«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2010-11-10 | #207, 2010-11-11 | #208, 2010-11-12


ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՌԱՅԴ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՐԹԻՆ ԷԹՄԵՔՋՅԱՆՆ Է

Սիդնեյից նոյեմբերի 9-ին խմբագրությանն ուղղված իր հաղորդագրության մեջ Արթուր Հակոբյանը գրում է, որ նման բարձր պաշտոնի արժանացած առաջին հայորդին «Ժամանակ չունի ըմբոշխնելու իր դափնիները, քանի որ մարտահրավերներն ու անելիքները շատ են»:

Նա երկու տարեկան է եղել, երբ տարիներ առաջ ծնողները Եգիպտոսից տեղափոխվել են Ավստրալիա: Հպարտ քաղաքացին լինելով այդ հյուրընկալ երկրի, նա նույնքան հպարտությամբ հավատարիմ է մնում իր հայկական արմատներին եւ իր ընտրությամբ էլ ավելի ուժեղացնում երկրում հայերի հեղինակությունը: Նա հավատացած է, որ կկարողանա ավստրալահայերին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել ներգրավել երկրի հասարակական կյանքում: «Ես կողմնակից եմ դրական փոփոխությունների: Ղեկավար պաշտոն զբաղեցնողը երբեմն ստիպված է լինում դժվարագույն որոշումներ ընդունել, բայց կարեւոր է, որ սկզբունքային լինի, արդարացի եւ անաչառ», նշել է նա:

Էթմեքջյանի ընտրատարածքում ապրում են, ըստ Հակոբյանի, 6-ից 8 հազար հայեր: Բնակչության մյուս ազգությունները չինացիներն են, կորեացիներն ու վիետնամցիները: Իսկ ընդհանրապես ամբողջ Ավստրալիայում հայերի թիվը հասնում է 40 հազարի, նրանց մեծ մասը այդ երկիր է գաղթել Մերձավոր Արեւելքից եւ երեք չորրորդը բնակություն հաստատել Նյու Սաութ Ուելսում: Նրանք իրենց համար ստեղծել են աշխույժ գործունեություն ծավալելու բոլոր պայմանները:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4