Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երեկ նշվեցին Հենրիկ Մալյանի 85 եւ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի 30-ամյակները, «Երկխոսություններ երրորդի համար» Հ. Մալյանի ինքնակենսագրական վերահրատարակված գրքի շնորհանդեսը, նաեւ Հ. Մալյանի եւ թատրոնի պաշտոնական կայքերի շնորհանդեսը: Կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամը եւ «Դիքսի» ստեղծագործական թիմը:
Միջոցառումը անցավ պարզ եւ անկաշկանդ մթնոլորտում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը նշեց. «Հ. Մալյանին դուր չէր գա, որ իր 85-ամյակը վերածվեր մեծարման երեկոյի, դրանից նա կկաշկանդվեր»:
Ներկաների թվում էին Սոս Սարգսյանը, Տիգրան Մանսուրյանը, Ալբերտ Մկրտչյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Պետրոսյանը, Ռուբեն Գեւորգյանցը, Շուշան Պետրոսյանը, կինոյի եւ թատրոնի անվանի ներկայացուցիչներ, արվեստագետներ: Երեկոյի ընթացքում, ինչպես հուշերի շղթա, ներկայացվեց Հ. Մալյանի բեմադրած Հ. Թումանյանի «Հեքիաթները»: «Սակայն սա չի կարելի համարել Հ. Մալյանի անվան թատրոնի 30-ամյակին նվիրված երեկո, այն մենք կնշենք մեր թատրոնում, թեկուզ ուշացումով», ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ն. Մալյանը:
Թատրոնի մասին զրուցեցինք Նարինե Մալյանի հետ:
- Ըստ Ձեզՙ մալյանական ոգին այսօր պահպանվո՞ւմ է ներկայացումներում:
- Չեմ կարող ասել, որ լիարժեք պահպանվում է: Փորձում ենք պահպանել այն, ինչ ստացել ենք Հ. Մալյանից, ապրել այնպես, ինչպես սովորեցրել է Հ. Մալյանը ե՛ւ որպես քաղաքացի, ե՛ւ որպես արվեստագետ:
- Իր ստեղծագործություններում Հ. Մալյանը ըմբոստանում էր ազգային-պատմական եւ հասարակական անարդարության դեմ: Ըստ Ձեզ` որպես Հ. Մալյանի դստեր եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի, եթե Հ. Մալյանը ողջ լիներ, այսօր ինչի՞ դեմ կընդվզեր:
- Հ. Մալյանը կընդվզեր անտարբերության եւ ապազգային յուրաքանչյուր արտահայտության դեմ: Նա ցավով էր ընդունում այդ ամենը եւ անում էր ամեն ինչ, որ այդ թերությունը վերանա:
- Ի՞նչ եք կարծում, կան այսօր Հ. Մալյանի ավանդույթները շարունակողներ, բացի Մալյանի թատրոնից:
- Ես շատ կցանկանայի, որ լինեին այդպիսիք, ցավոք սրտի իր տեսակի մարդիկ այսօր քիչ են, եւ բոլորս ունենք նման մարդկանց կարիք:
- Տարբեր շոուներում եւ սերիալներում Ձեր թատրոնի դերասանների մասնակցությունը արդյոք չի՞ խանգարում թատրոնի ստեղծագործական ձեռագրին: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում դրան:
- Երբ զգում եմ, որ «տիզը» մտնում է թատրոն` դերասանի խոսքի մեջ, պլաստիկայի մեջ, փոքր զրույցի միջոցով ուղղումներ եմ կատարում, եւ ամեն ինչ վերականգնվում է: Սերիալին նայում եմ որպես վարժանքի դերասանի համար:
Կարծում եմ, որ Հ. Մալյանի թատրոնի դերասանները ստեղծագործական բերկրանք ապրում են միայն թատրոնում:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ