«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2010-11-05 | #204, 2010-11-06 | #205, 2010-11-09


ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՀԱԿՈԲ ՓԻԱՆՏԱՐՅԱՆԻՆ

Վերջին 60 տարիներին նախ Եգիպտոսում, այնուհետեւ Ամերիկայում հայկական համայնքներին մատուցած ծառայությունների համար հոկտեմբերի 3-ին Փասադենայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում եւ դրանից հետո Մանուկյան համալիրի Բոյաջյան դահլիճում տեղի ունեցած հանդիսության ընթացքում ՀԲԸՄ-ի Գլենդեյլ-Փասադենայի մասնաճյուղի եւ Սբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի նախկին նախագահ, Թեքեյան մշակութային միության Բաշգյոթուրյան կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ Հակոբ Փիանտարյանն արժանացել է կաթողիկոսական կոնդակի եւ «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, որը նրան է հանձնել Հովնան արք. Տերտերյանը: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, հանդիսությունը վարել է Բարսեղ Գարթալյանը, որ ներկայացրել է Փիանտարյանի կենսագրությունը եւ ապա ընթերցել ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի շնորհավորագիրը:

Ներկաներից սրտաբուխ խոսքեր են ասել նաեւ Շահե Սոյլեմեզյանը, Ջորջ Մանդոսյանը, Փանոս Թիթիզյանը, Հակոբ Մարտիրոսյանը, Պետրոս Փիանտարյանը եւ ուրիշներ: Նրանք բոլորն էլ ընդգծել են Հակոբ Փիանտարյանի անշահախնդիր նվիրվածությունը Հայկական եկեղեցուն, ՀԲԸՄ-ին եւ Թեքեյան մշակությաին միությանը: Ընթերցվել է նաեւ ԹՄՄ-ի տնօրենների խորհրդի նախագահ դոկտ. Հարություն Արզումանյանի (Կանադա) ողջույնի խոսքը: Վերջում շնորհակալություն է հայտնել բոլորին ինքըՙ Հակոբ Փիանտարյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4