«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2010-11-05 | #204, 2010-11-06 | #205, 2010-11-09


ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Կեղծարար Ռեզայի լուսանկարների ցուցահանդեսը

Ստորեւ նկարագրված բացահայտումների եւ դրանց դեմ պայքարի առաջամարտիկների առաջնորդը փարիզահայ մեր հայրենակիցՙ բժիշկ Մանուկ Ադամյանն է: Նրա նկատած հակահայ քարոզչության դրսեւորումներին հավանաբար հանդիպել են նաեւ փարիզահայ մեր մյուս հայրենակիցներից շատերը, որոնք սակայն չեն հակազդել դրանց, ժամանակ ու եռանդ չեն ծախսել հրապարակավ բացահայտելու դրանք եւ բողոք բարձրացնելու դրանց դեմ: Եվ ոչ միայն Փարիզում: Ադրբեջանա-թուրքական հակահայ քարոզչությունը մոլեգնում է այսօր ամեն տեղ, բոլոր երկրներում, բոլոր միջոցներով: Սակայն տխուր իրականություն է, որ դրանց դեմ պայքարում են շատ քչերըՙ հույսը միշտ դնելով ուրիշների վրա: «Ես ժամանակ չունեմ, ուրիշը թող անի, ես միջոց չունեմ, կուսակցությունները թող անեն, Հայաստանի կառավարությունն ինչո՞վ է զբաղված» մտածողությունը տարածված է մեր մեջ: Մինչդեռ մենք ունենք այն, որը չունի Ադրբեջանըՙ «ամեն տեղ հայ կա»: Մենք ամեն տեղ կարող ենք արժանի հակահարված տալ ադրբեջանա-թուրքական քարոզչությանը, ավելի ազդո՛ւ, առանց մեծ միջոցների: Պարզապես պետք է բժիշկ Ադամյանի ու նրա ընկերների զգոնությունը, պայքարի կամքը ունենալ: Այդ պարագայում հաղթանակը մերը կլինի, նաեւ քարոզչության ասպարեզում:

Խմբ


Ընթացիկ տարվա ամռան ամիսներին Փարիզի կենտրոնումՙ Լատինական թաղամասում գտնվող մետրոյի եւ արագընթաց շարժակազմերի (RE) «Լյուքսեմբուրգ» կայարանի զույգ կառամատույցների վրա բացված էր Իրանի ատրպատականցի (կամ ադրբեջանցի) լուսանկարիչ Ռեզայի գործերի ցուցահանդեսը: Les Nouvelles d,Arme՛nie ամսագիրը տեղեկացնում է, որ Ռեզան տարագիր է եւ բնակվում է Փարիզում: Ցուցահանդեսին քանիցս անդրադարձել է նաեւ Փարիզի «Նոր Յառաջ» շաբաթաթերթը: Այսպես կոչված խաղաղասիրական ցուցահանդեսի կազմակերպիչներն ու հովանավորներն էին National Geographic հանդեսը եւ Փարիզյան փոխադրամիջոցների վարչությունը (RATP)ՙ էլեկտրոնային տեխնիկայի FNAC ցանցի, SONY ընկերության եւ այլոց աջակցությամբ:

Կազմակերպիչները Ռեզային ներկայացնում էին որպես յուրօրինակ նորահայտ մարգարեի, որը պետք է խաղաղություն բերեր աշխարհին: Ռեզայի լուսանկարների ցուցադրությանը կից հեղինակը ներկայացվում էր որպես «ճանապարհորդ, ականատես, իդեալիստ, հումանիստ» եւ այլն:

Les Nouvelles d,Arme՛nie-ն հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ Ռեզան իր լուսանկարչական աշխատանքները ցուցադրել էր Լյուքսեմբուրգյան այգու ճաղերի վրա: Լուսանկարներից մի քանիսը վերաբերում էին Ղարաբաղի պատերազմի ադրբեջանցի գաղթականներին, իսկ կից ներկայացված մեկնաբանությունները հայերի հանդեպ բացահայտ թշնամական բնույթ էին կրում: Այն ժամանակ Ռեզան ստիպված բացատրություններ էր տվել ՀԲԸՄ տեղեկագրում (Lettre de L,UGAB):

Ինչ վերաբերում է այս տարվա միջոցառմանը, արագընթաց շարժակազմերի (RER) ստորգետնյա կայարանում ցուցադրված էին բազմաթիվ մեծադիր լուսանկարներ, առաջին հայացքից գեղեցիկ պատկերներ: Բայց ուշադիր ճանապարհորդը, զբոսաշրջիկը կամ ուղեւորը, մանավանդ եթե եկել էր հատկապես լուսանկարները դիտելու, մեծադիր գործերի կողքին կարող էր նկատել ավելի փոքր լուսանկարների շարք, որոնք պատմության խեղաթյուրման, կեղծիքի քաղաքականության եւ հակահայ քարոզչության դրսեւորումներ էին Փարիզի կենտրոնում:

Դրանց մեջ առանձնանում է իբրեւ բողոք ձեռքերը դեպի երկինք կարկառած ադրբեջանցի տատի լուսանկարը (հետին պլանում երեւում է երկու տղամարդ): Իբրեւ ականատես ներկայացող «խաղաղասեր» Ռեզան «Ադրբեջան, Աղդամ, ապրիլ1992» կոչվող լուսանկարին կից տվել էր ծավալուն մեկնաբանություն. «Նա գտել է իր որդուն եւ ամուսնուն, որոնց աչքերը հանված էին: Դեռ ականջներիս մեջ է նրա ողբի աննկարագրելի ճիչը: Քչերը կարողացան փրկվել Խոջալուի մեջ հայկական ուժերի գործած ջարդերից: Մարդիկ անհետացած հարազատներին գտնելու հույսով անցնում էին Աղդամի դիազննարանի առջեւից, ամեն օր շրջում էին տասնյակ դիակների միջեւ, որոնք սպիտակ պարկերի մեջ էին: Համառորեն, ուշադրությամբ զննում էին յուրաքանչյուր դեմք, զոհերի վրա մեկը մյուսի հետեւից հայտնաբերելով հայ զինվորների գործած վայրագությունները»: Այսինքն, հայերը վայրագություն են գործել այնպիսի ժամանակ եւ այնպիսի վայրում, որտեղ նրանք բնավ չէին կարող լինել:

Մինչդեռ հայտնի է, որ 1992-ի փետրվարի 25-26-ը Խոջալուի կրակակետերի (միջազգային համաձայնագրերով արգելված «Գրադ» հրթիռակայանքների) ոչնչացման եւ ԼՂՀ միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով ռազմական գործողություններ ձեռնարկած հանրապետության ինքնապաշտպանության ուժերը խաղաղ բնակիչների միջանցք տրամադրեցին ռազմական գործողությունների գոտուց ապահով պայմաններում հեռանալու համար: Այդ մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացվել էր: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չարեցին խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար: Ավելին, բնակիչների շարասյունը գնդակոծվեց Աղդամի շրջանում: Նախագահ Մութալիբովը հաստատեց պատահարը, պատասխանատվությունը բարդելով իր երկրի ընդդիմության վրա, որը փորձել էր այդ ձեւով իրեն հեռացնել իշխանությունից:

Բայց մի քանի տարի անց ադրբեջանցիները հենց իրենց սպանած բնակիչների դիակների պատկերները սկսեցին տարածել ողջ աշխարհումՙ իբրեւ հայերի գործած ջարդերի փաստեր: Ի դեպ, այդ պատկերների մեջ հաճախ «սպրդել» են Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի հայ զոհերի, ինչպես նաեւ չեչենական պատերազմի զոհերի նկարներ:

Վերոհիշյալ լուսանկարի առնչությամբ փոխադրամիջոցների փարիզյան վարչությունը որեւէ մեկնաբանություն չի արել, մինչդեռ պատերազմական գործողություններից տուժել են ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ խաղաղ բնակիչներ: Կարելի էր տեղադրել նաեւ հայ գաղթականների լուսանկար, ինչպես նաեւ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ) հայկական ջարդերի զոհերի լուսանկարներ:

Անցորդներից մեկը կեղծիքին եւ հակահայ քարոզչությանը ի պատասխանՙ հիշյալ լուսանկարի մեկնաբանության տակ ֆլոմաստերով ավելացրել էր. «Ուշադրություն, սա հակահայ քարոզչություն է, որը Ռեզայի համար սովորական բան է: Իսկ Սումգայիթում (1988-ի փետրվար), Բաքվում (1990-ի հունվար) եւ այլ վայրերում հազարավոր հայերի ջարդերը շախմատի աշխարհի չեմպիոն Կասպարովին ստիպեցին հատուկ օդանավ վարձել իր ամբողջ ընտանիքը փրկելու համար: 1915-ի ցեղասպանությունից ի վեր, ըստ թուրք-ազերի ավանդույթի, սովորաբար ոճրագործն է բղավումՙ բռնեցե՛ք մարդասպանին: Հիշեցե՛ք դա»:

Այս մեկնաբանությունը որոշ ժամանակ անց ջնջվել է:

Փարիզյան փոխադրամիջոցների վարչությունն անուղղակիորեն պատասխանատու է ապատեղեկատվական ցուցահանդեսի համար, մանավանդՙ Ադրբեջանի ռազմաշունչ ելույթների ներկա ժամանակահատվածում:

Ի դեպ, Ժակ Շիրակը իր նախագահության տարիներին մեծարել է Ռեզայինՙ «հանուն ազատ մամուլի» նրա ծավալած գործունեության համար:

«Նոր Յառաջը» հուլիսի 24-ի համարում արձանագրում է, որ Փարիզի հայկական ներկայացուցչական կազմակերպություններից միայն «Սիամանթո» միությունն է փորձել RATP-ին բողոքել ցուցահանդեսի կեղծիքների դեմ: Բայց RATP-ն (փոխադրամիջոցների վարչությունը) չի լսել բողոքը եւ խորհուրդ է տվել ուղղակի կապ հաստատել Ռեզայի հետ կամ գրել National Geographic-ին: ԼՂՀ փարիզյան ներկայացուցչությունում «Սիամանթո» միության անդամներին ասել են, թե ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը խոսել է Ռեզայի հետ: Վերջինս զարմանք է հայտնել «աղմուկի» կապակցությամբ եւ ասել է, որ նույն ցուցահանդեսը անցկացվել է նաեւ Վալանսի Հայկական ազգային ժառանգության կենտրոնում եւ բողոք չի հարուցել: «Սիամանթո» միության հարցմանը ի պատասխանՙ կենտրոնից հայտնել են, որ վերոհիշյալ լուսանկարը Վալանսում չի ցուցադրվել. եղել է միայն «հայերի ավերած» մի տան լուսանկար:

Նման պայմաններում «Սիամանթո» միությունը դատական հայցով RATP-ից պահանջել է վերացնել խնդրահարույց լուսանկարի մեկնաբանությունը: Համանման բողոք ներկայացրել է նաեւ CCAF-ը (Ֆրանսահայերի համակարգման խորհուրդ):

Նույն թերթի սեպտեմբերի 21-ի համարում «Սիամանթո» միության նախագահ Մանուկ Ադամյանը գրում է, որ RATP-ն ոչ միայն անտեսեց երկու բողոքները, այլեւ զլացավ պատասխանատու նշանակել հեռախոսային պարզ երկխոսության համար, պատճառաբանելով, որ մեկնաբանությունների հեղինակը ինքը չէ:

Փարիզում ՀՀ դեսպանությունը իր հերթին RATP-ին խնդրել էր, որ «հայկական ջոկատների» անունը չկապվի Խոջալուի վայրագությունների հետ: Վրդովված հայերն էլ իրենց բողոքն էին արտահայտում խնդրահարույց մեկնաբանությունները սեւագրելով: Նրանցից մեկը նույնիսկ պատռել էր այդ գրությունը: Ի վերջո RATP-ի պատասխանատուները պատռված գրության փոխարեն ադրբեջանցի պառավի լուսանկարի տակ փակցրին մի մեծ, սեւ քառակուսի, որի վրա գրված էր «Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ-1992, Խոջալուի ջարդը վերապրողներից»:

Թեեւ մեկնաբանությունն այլեւս չկար, բայց իմաստը գրեթե նույնն էր մնացել: Ի վերջո հայերը սեւ քառակուսու կենտրոնում փակցրին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշների «Սումգայիթի ողբերգությունը: Հայերի ջարդ Խորհրդային Միությունում» գրքի տիտղոսաթերթը: Գրքի նախաբանի հեղինակը Ելենա Բոններն էՙ Անդրեյ Սախարովի այրին:

«Լյուքսեմբուրգ» կայարանի մյուս կառամատույցի դիմացի պատին Ռեզայի ճամփորդության քարտեզն էր Չինաստանից մինչեւ Փարիզ: Երթուղին զարմանալիորեն անցնում էր... Նախիջեւանով, որի թուրքերեն եւ ադրբեջաներեն անվանումների տակ Ջուղայի ավերված հայկական գերեզմանատան պատկերներն էին:

***

Միջազգային հանրության երկերեսանիության հերթական դրսեւորման ականատեսները մենք դարձանք հենց հունիսին, երբ Փարիզում արդեն բացվել էր Ռեզայի լուսանկարների ցուցահանդեսը: Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերը ոչնչացրած եւ դրանով իսկ քաղաքակրթության դեմ աննախադեպ հանցանք գործած Ադրբեջանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել ազդեցիկ կառույցներից մեկըՙ աննյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովը հունիսի 24-ին Ադրբեջանին ընդգրկեց այդ կոմիտեի կազմում: Այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ նշվեց, որ անդամակցության շնորհիվ Ադրբեջանը «կկարողանա մատնանշել սեփական մշակութային ժառանգությունը, որը պետք է գրանցվի աննյութական մշակութային ժառանգության ցանկում»: Les Nouvelles d՛Arme՛nie-ն տեղեկացնում է, որ Հայաստանի անունը նույնպես նշված էր 24-հոգանոց կոմիտեի անդամության թեկնածուների մեջ, բայց մեր երկիրը անհրաժեշտ թվով քվեներ չստացավ: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ դրա անդամների վրա ճնշումներ էին գործադրել Ադրբեջանի օգտին քվեներ ստանալու նպատակով:

***

Մանուկ Ադամյանը գրում է, որ Ռեզայի ցուցահանդեսի վերջին օրըՙ սեպտեմբերի 12-ին, ինքը RATP-ի դեմ բողոք է արտահայտել վարչության կենտրոնատեղիիՙ Ռափե առափնյակի պատի վրա մակագրությամբ դատապարտելով RATP-ի հանցակցությունը եւ ամոթանք տալով: Դրա համար իրեն տարել են ոստիկանատուն եւ այնտեղ պահել մի քանի ժամ: Նրա նկատմամբ դատական հետապնդում է ձեռնարկվել: Բժիշկ Մանուկ Ադամյանն այժմ պատրաստվում է պատասխան հայցով հանդես գալ:

Պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ


Նկար 1. Փարիզի «Ռոզա Լյուքսեմբուրգ» մետրոյի կայարանը դարձել է Ռեզայի հակահայ քարոզչության ցուցադրավայրը:

Նկար 2. Խոջալունՙ Ռեզայի հակահայ աչքերով:

Նկար 3. «Բավակա՛ն է ստեք» մակագրությունը Ռեզայի նկարների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4