«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


«ԶԻԿԿՈՒՐԱՏ»ՙ ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

Ըստ հանրագիտարանային բացատրության «Զիկկուրատը (աքքադերեն) Հին Միջագետքի պաշտամունքային կառույցի տիպ է» որն առաջացել է «մ. թ. ա. 3-րդ հազարամյակի վերջերին, այնուհետեւ դարձել Հին Միջագետքի ամենաբնորոշ շինություններից: Ձեւովՙ աստիճանավոր, հոծ զանգվածեղ բուրգ էր, բաղկացած հաջորդաբար փոքրացող, մեկը մյուսին դրված հատած բուրգերից... Բուրգն ավարտվում էր տաճարով, որ քաղաքի գլխավոր աստծո «բնակատեղին» էր»: Զիկկուրատները «չափերով շատ մեծ էին» եւ պահպանվել են Իրաքում եւ Իրանում: «Համեմատաբար լավ է պահպանվել Ուր-Նամմուի Զիկկուրատը»:

Ահա հինավուրց շինության այս տիպի անվանումն էլ Կոլգեյթ համալսարանի անգլերենի դասախոս, «Փեն Ալբրանդ» մրցանակի արժանացած գրող-հուշագիր Փիթեր Բալաքյանն օգտագործել է որպես խորագիր բանաստեղծությունների իր նոր գրքի, որն ԱՄՆ-ում հրատարակվել է սեպտեմբերի 11-ին: Թվականը խորհրդանշական է, քանի որ հատորում տեղ գտած բանաստեղծությունների մեծ մասը, «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, առնչվում է 9/11-ի իրադարձությունների, ընդհանրապես աղետի հետեւանքների եւ տրավմայի շարունակական ազդեցության հետ:

Սա իր մեծապես գնահատված «Ջուն-Տրի: Նոր եւ ընտրված բանաստեղծություններ, 1974-2000» հատորից հետո լույս տեսած բանաստեղծությունների առաջին գիրքն է, որի մասին մրցանակակիր բանաստեղծուհի Կարոլին Ֆորշեն նշել է. «Հատկանշական յուրահատկությամբ է Բալաքյանն իր թեմայի հիմնական մտքի արձագանքը հայտնաբերում առաջին մեծ երկնաքերիՙ Ուրի Զիկկուրատի կառուցման մեջ եւ դա իր էպիկական «A-Train/Ziggurat/Elegy» պոեմին տալիս է պատմական այնպիսի խորություն, որպիսին ես երբեք չեմ տեսել վերջին տարիների ամերիկյան պոեզիայում: Նա կարողացել է այնտեղ հրաշալիորեն միահյուսել պատմական, փիլիսոփայական, քաղաքական եւ հոգեբանական տարրերը»:

1960-ականների վերջերին Բալաքյանը որպես ցրիչ-փոստատար աշխատել է Մանհեթենի կենտրոնական մասում, որտեղ այդ ժամանակ կառուցվում էր «Առեւտրի համաշխարհային կենտրոնը»: Հետագայում, ուրիշ շատ-շատերի թվում, նա սարսափով ու հուզումով ականատես է եղել, թե ինչպես են դրանք փլուզվում: Ահա այդ վերոնշյալ պոեմում նա դրանց ոդիսականն է հյուսում լեզվի հանդեպ այնպիսի մի նրբազգացողությամբ, որին ծանոթ ենք «Ճակատագրի սեւ շունը» եւ «Հրկիզվող Տիգրիսը» հատորներից: Նրա գրքերը թարգմանվել են մեկ տասնյակից ավելի լեզուների:

Բալաքյանը սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի վերջը տարբեր քաղաքներում շրջագայելով ներկայացնում է իր նոր գիրքը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4