«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2010-11-05 | #204, 2010-11-06 | #205, 2010-11-09


ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՐՑԱԽ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ 311 ԸՆՏԱՆԻՔ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյան. «Արցախի հողը միայն արցախցիներինը չէ»

Ռոբերտ Մաթեւոսյանի համար Բերձորը ոչ միայն ռազմավարական հանգույց է, կյանքի ճանապարհ կամ կարեւորագույն բնակավայր, այլեւ առաջին հերթին` հայրենիք: «Այստեղ են ծնվել իմ երեք երեխաները: Ես այստեղ եմ անցկացնելու իմ կյանքի մնացած մասը», ասում է նա: Մաթեւոսյանը արդեն 15 տարի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետն է եւ այն քչերից, ով ե՛ւ իր օրինակով, ե՛ւ աշխատանքի բերումով լավ պատկերացնում է, թե ինչքան դժվար է մարդու համար նոր բնակավայրում հաստատվելը: «Մեր հույսը երկրորդ սերունդն է, այստեղ ծնված երեխաներն են: Պետք է օգնել այստեղ ձեւավորված երիտասարդ ընտանիքներին: Բացի այդ, վերաբնակեցման հարցում պետք է դրվի հայրենիքի գաղափարը, այսինքն` վերաբնակիչն իմանա, որ սա իր հայրենիքն է», ասում է նա:

Նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս եւ այսօր Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից միակը, որտեղ իրականացվել է վերաբնակեցման քաղաքականություն, Բերձոր (Լաչին) քաղաքն է: Դա աչքով տեսանելի է անգամ ոչ մասնագետների եւ բոլոր նրանց համար, ովքեր մեկ անգամ գոնե եղել են Արցախում: Բերձորով է անցնում այն հիմնական մայրուղին` կյանքի ճանապարհը, որով միմյանց կապվում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Բերձորը ունի ոչ միայն հիմնականում վերականգնված տներ, ենթակառուցվածքներ, այլեւ, որ շատ ավելի կարեւոր է` կազմակերպված համայնք:

  Գեւորգ Հովսեփյանը Բերձորում բնակվում է արդեն ավելի քան տասը տարի: Նա հիշում է առաջին տարիները, երբ նոր էին մարդիկ ընտանքիներով տեղափոխվում: «Սկզբնական շրջանում վերաբնակեցումը շատ հախուռն էր: Հիմնականում գալիս էին ընտանքիներ Հայաստանից, որոնք փող չունեին, վատ էին ապրում: Վերաբնակեցման ամենաակտիվ շրջանը 1997-1999 թթ. ընկած ժամանակահատվածն էր: Այդ ժամանակ քաղաքն ուներ ավելի քան 2000 բնակիչ», հիշում է նա: Հետագա տարիներին եկածների մի մասը հեռացավ, երբ Հայաստանում կյանքը համեմատաբար տանելի դարձավ:

Բերձորում եւ Քաշաթաղի շրջանում (ընդգրկում է նախկին Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանները, մինչեւ Արաքս) ընդհանրապես բնակչության տեղաշարժ միշտ էլ կա` մի մասը, չհարմարվելով նոր պայմաններին հեռանում, նրանց փոխարեն գալիս են նորերը: Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվելն ինքնին դրական ազդեցություն է թողնում քաղաքի զարգացման վրա: Բացի այդ, Բերձորը Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնն է, որտեղ կենտրոնացված են վարչական կառույցները` վարչակազմի ղեկավարությունը, ոստիկանությունը, հիվանդանոցը եւ մյուս հաստատությունները:

Քաղաքի բնակչության հիմնական մասը ներգրավված է կամ վարչական աշխատանքում, կամ մանր ձեռնարկատերեր են` հիմնականում փոքր խանութների տերեր: Ռոբերտ Մաթեւոսյանի կարծիքով` Բերձորին նոր աշխատատեղեր են պետք, որպեսզի քաղաքը մեծանա, այլապես միայն բյուջետայինՙ պետական աշխատողներով հնարավոր չէ քաղաքի ընդարձակումը: Այսօր քաղաքն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, երաժշտական ու արվեստի դպրոցներ, հիվանդանոց, որը սպասարկում է ամբողջ շրջանին: Ավերված տներ քիչ կան, կարելի է ասել, որ Բերձորը այնքան էլ չի հիշեցնում պատերազմի վերքերը: Քիչ չեն նաեւ նորակառույց տները:

Հայաստանի եւ Արցախի իշխանությունները հայտարարում են, որ Լաչինը եւ միջանցքը պետք է ունենան այն կարգավիճակը, որն ունենալու է ԼՂ-ն ապագայում: ԼՂ-ին հարակից տարածքները, որոնք 1991-1994 թթ. ռազմական գործողությունների արդյունքում անցել են եւ այսօր վերահսկվում են արցախյան իշխանությունների կողմից, ամրագրված են 2006թ. ընդունված հիմնական օրենքի` ԼՂՀ սահմանադրության մեջ: Ըստ այդմ, այսօր ԼՂՀ-ն, որը միջազգայնորեն ճանաչված չէ` անգամ Հայաստանի կողմից, ներառում է գրեթե 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ, ըստ պաշտոնական տվյալների, ունի 140 հազարից ավելի բնակչություն:

Բացառությամբ Քաշաթաղի եւ մասամբ Քարվաճառի (Քելբաջարի), Արցախի իշխանությունները համակարգված, հետեւողական վերաբնակեցում չեն իրականացնում: Պատճառները քաղաքական են` կապված ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, ինչպես նաեւ` ֆինանսական ու մարդկային: Հայաստանի բոլոր երեք նախագահները հրապարակավ հայտարարել են, որ երբ Արցախի ժողովուրդը ստանա ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել ԼՂ-ի շուրջը գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին, բացի ԼՂ-ն ու Հայաստանը կապող միջանցքից, այսինքնՙ տարածքների վերադարձՙ կարգավիճակի դիմաց:

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության միգրացիայի վարչության միգրացիոն քաղաքականության պետ Կարեն Թորոսյանը ասում է, որ «կան ռազմավարական նշանակության տարածքներ», որտեղ վերաբնակեցումն առաջնային է: Նույն նախարարության միգրացիոն քաղաքականության գլխավոր մասնագետ Էլինա Մխիթարյանը հավելում է, որ «ունենք հայրենադարձության եւ վերաբնակեցման հայեցակարգ, որը ներառում է 12 հազար քառակուսի կմ տարածքը»: «2007 թվականից հետո խնդիրները փոխվել են: Այսօր ավելի շատ ուշադրություն ենք դարձնում որակի վրա: Վերաբնակիչը, հայրենադարձվողը պետք է գիտակցի, որ կյանքը հեշտ չի լինի», շարունակում է Մխիթարյանը: Նրա խոսքերով` առաջնային են այն գյուղերի վերականգնումը եւ վերաբնակեցումը, որոնք պատերազմի տարիներին անցել են հակառակորդի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ նրանց բնակիչները` դարձել փախստական: Այդ գյուղերի շարքում առաջնային են Մարտակերտի շրջանի բնակավայրերը: Այսինքն, նախ եւ առաջ ապահովել եւ խրախուսել այն մարդկանց վերադարձը, ովքեր ստիպված են եղել հեռանալ: Ըստ պաշտոնական տվյալների` 2008-2009 թթ. Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել 311 ընտանիք:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ասում է, որ վերաբնակեցումը «շատ թանկ հաճույք է, որի հնարավորությունները այսօր չունենք»: Նա վերաբնակեցումը համարում է «համայն հայության ծրագիրը»: «Արցախի հողը միայն արցախցիներինը չէ: Ամբողջ հայությունը պետք է պատասխանատվություն կրի ԼՂՀ այսօրվա ընդհանուր վիճակի եւ հետագա անելիքների համար»,- ասում է նա: Մյուս կողմից, ԼՂՀ կառավարությունը անում է այն հնարավորը, ինչը թույլ է տալիս նրա բյուջեն: Այսպես, Քարվաճառում, Քաշաթաղում ընթանում են մի շարք շինարարական աշխատանքներ, կառուցվում են դպրոցներ, տներ, դպրոց-մանկապարտեզներ, վերանորոգվում են հիվանդանոցներ: «Մենք իրականացնում ենք տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն: Պետական միջոցների հաշվին աշխատանքներ ենք իրականացնում Թալիշից մինչեւ Կովսական, Քարվաճառից մինչեւ Հադրութի Բանազուր եւ Արեւշատ գյուղերը», ասում է վարչապետ Հարությունյանը: Նրա խոսքերով` Քաշաթաղը այսօր ոչ թե վերաբնակեցվում է, այլ իրականացվում է շրջանի զարգացման ծրագիր: «Ժամանակին ձեւական վերաբնակեցում է կատարվել, մարդիկ ինչ-որ ժամանակ մնալով, թողել-հեռացել են: Մենք չենք ուզում մարդկանց բերենք այստեղ, խոստումներ տանք, որոնք ի վիճակի չենք իրագործելու»:

Երեւանից պարբերաբար բարձր մակարդակի հնչող հայտարարությունները բացասական լուրջ ազդեցություն են թողնում: Եթե մարդը, ընտանիքը` ելնելով հայրենասիրական, սոցիալական կամ այլ պայմաններից մտադրություն է ունենում տեղափոխվելու, նախագահի, արտգործնախարարի կամ այլ պաշտոնյայի «հողերը հետ տալու» հայտարարությունը նրա համար վճռական նշանակություն է ունենում, նա այլեւս չի ուզում մտածել Արցախ տեղափոխման մասին: Իսկ նրանք, ովքեր արդեն 10-15 տարի բնակվում են այստեղ, նման հայտարարություններին գրեթե ուշադրություն չեն դարձնում:

ԼՂ-ի վերաբնակեցման հարցերով արդեն տարիներ զբաղվող մի պաշտոնյա, որը չցանկացավ իր անունը հրապարակել, վերաբնակեցման հիմնական բացթողումներից մեկը համարեց այն իրողությունը, որ «ԼՂՀ-ի ամեն նախագահ, վարչապետ կամ նախարար իր ճաշակով է վերաբնակեցման քաղաքականություն իրականացնում»: Պաշտոնյայի խոսքերով, եթե 2001 թ. Քաշաթաղի շրջանն ունեցել 11500 բնակիչ, ապա այսօր այդ թիվը 8000-ից ցածր է: Բերձոր քաղաքում վերջին տասը տարվա ընթացքում բնակչության թիվը 2200-ից նվազել է եւ հասել 1700-ի:

Արցախցի ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի կարծիքով, եթե «ԼՂՀ-ի տարածքում մենք ունենայինք 300.000 բնակչություն, ղարաբաղյան կարգավորման հիմնահարցն այլ ընթացք կունենար»: Նա նկատում է, որ տարածքները հետ տալու մտայնությունը ոչ միայն Հայաստանի գործող եւ նախկին կառավարությունների մեջ է ամրապնդված, այլեւ Հայաստանի հասարակության մի մասը եւս կողմնակից է դրան: «Այդ տարածքները ԼՂՀ սահմանադրությամբ են ամրագրված: Բացի այդ, այդ տարածքները մեզ համար խաղաղություն են ապահովում», ասում է նա:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4