«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2010-11-10 | #207, 2010-11-11 | #208, 2010-11-12


ԻՇԽԱՆ ԱՂԱ ԽԱՆ IV-Ի ՆՎԵՐԸ Ի ՊԱՏԻՎ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Շիա Իսմայիլի մահմեդականների 49-րդ ավանդական իմամ, իշխան Աղա խան IV-ը երկու միլիոն դոլարի նվիրատվությամբ Նյու Յորքի Բրաուն համալսարանումՙ ի պատիվ այդ համալսարանի 1988-97 թվականների պրեզիդենտ, վաստակաշատ մանկավարժ Վարդան Գրիգորյանի , հիմնել է իսլամական հումանիտար առարկաներ դասավանդելու համար «այցելու դասախոսի» հիմնադրամ, որը հնարավորություն է տալու կրթօջախին պատմության, կրոնի, մարդաբանության եւ գրականության մասնագետների հրավիրել տարբեր երկրներից, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 23-ի համարը:

Դոկտ., պրոֆ. Վարդան Գրիգորյանը երկար տարիներ «Աղա խան» համալսարանի վարչական կազմի անդամ է եղել եւ իր պաշտոնավարության շրջանում է, որ իշխան Աղա խան IV-ը, որպես առաջին մահմեդական հոգեւոր առաջնորդ, ելույթ է ունեցել ամերիկյան գլխավոր ուսումնական կաճառներից մեկը ճանաչված Բրաուն համալսարանում: Ներկայումս Վարդան Գրիգորյանը Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի պրեզիդենտն է:

«Հուզված եմ եւ երախտապարտՙ իմանալով, որ իմ պատվին իշխան Աղա խան IV-ը նման առատաձեռն նվիրատվություն է կատարել Բրաուն համալսարանին: Նրան ամբողջ աշխարհում են ճանաչումՙ որպես համամարդկային արժեքների ջատագովի եւ կրթության ու լուսավորության կողմնակցի: Ողջունում եմ նրա քայլը եւ մի անգամ եւս շնորհակալություն հայտնում», նշել է այդ առթիվ Վարդան Գրիգորյանը:

Շոտլանդիայում 2005-ին կայացած հանդիսությունների ժամանակ Աղա խանին շնորհվել է «Մարդասիրության Կառնեգի շքանշանը», որը տրվում է միայն նրանց, ովքեր, ըստ Էնդրու Կառնեգիի, հարստության կուտակման հետ նաեւ հասարակության առջեւ պատասխանատվություն են զգում եւ փորձում են ամեն գնով աջակցել մարդկանց բարեկեցությանը: Աղա խանի բարեգործական ծրագրերը, ըստ տեղեկատվության, իրագործվել են Ուգանդայում, Քենիայում, Աֆղանստանում, Տաջիկստանում եւ այլ երկրներում: Նա նաեւ «Աղա խան» համալսարանն է հիմնել Պակիստանում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4