«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2010-10-15 | #189, 2010-10-16 | #190, 2010-10-19


ԱԼԻԵՎԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ

Հետո ի՞նչ է լինելու, ո՞վ է զսպելու ռազմատենչ Ադրբեջանին

2011 թվականի համար Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմելու են 3.1 միլիարդ ամերիկյան դոլար, ինչը մոտ 400 միլիոն դոլարով գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեի ծախսային մասը: Այսպիսով, Ալիեւը կատարեց տարիներ ի վեր կրկնող իր խոստումը եւ Ադրբեջանի ռազմական ծախսերը ոչ միայն հավասարեցրեց Հայաստանի ողջ բյուջեին, այլեւ մի բան էլ ավելի: Ավելի այնքան, որքան բյուջեով Հայաստանի ռազմական ծախսերի համար հատկացվող գումարներն են:

Չոր կամ տպավորիչ թվերով պատերազմում չեն հաղթում: Ադրբեջանը մեկ անգամ արդեն իսկ սխալվել էՙ ռազմական հաշվարկների համար հիմք ընդունելով չոր թվերը: Ավելի քան յոթմիլիոնանոց Ադրբեջանը 1991-1994 թթ. ոչ միայն պարտվեց 100 հազարանոց Լեռնային Ղարաբաղին (որի թիկունքին էր նաեւ երեքմիլիոնանոց մրսող ու շրջափակման մեջ գտնվող Հայաստանը), այլեւ կորցրեց ավելի քան 7.000 քառակուսի կիլոմետր տարածք, որը մաս չէր կազմում նախկին ԼՂԻՄ-ին: Այդ տարիներին Ադրբեջանն ուներ առավելություն ոչ միայն մարդուժի տեսանկյունից, այլեւ զորքի ու զենք-զինամթերքի: Ի վերջո, Ադրբեջանն ուներ ռազմական ավիացիա, Արցախըՙ չուներ:

Իլհամ Ալիեւը բազմիցս սպառնացել է, որ ռազմական ծախսերը տարեցտարի մեծացնում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում «Լեռնային Ղարաբաղն ու օկուպացված տարածքները ազատագրի» պատերազմով: 2003-ին, երբ նա փոխարինեց իր հիվանդ հորը, Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտ տասն անգամ պակաս էր 2011-ի համար նախատեսված բյուջեից:

Արդյոք պե՞տք է հայերը մտահոգվեն Ադրբեջանի տարեցտարի ավելացվող ռազմական ծախսերի տպավորիչ թվերից: Անշուշտ պետք է մտահոգվեն: Ոչ միայն այն պատճառով, որ թվերն ինքնին մտահոգիչ են, ոչ միայն այն պատճառով, որ շփման գծում ավելացել են դիվերսիաները, ոչ միայն այն պատճառով, որ դիպուկահարներն են լկտիացել: Հիմնական մտագոհությունը կապվում է նախագահ Ալիեւի ու ադրբեջանցիների մեջ ուժգնացող այն հավատին, հավանաբարՙ խաբուսիկ, որ իրենք կարող են նոր պատերազմ հայտարարել ու հաղթել այդ պատերազմում:

Ահա սա է մտահոգիչը: Եկեք այն անվանենք ինքնավստահության սինդրոմ: Այսինքնՙ Ալիեւն ու ադրբեջանական ռազմական վերնախավը համոզվում են իրենց մեջ, որ եկել է պահը պատերազմ հայտարարելու եւ հաղթելու կամ, ինչպես 2003-ին էր Իլհամ Ալիեւն ասումՙ հայերի գլուխը ջարդելու:

Ինքնավստահության սինդրոմը 2008-ին պատեց Վրաստանի նախագահին: Միխեիլ Սաակաշվիլուն թվաց, թե իսկը պահն է պատերազմ հայտարարելու եւ «ազատագրելու» Հարավային Օսիան: Սաակաշվիլուն հանգստացնելու համար հինգ օրը բավարար եղավ: Որքան էլ Վրաստանի ստորացումը ցավալի կարող է թվալ, բայց դա նաեւ լավ դաս էր առաջին հերթին հենց Ալիեւի համար: Դա լավ դաս էր նաեւ միջազգային, առաջին հերթին արեւմտյան հանրության համար այն իմաստով, որ չպետք է հանդուրժել ռազմական հռետորաբանությունը, անկախ նրանից, թե որքան սիրելի է Սաակաշվիլին:

Այսօր նավթով ու գազով հարուստ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը պատշաճ արձագանք չի գտնում այդ նավթն ու գազն սպառող Արեւմուտքում: Ավելին, հենց այդ էներգակիրներից ստացված գումարներով է Ադրբեջանը տարեցտարի ավելացնում իր ռազմական ծախսերը: Այսօր շատերն են համոզված, որ Ալիեւը չի գնա սադրանքի ու չի համարձակվի կրկնել Ադրբեջանիՙ 1990-ական թթ. սկզբին թույլ տված սխալը:

Իրականում, սակայն, շփման գծում հաճախակի դարձած կրակոցներն ու դիվերսիաները կարող են մի պահ դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների: 1991-1994թթ. ոչ ոք պաշտոնապես պատերազմ չհայտարարեց: Այդ պատերազմը ավարտված չէ, ընդամենը հաստատվել է անժամկետ հրադադար:

Հարավային Կովկասն ու մերձավորարեւելյան տարածաշրջանը չունեն անկանխատեսելի առաջնորդների պակաս: Այսօր ամենաանկանխատեսելին Ալիեւն է ու Ադրբեջանը: Բայց այս հարցում էլ Արեւմուտքը առաջնորդվում է երկակի չափանիշներով: Միակ ուժը մնում է Հայաստանը, որ պետք է պատրաստ լինի իրադարձությունների ամենահոռետեսական սցենարին: Պարտադրված նոր պատերազմի դեպքում հայկական զինուժը նախ եւ առաջ պետք է ոչ միայն խափանի Արեւմուտք հոսող նավթագազատարների աշխատանքը, այլեւ փորձի այդ տարածքներով անցնող խողովակները ներառել նոր անվտանգության գոտում: Նոր պատերազմը կլինի նաեւ այն պահը, երբ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կդառնա պարտադիր:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4