«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2010-10-06 | #182, 2010-10-07 | #183, 2010-10-08


ՄԻ՛ ԽԵՂԱԹՅՈՒՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նման կոչով արաբական «Ալ Ջազիրա» վավերագրական հեռուստատեսության խմբագիրներին նամակ է հղել Ստեփանակերտից բժշկական գիտությունների դոկտ. Արշակ Դավիդյանըՙ արձագանքելով հոկտեմբերի 2-ին հեռասփռված Ադրբեջանի վերաբերյալ վավերագրական ֆիլմին, որը շարունակելի է եղել:

«Նախիջեւանի մասին խոսելիս ֆիլմում նշվում է, որ Նախիջեւանը միացած էր Ադրբեջանին 1918 թվին, եւ խորհրդային իշխանությունները Զանգեզուրն ու Մեղրին տվեցին Հայաստանինՙ անջատելով դրանք Ադրբեջանից», գրում է նա եւ իր զայրույթն արտահայտում պատմության նման խեղաթյուրման առթիվ: «Բոլորի կողմից ընդունված պատմական փաստ է, որ ո՛չ Նախիջեւանը, ո՛չ էլ Ղարաբաղը (Արցախը) Ազգերի լիգայի կողմից Ադրբեջանի կազմում ընդգրկված չեն եղել 1918-ին: Դրանք ճանաչված են եղել որպես «վիճելի տարածքներ», իսկ հետաքրքրական է, թե որտեղի՞ց եք հորինել այն միտքը, որ Զանգեզուրն ու Մեղրին երբեւէ մաս են կազմել Ադրբեջանին», շարունակում է նա իր նամակըՙ կոչ անելով «Ալ Ջազիրայի» խմբագիրներին նախ հայերից, հետո նաեւ միջազգային հանրությունից ներողություն խնդրել «օրը ցերեկով հնչած նման ապատեղեկատվության համար»:

«Ինչպե՞ս կվերաբերվեիք դուք, եթե հայկական հեռուստատեսությամբ հնչեր այն միտքը, որ Քաթարն ու Մեքքան մի ժամանակ Հայաստանի բաղկացուցիչ մասն են եղել: Կարծես հայկական հուշարձանների, խաչքարերի եւ եկեղեցիների ավերումները Թուրքիայում եւ Ադրբեջանում բավական չէին, հիմա էլ արաբների՞ն են մեղսակից դարձնում պատմությունը նենգափոխելու ազերի-թուրքական ջանքերին: Զգուշացե՛ք նման կեղտոտ խաղերից», եզրակացնում է նա իր բողոքագիրը եւ խորհուրդ տալիս իր հայրենակիցներին նույնպես արձագանքելՙ այցելելով http://doc.aljazeera.net կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4