«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2010-10-29 | #199, 2010-10-30 | #200, 2010-11-02


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՀՍԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Օրերս լրացավ մեծավաստակ լեզվաբան, տաղանդավոր հայագետ, հայրենագիտության եւ ուսուցման հայրենանվեր գործի անխոնջ կազմակերպիչ եւ նվիրյալ, եվրոպական երկրների գիտության ու արվեստի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Երեւանի պետական համալսարանի երկարամյա դասախոս, դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, իսկական հայրենասեր, երկրի ազնվագույն քաղաքացի, իր ժողովրդի արժանավոր որդի, վսեմաշուք գիտնական Հովհաննես Խաչատուրի Բարսեղյանի ծննդյան 90 եւ գիտամանկավարժական բազմաբեղուն գործունեության 65-ամյակը: Չափազանց ուշագրավ է այն անհերքելի իրողությունը, որ անկշռելի վաստակի տեր, համընդհանուր սեր եւ ակնածանք վայելող մեծահռչակ անձնավորության հոբելյանն անցած ձիգ տարիների ընթացքում գեթ մի անգամ չի նշվել: Գուցե այդպես ստացվել է այն պատճառով, որ մարգարիտի փառքը փրփուրն է խլում:

Հովհաննես Բարսեղյանի անցած իմաստուն եւ փառավոր ճանապարհը ծանրաբեռնված-ճոխացած է գիտական անընդգրկուն-համապարփակ վաստակովՙ անթառամ ձեռքբերումներով, որոնք մեկընդմիշտ ուսանելի կմնան ե՛ւ ներկա, ե՛ւ գալիք սերունդների համար: Նրա հեղինակած գրքերը այսօրվա եւ ապագա սերունդների անմրցակից զարդն են: Նա հայագիտության տիտան Հրաչյա Աճառյանի տաղանդավոր սաներից է, իսկ հետագայում նրա գործի մեծաշնորհ եւ արժանավորագույն շարունակողներից:

Նա մեր ժողովրդի մեկ այլ հռչակավոր զավակիՙ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի հայերենի ուսուցիչն էր: Հ. Բարսեղյանի անմիջական խորհրդով եւ խնդրանքով էլ մայրենի դասընթացի ավարտից հետո, քարտուղարը ինքնամոռաց հափշտակությամբ եւ սիրով առաջին անգամ ընթերցել է «Սամվել», «Վարդանանք», «Պապ թագավոր» պատմավեպերը: Այդ հանգամանքը մեծապես նպաստել է կուսակցական եւ պետական խոշոր գործչի հայրենասիրական ոգու էլ ավելի բյուրեղացմանը:

Նրանց մտերմությունը շարունակվել է շատ երկար տարիներ: Բարսեղյանը, մոտիկից ճանաչելով Զարոբյանին, հիացած էր նրա բացառիկ ընդունակություններով եւ նրան բնութագրում է որպես խիզախ, ազնիվ, պարզ ու համեստ անձնավորության: Արժանի ձեւով նա վայելում է մեր ժողովրդի սերն ու հարգանքը:

Հովհաննես Բարսեղյանի համար Երեւանի պետական համալսարանը սրբազան կրթօջախի արժեք ուներ, թանկ, անգնահատելի, հարազատ օջախի չափ: Համալսարանի պատիվն ու հեղինակությունը նա համարում էր իրենը:

Յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ին մտնելով առաջին կուրսեցիների լսարանՙ ողջույնից հետո պատգամել է. «Սիրելի՛ ուսանողներ, համալսարանը ձեր տունն է, սրբազան օջախը, մեր ոգու աղոթարանը: Բոլորով պարտավոր ենք դողալ նրա պատվի, հեղինակության համար, մեր բոլոր գործերում հաշվետու,¬պատասխանատու լինենք նրան, սիրով, պատրաստակամությամբ խոնարհվենք նրան: Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Արսեն Տերտերյանի նման գիտնականները, գարուն թե ամառ, աշուն թե ձմեռ համալսարանի շենքին մոտենալիս գլխարկները հանում էին, խոնարհվում, նոր միայն ներս մտնում: Սիրելի՛ ուսանողներ, եկե՛ք հավատարիմ լինենք մեծ գիտնականների սրբազան սովորույթին, չէ որ համալսարանը մեր իմացության, մեր ոգու տունն է, այստեղ Մեսրոպ Մաշտոցի ոգին է թագավորում: Համալսարանն իմացության, ոգու սրբազան թագավորություն է...»:

Խստապահանջ, անզիջում էր նախ իր, նոր միայն գործընկերների եւ ուսանողների հանդեպ. աչք չէր փակում աչքակապության, ամենաթողության, թափթփվածության, ձեւական-ցուցադրական հայրենասիրական նկրտումների հանդեպ, վարքագիծ-կենսադիրքորոշում, որն այսօր, ցավոք, հարգի չէ:

Նա ձայների երկու երրորդով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ: Սակայն, որքան էլ անհավատալի, մինչեւ օրս անհասկանալի պատճառներով, հարցը չի ստացել իր վերջնական լուծումը, եւ դա այն դեպքում, երբ նա միաձայն ընտրվել է Եվրոպական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիա, որի անդամներից 30-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են: Ինչպես կրկին չվերհիշել. խորքում գտնվող մարգարիտների փառքը խլող եւ վայելող փրփուրների անսասան գոյությունը:

Մեր եւ գալիք ժամանակների փառավոր լեզվաբանը ծնվել է 1920թ. Թալինի շրջանի Մաստարա գյուղում:

Խաչատուր հայրը, որը տոհմիկ հողագործ էր, քաջ գիտեր ուսման, գիտության, գրի եւ գրականության արժեքը, անլուր զրկանքների գնով ամեն ինչ արել է որդու կանոնավոր ուսումնառության համար: Հայրենի գյուղից հետո ուսումնառությունը շարունակել է Թալինի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1938թ. գերազանց առաջադիմությամբ: Նրա ուսուցիչները դժվարանում էին կողմնորոշվել, թե Հովհաննեսի գիտելիքները, մասնավորապես, ո՛ր առարկայի գծով էին խորացվածՙ մաթեմատիկայի՞, ֆիզիկայի՞, թե՞ բնագիտության:

Իսկ երբ նախապատվությունը տրվեց բանասիրությանը, մանկավարժներից ոչ ոք չզարմացավ. լրջությունը, ինքնավստահությունը, գիտելիքների հարստությունն ու պրպտող միտքը բոլոր ֆակուլտետներում էլ իրենց վճռական խոսքը կասեին: Իզուր չէր, որ բարձր հեղինակություն եւ մեծ ճանաչում ունեցող լեզվաբանները սիրով եւ հարգանքով նրան գնահատեցին «Թալինի Խաչատուր Աբովյան»: Այս յուրօրինակ ու պատվավոր գնահատականին Հովհաննեսը արժանացել է համալսարանի դեռեւս առաջին կուրսում: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Հ. Բարսեղյանը 3-րդ կուրսի ուսանող էր. նա կամավոր մեկնում է բանակ: 1941թ. հուլիս-1942թ. հունվար ամիսներին սովորել է Բաքվի հետեւակային դպրոցում: Լեյտենանտի կոչումով ավարտելով այնՙ զինվորական կրթությունը շարունակել է Թբիլիսիի հրաձգային բարձրագույն դասընթացներում, որտեղից 1942թ. ապրիլին ուղարկվել է Ղրիմի ռազմաճակատ եւ որպես վաշտի հրամանատար ծառայել Զաքյանի ղեկավարած հայկական դիվիզիայի կազմում: Մասնակցել է Կերչի շրջանում մղվող ծանր ու արյունալի մարտերին: 1942-43թթ. այլ զորամասերի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասում շարունակվող ճակատամարտերին: Ազովի մերձափնյա կռիվների ժամանակ երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է եւ նշանակվել Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնումՙ ռազմագիտության դասախոս:

1943-44թթ. բարձր առաջադիմությամբ ավարտել է համալսարանական ուսումնառությունը: 1945թ. ընդունվել եւ 1948թ. ավարտել է համալսարանի ասպիրանտուրանՙ միաժամանակ աշխատելով համալսարանի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս:

1947թ. նա ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը որպես անդամ եւ ակտիվորեն մասնակցել բուհի հասարակական-քաղաքական աշխատանքներին: Կուսակցական ժողովներում նրա բոլոր ելույթներն անխտիր ավարտվել են բուռն ծափահարություններով. վճռական էր, ճշմարիտ, անարդարություններ չհանդուրժող, թերությունների ու բացթողումների համար չէր խնայում անգամ հանրապետության ղեկավարներին: Ժամանակները չար էին, ճշմարտություն չսիրող ղեկավարները հաշվեհարդար էին տեսնում նման համարձակների հետ:

Եվ ահա Հ. Բարսեղյանին հանդուգն ելույթների համար արտաքսում են համալսարանից եւ աշխատանքի են ուղարկում Երեւանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնումՙ որպես դասախոսի: Հեռակա մանկավարժական ինստիտուտը այդ տարիներին դարձել էր «աքսորավայր», այնտեղ էին ուղարկվում բոլոր այն դասախոսները, որոնք հանդգնել էին քննադատել իշխանություններին:

Չնայած այդ ամենին, Հ. Բարսեղյանն ընտրվում է հեռակա մանկավարժական ինստիտուտի կուսկոմիտեի քարտուղար, որն, իհարկե, վերեւների սրտովը չէր:

1958 թվականից Հ. Բարսեղյանը կրկին համալսարանում էր, կրկին հավատարիմ իր դիրքորոշումներին, մտքի եւ խղճի ձայնին, ուր եւ աշխատեց, առանց ընդհատումների, մինչեւ իր ակտիվ գիտական աշխատանքների ավարտը, որը կես դարից ավելի է, իմացության անսպառելի ծովից, իմացության մարգարիտներ պարգեւելով հազարավոր ուսանողների:

1952թ. պաշտպանել է թեկնածուական, 1981թ. դոկտորական դիսերտացիա: 1955թ. նրան տրվել է դոցենտի, իսկ 1983թ. պրոֆեսորի կոչում: 1970թ. գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության համար Հ. Խ. Բարսեղյանին շնորհվել է «Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում: Նա հեղինակ է 15 մենագրությունների ու բառարանների, մի քանի տասնյակ գիտական հոդվածների: Հ. Բարսեղյանի «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» մենագրությունը նվիրված է խոսքի մասերի տեսության առաջացման եւ զարգացման պատմությանը: Այն ընդգրկում է 5¬րդ դարից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակաշրջանը: Աշխատությունը հրապարակվել է նաեւ ռուսերեն լեզվով: Նրա համահեղինակությամբ ստեղծված հայոց լեզվի դպրոցական դասագրքերը հաջողությամբ ծառայել են հայկական դպրոցներին ավելի քան քառորդ դար: Մշակել է բուհական հայագիտական մի քանի առարկաներ ու դասընթացներ, կազմել նրանց ծրագրերը:

Դասախոսել է հայոց լեզվի պատմություն, հայ գրական լեզվի պատմություն, ժամանակակից հայոց լեզու, ընդհանուր լեզվաբանություն առարկաները եւ մի շարք հատուկ դասընթացներ: Հայագիտական թեմաներով դասախոսություններ է կարդացել Բուլղարիայում (1967թ.) եւ ԱՄՆ-ում (1985թ.): Ղեկավարել է ասպիրանտների, նրա սաներից շատերը գիտության թեկնածուներ եւ դոկտորներ են: Վարել է ուսումնագիտական պաշտոններ: Եղել է համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական ֆակուլտետի դեկան:

1955 թվականից մինչեւ վերջերս Հ. Բարսեղյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղարն էր: 1977-1988թթ. ղեկավարել է ՀԽՍՀ բարձրագույն կրթության մինիստրության հայոց լեզվի ուսումնամեթոդական խորհրդի աշխատանքները:

1969թ. ընտրվել եւ մինչեւ 1972թ. աշխատել է որպես համալսարանի կուսկոմիտեի առաջին քարտուղար, եղել է Երեւանի քաղխորհրդի դեպուտատ:

1988թ. ավարտվեց նրա համահեղինակությամբ կազմված «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» հինգհատորյակի հրատարակումը, որը մի քանի տասնյակ տարիների համառ, քրտնաջան, գիտական պրպտումների արդյունք էր: Այն ունի ոչ միայն գիտական մեծ նշանակություն, այլեւ նպաստում է մեր ազգային անվտանգության պահպանման շահերին, այն իրավացի կերպով բարձր գնահատվեց եւ արժանացավ հանրապետության նախագահի հատուկ մրցանակին, ինչպես նաեւ Թեքեյան մշակութային միության «Վ. Թեքեյան» մրցանակին: Ներկայումս պատրաստ է եւ հանձնված է տպագրության նույն բառարանների բարեփոխված եռահատորյակը Հ. Խ. Բարսեղյանի խմբագրությամբ եւ շուտով կդրվի ընթերցողների սեղանին:

Հ. Բարսեղյանը Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր, նա իր ելույթներով ոգեւորում էր շարժման ակտիվ մասնակիցներին: Նա գտնում է, որ ազգային բոլոր ուժերն ու գործոնները պետք է ծառայեն հայրենիքի բարգավաճմանը, նրա պետականության ամրապնդմանը: Խոսելով Արցախի հարցի արդարացի լուծման մասին, գտնում էր, որ այն հայը, ով կորցրել է հավատը եւ չի պայքարում հարցի արդարացի լուծումը մինչեւ վերջ հասցնելու համար, այլեւս հայ չէ:

Հ. Խ. Բարսեղյանը պարգեւատրվել է մի շարք մարտական եւ աշխատանքային շքանշաններով եւ մեդալներով: Դեռ վերջերս, Անկախության 19-րդ տարեդարձի առթիվ նա արժանացավ ՀՀ նախագահի շնորհած բարձրագույնՙ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:

Երեսունական թվականների վերջերին Մաստարայի ինքնագործ թատերական խումբը բեմադրում է «Լալվարի որսը» պիեսը, որի գլխավոր դերերը կատարում էին Երեւանի պետական համալսարանի ուսանող Հովհաննես Բարսեղյանը (Կարո) եւ հովեկ, Երեւանի պիոներ պալատի երգչախմբի անդամ Սեդա Պողոսյանը (Ալվարդ): Բեմադրությունը շատ մեծ տպավորություն է թողնում գյուղական հանդիսատեսի վրա, նրանց կատարած երգերը երկար ժամանակ երգում էին գյուղի սիրահարված զույգերը. «Ա՜խ ինձ գերեց Ալվարդը, ես ում պատմեմ իմ դարդը...»:

Այդ օրվանից սկսվեց Հովհաննեսի եւ Սեդայի ծանոթությունը, նրանք համակրեցին իրար եւ 1945թ., պատերազմի ավարտից հետո կայացավ նրանց ամուսնությունը: 65 տարի նրանք միասին վայելում են իրենց երեք որդիների, թազմաթիվ թոռների ու ծոռների պարգեւած երջանկությունը, իրար հետ սիրով ու համերաշխությամբ կիսում կյանքի դժվարությունները եւ ուրախությունները:

Բնությունը Հ. Բարսեղյանին օժտել է ոչ միայն մտավոր բարձր կարողություններով, այլ նաեւ երաժշտական նուրբ ձայնով: Նա իր սիրած հայկական ժողովրդական ու գուսանական երգերը կատարում է այնպես, ինչպես պրոֆեսիոնալները: Հաճախ, բարձր տրամադրության եւ ուրախ ընկերական սեղանների շուրջը, մտերիմ ընկերների պահանջով նա կատարում էր իր սիրած երգերիցՙ Շերամի «Ամպերն ելան բլուր¬բլուր» երգը, կատարում էր մեծ վարպետությամբՙ հիացմունք եւ հոգեկան բավականություն պարգեւելով լսողներին:

Օգտվելով պատեհ առիթից, վերստին շնորհավորում ենք իննսունամյա իմաստունին եւ ասենք. շատ սիրելի Բարսեղյան, ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, հայրենագիտությանը միտված բոլոր ծրագրերի հրաշալի ավարտ, եւ թող բլուր¬բլուր ամպերը հեռանան մեր ազգային սիմվոլ Մասիս սարի կատարից եւ Ձեր անձնական բազմաբովանդակ կյանքի երկնակամարից: Դուք կաք եւ կմնաք որպես իմացության հանրագիտարան, իսկական Համալսարան, վսեմաշուք հայագետ, որին ամեն անգամ հանդիպելիս պետք է խորին ակնածանքով խոնարհվել:

ԳԵՎՈՐԳ ԶԱՔԱՐՅԱՆ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ
ՌԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, լրագրող


«Ազգ»-ի խմբագրությունը խորը ակնածանքով ու երախտագիտությամբ միանում է շնորհավորանքներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4