«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2010-10-06 | #182, 2010-10-07 | #183, 2010-10-08


ՕԶՔՈՐԱՅԻ «ՊՈՒՏՉԸ»ՙ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՌՈՒՄԲ [1]

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ամբողջ 19-րդ դարի ընթացքում Թուրքիան ճանաչված էր որպես Եվրոպայի «հիվանդ մարդը»: Նրա այդ հիվանդությունը ժամանակի ընթացքում փոխեց իր բնույթըՙ ըստ իրարահաջորդ կառավարականՙ օսմանյան, իթթիհատական, հանրապետական եւ վերջապես այսօրՙ իսլամիստական վարչակազմերի փոփոխությունների: Բայց թուրքական հասարակությունը շարունակեց մնալ հիվանդ, եւ դա է պատճառը, որ երկիրն իր վերջին ուժերը լարելովՙ պայքարում է այսօր Եվրոպայի դարպասների առաջ, չիմանալով, թե ապագան ինչ է վերապահում իրեն:

Մի բան էՙ «հիվանդ մարդու» զոհերը «ճանաչեն» հիվանդության բնույթը, մեկ այլ բան է, երբ թուրքերն իրենք գիտակցեն այդ հիվանդության «ակունքները» եւ փորձեն դարման գտնել դրան:

Ահա նման գիտակցությունն է (որն իրականում կարելի է հայտնություն որակել), որ թուրք հայտնի գրող եւ ակտիվիստ Էրոլ Օզքորային մղել է լույս ընծայելու ֆրանսերենով իր «Թուրքիա: Հավիտենական պուտչը» («Turquie: Le Putsh Permanent») խորագրով գիրքը: Ֆրանսիայում գործող Չոպանյան ինստիտուտի վերջերս հրատարակած այս գիրքը շուտով անգլերեն է թարգմանվելու Ամերիկայի «Հայ իրավանց հանձնախմբի» կողմից:

«Չոպանյան ինստիտուտը» հիմնադրվել է Փարիզում հայտնի գրաքննադատ եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի (1872-1954) մահվան 50-ամյակի առիթով եւ Եվրոմիություն-Թուրքիա բանակցությունների շեմին: Հիմնադիրն է ՌԱԿ Փարիզի մասնաճյուղի նախկին ատենապետ Ժան Վարուժան Սրապյանը: Հիմնադրումից ի վեր, ինստիտուտը հրատարակել է բազում գիտական աշխատություններ, կապեր հաստատել սենատորների եւ խորհրդարանի պատգամավորների հետ ու նրանց տրամադրել գիտական լուրջ փաստաթղթեր հայերի դեմ գործված ցեղասպանության վերաբերյալ:

Արշակ Չոպանյանին Ֆրանսիայում Հայ դատին ի նպաստ գործող «միանձնյա կոմիտե» կարելի է համարել: Միայնակ գործելովՙ Եվրոպայի առաջնորդներին նա ծանոթացրել է Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովրդի վիճակին նախքան ցեղասպանությունը եւ նրա իրավունքներինՙ ցեղասպանությունից հետո: Նա ֆրանսիացի մտավորականներից Անատոլ Ֆրանսի, Ժան Ժորեսի եւ ուրիշների նման Հայ դատի աջակիցների է ձեռք բերել եւ նրանց հետ մտերմացել:

Չոպանյանը նաեւ քաջ գիտակցում էր, որ հայերի վիճակը եւ նրանց իրավունքներին տեր կանգնելու պահանջը ներկայացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ էր եվրոպացիներին ծանոթացնել իր ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանըՙ ընդգծելու այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում կատարված կոտորածները ոչ թե մի հասարակ, պրիմիտիվ ժողովրդի դեմ էին, այլ մշակութային ուշագրավ նվաճումների հասած քաղաքակիրթ մի ազգի:

Արեւմուտքում ապրող շատերի համար Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, քրդերը եւ հրեաները «ստորադաս ցեղեր» էին, եւ նրանց ոչնչացումը չէր կարող բացասաբար անդրադառնալ քաղաքակրթության առաջացման վրա: Նման տեսակետներ պաշտպանողների թվում էին Ֆրանսիայի «օրիենտալիստ»-գրող Պիեռ Լոտին եւ ամերիկացի ծովակալ Մարկ Բրիստոլը: Այս վերջինը հայերին, քրդերին, չերքեզներին եւ բոլոր մյուսներին ներկայացնում էր որպես օձերի, որոնք պարկի մեջ միմյանց են թունավորում:

Չոպանյանը պայքարեց ընդդեմ այս հոսանքիՙ գրելով եւ ֆրանսիական պարբերականնեում հրապարակելով հոդվածներ հայոց պատմության վերաբերյալ: Նա նաեւ միջնադարյան հայկական պոեզիան ֆրանսերեն թարգմանեցՙ գրավելու համար ֆրանսիական գրական վերնախավի ուշադրությունը:

Այսօր Սրապյանն է առաջ տանում Չոպանյանի առաքելությունը, դարձյալ համարյա միայնակ, աջակցություն գտնելով միայն մարդու իրավունքների ֆրանսիացի, քուրդ, թուրք պաշտպանների եւ քաղաքական գործիչների կողմից:

Գիտական լուրջ պարբերականների եւ գրքերի շարքում «Չոպանյան ինստիտուտը» վերջերս հրատարակել է Էրոլ Օզքորայի գիրքը, որտեղ հեղինակը, որպես թուրք, ինքնավերլուծությունների մեջ է խորամուխ լինումՙ բացահայտելու, ախտորոշելու եւ եթե հնարավոր էՙ նաեւ բուժելու իր ժողովրդին, թուրք հասարակությանը պատուհասած «հիվանդությունները»:

Ճիշտ չի լինի ասել, որ Օզքորայը «արջի ծառայություն» է մատուցում հայերիս: Ֆրանսիայում քաղաքական ակտիվ կյանքով ապրող եւ «Լը Մոնդի» նման հեղինակավոր ֆրանսիական հրատարակչություններին թղթակցող հեղինակը Թուրքիայի քաղաքական հոգեբանության ինքնադիտողական վերլուծությամբ է զբաղվումՙ հասկանալու համար, որ երկիրը ցարդ սխալ ճանապարհով է ընթացել, եւ Եվրոմիությունը աստիճանաբար գլխի է ընկել, թե ինչքան խորն են հակա-ժողովրդավարության արմատները Թուրքիայի քաղաքական համագումարում:

Թուրքիան Եվրոմիության անդամակցության թեկնածու դարձավ 1999-ին, բայց անցած 11 տարիների ընթացքում մարդու իրավունքների նրա տարեգրությունը, ըստ Օզքորայի հավաստիացումների, մնացել է նողկալի վիճակում, որովհետեւ գործադիր մարմնի գործունեության մեջ երկվություն գոյություն ունի: Ժողովուրդն ընտրում է ներկայացուցիչներին օրենսդիր եւ գործադիր մարմիններում, բայց իսկական իշխողները երկրում զինվորականներն են, եւ ինչպես վերջերս կատարված «Էրգենեքոնի» հետազոտություններն են պարզում, երկրի ներսում գործում է «խորքային պետություն» ասվածը, որն էլ առաջ է տանում հանրապետության քաղաքականությունը:

Երկիրը զինվորական վերահսկողության տակ է գտնվում 1980-ից ի վեր, երբ զորավար Քենան Էվրենը տապալեց ընտրված կառավարությանը եւ 1982-ին մշակեց ու հրապարակեց մի սահմանադրություն, որը հիմնականում իշխանությունը փոխանցում էր զինվորականներինՙ անկախ ժողովրդական ընտրությունների արդյունքներից: Ազգային անվտանգության խորհուրդը մնում է երկրի իշխող «խունտան», որն իրավունք ունի պաշտոնից հեռացնելու որեւէ ընտրված քաղաքական գործչի, եթե վերջինս համարձակվել է անցնել «կարմիր գիծը», ինչպես պատահեց Նեջմետտին Էրբաքանի հետ:

Օզքորայը նույնիսկ հետ է գնումՙ դեպի թուրքական հանրապետության հիմնադրումը 1923-ին, երբ Աթաթուրքն ստեղծեց կառավարման իբր աշխարհիկ համակարգ, վերացնելով հոգեւորականների դերը դրանում, բարեփոխելով լեզուն եւ հաստատելով զգեստավորման արդիական նորմեր: Օզքորայը գտնում է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադրման օրերին մեր իմացած ժողովրդավարությունը այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում: Ամենուրեք բռնակալներն էին իշխում. Հորթինՙ Հունգարիայում, Պիլսուդսկինՙ Լեհաստանում, Մետաքսասըՙ Հունաստանում, Ֆրանկոնՙ Իսպանիայում եւ Սալազարըՙ Պորտուգալիայում: Դեռ կային նաեւ երեք ամբողջատիրական վարչակարգեր. Մուսոլինինՙ Իտալիայում, Ստալինըՙ ԽՍՀՄ-ում եւ Հիտլերըՙ Գերմանիայում: Այնպես որ, Աթաթուրքը Թուրքիայի հանրապետությունը հիմնեց ֆաշիզմի ոգով: Պիեռ Միլզա անունով մի մասնագետ «ձախակողմյան ֆաշիզմ» կոչեց այն, իսկ մեկ այլ մասնագետՙ Մորիս Դյուվերժենՙ «Բարյացակամ դեսպոտիզմ» անվանումը տվեց դրան:

Հեղինակը նաեւ քննության է առնում բնակչության թվի մեքենայությունների հարցը, նշելով, որ Աթաթուրքը Թուրքիայի բնակչությունը ներկայացնում էր որպես 99 տոկոսով թուրքերի եւ սուննիների զանգված, հաշվի չառնելով ոչ 15 միլիոն քրդերին, ոչ էլ 22 միլիոնի հասնող ալեւիներին, մինչ հույներին, հայերին եւ հրեաներին էլ ամբողջովին «լուսանցքի վրա» թողնելով, նրանց ճակատագիրըՙ կախված Լոզանի պայմանագրի քմահաճ որոշումներից:

Այսպիսով, բնակչության բռնի միատարրություն էր իրականացնում նա: (Զորավար Քենան Էվրենին համեմատում են Չիլիի արյունռուշտ բռնապետ զորավար Պինոչետի հետ: Եվ իրավացիորեն, քանի որ մոտ մեկ տարի առաջ թուրք զորավարը հայտարարեց, որ «Ձեռքերը չէին դողում քաղաքագետների մահվան վճիռները ստորագրելիս, եւ նույնը կաներ նաեւ այսօր, եթե պարտավորված լիներ»):

Այժմ, երբ Էրդողանի նոր սահմանադրությունը իրավունք ձեռք բերեց «պուտչիստներին» պատասխանատվության կանչելու, պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչպես կգործեն իշխանությունները: Չէ՞ որ կարկանդակը փորձելուց հետո միայն կարելի է կարծիք կազմել դրա համի մասին:

Օզքորայը յոթ «պետական հեղաշրջման» փորձեր է մատնանշում 2002-ի եւ 2009-ի ժամանակահատվածում ընդդեմ քրդերի, ալեւիների, հայերի, իսլամիստների, սոցիալիստների, լիբերալների եւ Եվրոմիության համախոհների: Այս բոլոր խմբավորումներին, որոնք կազմում են 50 միլիոն քաղաքացիներ, այսինքնՙ ընդհանուր 72 միլիոն բնակչության 70 տոկոսը, զինվորականությունը համարում է «ներքին թշնամիներ»: Նրանք «սեւ ցուցակի» մեջ են:

Իշխանության հասնելու համար զինվորականությունը գործի է դնում արհեստական «ճգնաժամերը», Կիպրոսի գրավումը, Էգեյան կղզիների ինքնավարությունը, Հունաստանում թուրքական փոքրամասնությանը, Ստամբուլում հունական պատրիարքարանի կարգավիճակը եւ այլն: Ժամանակ առ ժամանակ, քաղաքացիական կառավարությունը որոշ միջոցառումներ ձեռնարկում է այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց խնդիրները վերջնական լուծում երբեք չեն ստանում, որովհետեւ Ազգային անվտանգության խորհուրդը որոշակի «տաբուներ» է սահմանել հետեւյալ հարցերի վերաբերյալ. սահմանափակել քուրդ բնակչության գործունեությունըՙ խուսափելու համար երկիրը բաժանելու ձգտումներից, երբեք զիջումների չգնալ Կիպրոսի հարցի վերաբերյալ, պահպանել կառավարության աշխարհիկ կարգավիճակը, պայքարել ուղղափառ եկեղեցու դեմ եւ երբեք չընդունել «ցեղասպանություն» բառեզրի օգտագործումը: Կան որոշակի ձեւաչափեր, որոնց շրջանակներում պարտավոր է գործել որեւէ քաղաքացիական կառավարությունՙ թաքուն պահելու համար «խորքային պետության» գոյությունը:

Զինվորականության հիմնած համակարգում անհատն ու իր իրավունքները ոտնակոխ են արվում պետության ենթադրյալ շահերի տակ: Նման հասկացությունը համակարգված ձեւով մատուցվում է հանրությանը «Դողան» խմբավորման կողմից, որը սեփականատերն է մի քանի հեղինակավոր թերթերի եւ հեռուստակայանների: Զինվորականության նման իշխանության հաստատումից ի վեր 2.330.000 մարդ ձերբակալվել է եւ կտտանքների ենթարկվել: Ուղեղների լվացման այս համակարգում մարդկանց «ծրագրում» են մտածել մի ուղղությամբ, որը երբեք չի հասնելու ժողովրդավարության:

Օզքորայը որոշակի շշմեցնող վիճակագրություններ է մատնանշում, որոնք ցույց են տալիս, որ գոյություն ունեցող այս համակարգը երբեք չի կարող ուղղվել եւ դառնալ ժողովրդավարական: Այդ վիճակագրական տվյալների թվին են պատկանում հետեւյալները. թուրքերի միայն 11 տոկոսն է հավատացած, որ խոսքի ազատությունը կարեւոր է, նրանց 73 տոկոսը չի վստահում օտարներին, վախենում է նրանցից, 74 տոկոսը վստահում է զինվորականությանը, 55 տոկոսը չի ցանկանում հրեաներին տեսնել որպես հարեւանների եւ 90 տոկոսը երջանիկ է, որ թուրք է:

Այս վերջին տվյալը մասնավորապես հատկանշական է Աթաթուրքի ռասիստական կարգախոսին, որն ամենուրեք փակցված է Թուրքիայում. «Երջանիկ է նա, ով ասում է, թե ինքը թուրք է»:

Էրդողանի նոր սահմանադրության հաղթանակով իսլամիստական կառավարությունը հավատացած է, որ Թուրքիան նոր ժամանակաշրջան է թեւակոխում, որն էլ կառաջնորդի երկիրը դեպի իսկական ժողովրդավարություն: Բայց նրանք, ովքեր կկարդան Օզքորայի գիրքը, կհամոզվեն, որ իր ներկա իրավիճակով, անհանգիստ փոքրամասնություններով եւ իսլամիստների ու քեմալիստների միջեւ ներքին տարաձայնություններով Թուրքիան դարձել է ժամացույցի մեխանիզմով աշխատող մի ռումբ, որն ամեն րոպե պատրաստ է պայթելու:

Դետրոյթ, ԱՄՆ, «Արմինյն միրոր սփեքթեյթր», Թարգմ.ՙ Հ. Ծ.


1 - Գրքի տպագրվելու մասին «Ազգը» տեղեկացրել է սեպտեմբերի 8-ի համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4