարմիր, կապույտ եւ ծիրանագույն» են կամ կրում են «Արարատի» խորհրդանշանը:

Իմ հարցին, թե չի՞ ցանկանում արդյոք գիրք գրել իր տպավորությունների եւ հիշողությունների մասին, նա ոգեշնչված պատասխանեց. «Օ՜հ, մտածել եմ այդ մասին: Նույնիսկ վերնագիրն եմ հորինելՙ «Ողջո՛ւյն, անծանոթ, ցտեսությո՛ւն, ընկեր ջան»: Բայց դեռ չեմ սկսել գրել»:

Մաղթենք, որ մոտ ապագայում նա ժամանակ կգտնի գրի առնելու մեկ հատորի մեջ այն ամենը, ինչ իր սրտում ու հոգում զգում է հայերի հանդեպ, եւ դրանով ուրիշների սեփականությունը կդարձնի դրանք:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4