Սեպտեմբերի 25-26-ին Պենզայում տեղի է ունեցել «Դինամո» ընկերության կազմակերպած սպորտային մարմնամարզության 6-րդ միջազգային մրցաշարը: Դրան մասնակցել է նաեւ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի սան, 2008-ի ՀՀ չեմպիոն Վիգեն Սամվելի Խաչատրյանը: Նա մրցել է Թուրքմենիայի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ 8 տարածաշրջանների մարզիկների հետ: Գերազանց տիրապետելով բոլոր գործիքներին, նա նվաճեց բացարձակ չեմպիոնի կոչումը` արժանանալով 3 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալների: Միջազգային մրցաշարում սպորտային մարմնամարզության բացարձակ չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ է մարզվել 15 տարի: Մեր մարզիկն այդ հաղթանակին հասավ ընդամենը 9 տարում:
Ըստ «Մարմնամարզություն» հանդեսի, նա համարվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի լավագույն սաներից մեկը: Վիգեն Խաչատրյանը նշեց, որ հաղթանակի համար պարտական է մարզչին` միջազգային կարգի սպորտի վարպետ Արտյոմ Ավետյանին:
Արդյոք եղա՞ն առաջարկներ առաջիկա մրցումներին մասնակցելու համար հարցին, մարզիչ Արտյոմ Ավետյանը պատասխանեց, որ Նիժնի Նովգորոդում անցկացվելու են միջազգային մրցումներ: Մեր մարզիկը դրանց մասնակցելու հրավեր է ստացել օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Սվետլանա Խորկինայից :
Արտյոմ Ավետյանը շնորհակալություն հայտնեց Ալբերտ Ազարյանին եւ մարզադպրոցի ողջ կոլեկտիվին:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ